Ինչ է սպասվում Ուկրաինային եւ Մերձավոր-Արեւելյան ճգնաժամին՝ Թրամփի երդմնակալությունից հետո 

Ինչ է սպասվում Ուկրաինային եւ Մերձավոր-Արեւելյան ճգնաժամին՝ Թրամփի երդմնակալությունից հետո 

Ինչպես հայտնի է, ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է որքան հնարավոր է արագ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հենց որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք երդմնակալության արարողությունից հետո անցնի նախագահական իր լիազորությունների լիարժեք կատարմանը։ Newsmax-ի հետ զրույցում ԱՄՆ ընտրյալ նախագահ սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել, թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը։ Միայն ասել է, որ կա ձգտում որքան հնարավոր է արագ կազմակերպել այդ հանդիպումն ու կարգավորել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը, քանի որ մարտի դաշտում մարդկային զոհերի թիվը մեծ է։ Անդրադառնալով պատերազմի դադարեցման իր ռազմավարությանը, Թրամփը ասել է, որ կա միայն մեկ ռազմավարություն, որը կախված է Պուտինից։ «Դե միայն մեկ ռազմավարություն կա, որը կախված է Պուտինից, եւ կարծում եմ, որ նա առանձնապես հիացած չէ, թե ինչպես է ամեն բան տեղի ունենում, քանի որ գիտեմ, որ նրա համար էլ ամեն ինչ իր ուզածի պես չի գնում առաջ»,- ասել է ԱՄՆ ընտրյալ նախագահը։

Նա նաեւ հավելել է, որ իրազեկված է, որ Պուտինը ցանկանում է, որ իրենց հանդիպումը կայանա։ Bloomberg-ը մեկնաբանելով Թրամփի այս հայտարարությունը, գրել է, որ վերջինս առանձնապես հետաքրքրված չէ Ուկրաինայի ճակատագրով։ «Տպավորություն է ձեւավորվել, որ նա առանձնապես հետաքրքրված էլ չէ Ուկրաինայի ճակատագրով, կամ չի հասկանում, թե ռազմավարական տեսակետից ռուս-ուկրաինական պատերազմը որքան կարեւոր է ԱՄՆ շահերի համար»,- հայտնել են պարբերականի աղբյուրները։ Միաժամանակ նաեւ պարբերականը նշել է, որ Թրամփը չի հարկադրի Կիեւին վաղաժամ նստել բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվայի հետ։ Թրամփի վարչակազմը գուցե եւ օգնի Կիեւին որոշակի չափով, որպեսզի վերջինս վերադառնա ուժի դիրքերի նախքան բանակցությունները, սակայն թե Թրամփը կոնկրետ ինչպես կվարվի, հայտնի չէ։ Այս ամենի ֆոնին, վերլուծաբանները աչքաթող չեն անում նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե Թրամփի պաշտոնակալումից հետո Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը դեռ կանուխ է։

Անդրադառնալով Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ներկայիս սրացմանը, ԱՄՆ ընտրյալ նախագահը վերոնշյալ հարցազրույցում ասել է, որ Գազայի սեկտորում կրակի դադարեցման եւ պատանդների փոխանակման գործարքը կկնքվի ամենամոտ ժամանակներս։ «Մենք շատ մոտ ենք այն բանին, որ դա տեղի ունենա։ Նրանք պետք է անեն դա։ Եթե չանեն, ապա այնտեղ շատ խնդիրներ կլինեն, որոնք դեռ երբեք չեն տեսել։ Նրանք դա կանեն իհարկե»,- ասել է Թրամփը։  Նաեւ հավելել է, որ իր ընկալմամբ՝ ձեռքսեղմում եղել է եւ հիմա ամեն բան ավարտական փուլում եւ եւ հնարավոր է, որ դա լինի արդեն շաբաթվա վերջում։ Ավելի վաղ՝ լիբանանյան «Ալ-Մայադինը» հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ-ը դրական է գնահատում կրակի դադարեցման ուղղությամբ Իսրայելի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, որին հնարավոր է եղել հասնել Դոհայի բանակցություններում։ Կողմերը ցանկանում են գործարքը կնքել նախքան Թրամփի՝ հունվարի 20-ը տեղի ունենալիք երդմնակալությունը։