Երկու իրականություն

Երկու իրականություն

Մենք` շարքային քաղաքացիներս, եւ նրանք` իշխանության մեջ գտնվողները, հատկապես երկրի վարչապետը, ապրում ենք տարբեր իրականություններում եւ տարբեր ազդակներ ենք ստանում արտաքին աշխարհից: Մենք մտնում ենք խանութ եւ տեսնում, որ մթերքների գինը նախորդ օրն ավելի ցածր էր, քան այսօր, նրանք խանութ չեն մտնում` գնումներն անում են նրանց թիկնապահ-սպասավորները եւ գներին էլ ուշադրություն չեն դարձնում: Մենք տրանսպորտ ենք նստում եւ տեսնում, որ ուղեւորափոխադրումները Երեւանում հասել են 92-93 թթ. «մակարդակին», նրանք ծառայողական մեքենաներով են երթեւեկում, իսկ վարչապետի համար պարեկներն ազատում են փողոցներն ու անցորդներին պատերով տալիս, որ ոչ մի վայրկյան կորտեժը չկանգնի կարմիր լույսի տակ: Մենք զրուցում ենք մեր հարեւան զինվորականի, առեւտրականի, ուսուցչի, գիտնականի, սպորտսմենի հետ եւ գիտենք, որ նրանք մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, որ նրանց կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չկա, իսկ եթե կա` «ռուսների ջանը սաղ լինի. եկան ու մեզ հանեցին էն ծանր վիճակից»:

Երկրի վարչապետն էլ լսում է, օրինակ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքը, ով վարչապետի մոտ ընդունելության արժանանալու պատվից այնքան է հուզվել, որ չգիտի՝ ինչ բառերով շնորհակալություն հայտնի նրան ընդունելության համար, եւ ասում է. «Պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք… Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել կառավարությանը...որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են»: