Էդմոն Մարուքյանը խոսում է ազգային համախմբումից՝ այնպես, ինչպես կոռուպցիոները կխոսեր կոռուպցիայի դեմ պայքարից

Էդմոն Մարուքյանը խոսում է ազգային համախմբումից՝ այնպես, ինչպես կոռուպցիոները կխոսեր կոռուպցիայի դեմ պայքարից

«Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ իր քարոզչությունը կառուցել է «ազգային համերաշխության» գաղափարի վրա։ Նրա ֆեյսբուքյան էջում, հարցազրույցներում, ԼՀԿ անդամների եւ պատգամավորության թեկնածուների հայտարարություններում կարմիր թելի նման անցնում է այդ միտքը՝ «ազգային համերաշխությունն այլընտրանք չունի»։ Վերջին 10-15 օրվա ընթացքում ինքը՝ Էդմոն Մարուքյանը տարբեր կոնտեքստներում կրկնել է այն։
«Ես թշնամիներ չունեմ Քոչարյանի ու Փաշինյանի թիմերում, ես նրանց կհամախմբեմ»։
«Համախմբվելուն այլընտրանք չկա»։

«Ընտրությունները ներքաղաքական համերաշխություն բերելու հնարավորություն են, և ժողովուրդն իր ընտրությամբ պետք է օգտագործի այդ շանսը»։
«Մենք, ստանալով ձեր քվեն, ձևավորելու ենք ազգային համաձայնության կառավարություն»։
«Լուսավոր Հայաստանի բոլոր քայլերը միտված են ներքաղաքական համերաշխության հաստատմանը»։
«Մեր ցանկությունն այն է, որ լինի համերաշխություն։

Մենք այլևս հնարավորություն չունենք, բաժան-բաժան պառակտված ապրել մեր երկրում: Այն իրավիճակում, որ ադրբեջանական զորքը մտել է Հայաստանի տարածք, զոհ ունենք, գերիներ ունենք...

Մենք ակնկալում ենք ՀՀ ժողովրդի աջակցությունը և քվեն, որը կբերի Հայաստանին համերաշխություն»։

«Մենք ուզում ենք ներքաղաքական համերաշխություն, որը բանալին է մեր բոլոր խնդիրների լուծման. չունեցանք դա արտաքին ճակատում չենք կարող հաջողել»։
«Առանց համերաշխության առաջ գնալն անհնարին է, մենք ամեն ինչ անելու ենք, որ համերաշխություն բերենք մեր երկիր»։

«Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք»։

Իսկ այսօրվա ասուլիսում Մարուքյանն անգամ զարմանք է արտահայտել․ «Ես ուղղակի զարմանում եմ, լավ, եթե համերաշխությունը մերժվում է, (և ընդ որում ձեզ ասեմ, որ մերժվում է նաև մյուս բևեռի կողմից), դրա այլընտրանքը ո՞րն է», ասել է նա։

Հիմա մեր հերթն է զարմանք հայտնելու։ Համերաշխությունից խոսող Էդմոն Մարուքյանը գիտակից մարդկանց հետ համերաշխ չէր՝ երբ գործող իշխանությունը Սահմանադրություն է փոխում՝ Սահմանադրական դատարանի կազմից ազատվելու համար։ Համերաշխ չէր՝ երբ պատերազմից հետո վրդովված մարդիկ դուրս էին եկել փողոց եւ պահանջում էին կապիտուլացիա կնքած եւ հողերը հանձնած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Համերաշխ չէր՝ երբ քաղաքական ուժերը համախմբվել էին եւ օրեր շարունակ փողոցներում ու հրապարակներում պայքարում էին, որ պարտված իշխանությունը հեռանա։ Համերաշխ չէր՝ երբ քաղաքական 17 ուժեր կոնսենսուսի եկան եւ առաջարկեցին ժամանակավոր կառավարություն ձեւավորել՝ ժամանակավոր վարչապետի գլխավորությամբ, որպեսզի մեկ տարի անց գնան ընտրությունների եւ խաղաղ պայմաններում նոր ընտրություններ անցկացվեն։ 

Անգամ այդքան քարկոծված եւ իշխանությունների հետ համագործակցության հակված ԲՀԿ-ն իրեն ավելի ճիշտ պահեց պատերազմից հետո եւ հստակ դիրքորոշում արտահայտեց՝ իր համերաշխությունը հայտնելով հանրության գիտակից հատվածի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տարբեր ինստիտուտների ու անձանց հետ։ Եւ միայն Էդմոն Մարուքյանն էր, որ կրկին ընտրեց երրորդ ճանապարհը՝ տապալելով խորհրդարանական ընդդիմության միավորումը եւ հանրային պահանջի հետ համերաշխության գնալու հնարավորությունը։
Հիմա Էդմոն Մարուքյանը խոսում է համերաշխությունից, ազգային համախմբումից՝ այնպես, ինչպես գողը կխոսեր գողության անթույլատրելիությունից, կոռուպցիոները՝ կոռուպցիայի դեմ պայքարելուց, հայհոյախոսը՝ կիրթ արտահայտվելուց։