Գրքի փառատոնին կմասնակցեն 37 հրատարակչություն եւ գրախանութ

Գրքի փառատոնին կմասնակցեն 37 հրատարակչություն եւ գրախանութ

Գրքի երեւանյան երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-24-ը, որի շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:

Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում անցկացվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ, ընդ որում 43-ը՝ «Պոեզիա», 34-ը՝ «Արձակ», 10-ը՝ «Դրամատուրգիա» անվանակարգերում։ Փառատոնի ընթացքում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցեն 37 հրատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչեւ 40 տոկոս զեղչով։

Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը եւ «Երեւան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղեւորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» եւ այլ գրքեր:

Կանցկացվեն նաեւ քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» եւ այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի եւ պոեզիայի վինիլային երեկո՝ Վահագն Մարտիրոսյանի հետ:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին՝ «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում եւ դահլիճում: Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին։ Նույն օրը համերգով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը: