Մեկնարկել է միասնական քննությունների 2-րդ փուլը

Մեկնարկել է միասնական քննությունների 2-րդ փուլը

Այսօր միասնական քննությունների 2-րդ փուլի 1-ին օրն է: Եվ արդեն պարզ է, թե որ առարկաներից քանի դիմորդ է քննություն հանձնելու։ Ըստ այդմ․ 2 դիմորդ աշխարհագրություն է հանձնել, 63-ը՝ կենսաբանություն: 

Ինչպես տեղեկացնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը, վաղը նախատեսված են օտար լեզվի քննություններ․ 77 հոգի անգլերեն է հանձնելու, 2-ը՝ ֆրանսերեն եւ 1-ը՝ գերմաներեն: Իսպաներն եւ իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, իսկ պարսկերեն նաեւ առաջին փուլում չեն հանձնել: 

Հուլիսի 6-ին հայոց լեզու եւ հայ գրականություն հանձնելու համար հայտագրվել է 71 դիմորդ, իսկ հուլիսի 7-ին մաթեմատիկա՝ 145-ը: Հուլիսի 8-ին հայոց պատմություն է հանձնելու 23, ֆիզիկա՝ 91 հոգի: Քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ռուսաց լեզվի (17 դիմորդ) եւ քիմիայի (59 դիմորդ) քննությամբ: 

Ընդհանուր առմամբ քննական 6 օրերի ընթացքում 11 առակայից քննություն հանձնողների նախնական թիվը 551 է: 

Ինչ վերաբերում է քննական կենտրոններին, ապա այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաեւ ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում: 

Գնահատականները հրապարակվելու են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական եւ լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած եւ հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: