Վարակի զոհերն ու մենք

Վարակի զոհերն ու մենք

Կորոնավարակն անզուսպ ընթացքի մեջ է Հայաստանում՝ օրական 400, 500, 700 հիվանդացող, 10-ից ավելի մահ։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր, որ մենք պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսի հետ, հենց սա նկատի ուներ։ Մեզ այլեւս ո՛չ հիվանդների քանակն է վախեցնում, ո՛չ մահերի քանակից ենք հուզվում։ Անգամ դիմակների քարոզչությունն է նահանջել՝ փողոցներում այլեւս ոստիկանական մեքենաներից բարձր հաղորդումներ չեն լսվում։ Ավելին՝ կյանքն այնքան թափով է ընթանում, որ Ազգային ժողովը նոն-ստոպ արտահերթ ու հերթական նիստեր է հրավիրում՝ ուշադրություն չդարձնելով վարակվածների քանակի աճին եւ խախտելով իր իսկ ընդունած օրենքը՝ ինքնամեկուսացման կանոնների եւ կոնտակտավոր անձանց վարքի հետ կապված։ Եվ ոչ ոք այլեւս չի մեղադրում իշխանություններին՝ արտակարգ դրության պայմաններում հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, մարդկանց կուտակումներ հրահրելու եւ վարակը տարածելու համար։

Մինչդեռ եթե մի փոքր պարկեշտ իշխանություն ունենայինք, պատգամավորների շրջանում վարակի տարածման համար ամոթից գետինը կմտներ։ Կգիտակցեր, որ ԲՀԿ-ականների շրջանում վարակի տարածումն էլ է իր ձեռքի գործը․ եթե Ծառուկյանի նկատմամբ այդ չհաստատվող քաղաքական մեղադրանքն առաջ չտանեին, մարդիկ չէին հավաքվի ԱԱԾ-ի ու դատարանի առաջ, եւ վարակը չէր տարածվի։ Ժամանակին էջմիածնեցի մի կնոջ էին էշաֆոտ հանում, թե նա է վարակի տարածման աղբյուրը, հիմա ո՞վ է պատասխան տալու այսքան «աղբյուրներ» առաջացնելու եւ վարակն այսպես տարածելու համար։ 2008 թվականից անցել է 12 տարի, սակայն մեր ժողովուրդը չի մոռանում Մարտի 1-ի 10 զոհերին եւ հաշիվ է պահանջում օրվա իշխանություններից ու անձամբ՝ Ռոբերտ Քոչարյանից, իսկ ո՞վ է պատասխան տալու 2020 թվականի հարյուրավոր զոհերի համար։