Պահեք ձեր ես-ը

Պահեք ձեր ես-ը

Ամենավատ բանը, որ կարող է լինել մարդու հետ, սեփական դեմքը կորցնելն է: Երբ մարդն արդեն որպես առանձին միավոր չի ընկալվում, երբ նրա մասին խոսելիս ասում են` այսինչի կինն է, այնինչի օգնականը, Պողոսի ենթական, Պետրոսի ազգականը, Կիրակոսի կուսակիցը: Երբ նման մարդիկ որեւէ միտք ու առաջարկ են անում, ելույթ են ունենում, հարցազրույց են տալիս, գործ են սկսում, աշխատանքի են ընդունվում, անգամ մեկի հետ ամուսնանում են կամ ընկերանում, նրանց բոլոր գործողությունները վերագրվում են այլ անձի` իր հովանավորին: Ոչ ոք այլեւս չի հավատում, որ տվյալ անձն ընդունակ է ինքնուրույն որոշում կայացնելու, քայլ անելու: Ահա` ՀՀԿ-ից մեկը ստատուս է գրել, բոլորը դա ընկալում են որպես Սերժ Սարգսյանի կարծիք:Քոչարյանականների թիմից պատասխան է հնչել` սա էլ Ռոբերտ Քոչարյանի արձագանքն է Սարգսյանի կարծիքին:

ՔՊ-ում այս իմաստով իրավիճակն ավելի ողբերգական է` այստեղից հնչած ցանկացած խոսք, ձեռնարկված ցանկացած քայլ վերագրվում է Նիկոլ Փաշինյանին: Ոչ ոք չի հավատում, որ Արփի Դավոյանն ու Անդրանիկ Քոչարյանը կարող էին ինքնուրույնաբար, առանց «առաջնորդի» հետ համաձայնեցնելու, նրա նախարարի դեմ արշավ սկսել: Եթե անգամ ԱԳ եւ  պաշտպանության նախարարները, ԱԺ նախագահն ընդունակ չեն, գուցե` իրավունք չունեն սեփական կարծիքն ունենալ եւ պարբերաբար թութակի պես կրկնում են փաշինյանական թեզերը, մյուս ուսապարկերն ինչպե՞ս կարող են որեւէ` թեկուզ աննշան, ինքնուրույնություն դրսեւորել: Առհասարակ, համակարգերում գտնվող մարդու` որեւէ կուսակցության կամ կառավարության անդամի, որեւէ հիմնարկի աշխատողի համար շատ բարդ է իր ես-ը պահելը: Համակարգերը ճզմում են մարդուն, նրան դարձնում անձայն մի պտուտակ: Միայն հատուկենտ համարձակներին է հաջողվում պոկվել այդ ճահճից: