Մոր կաթից են ստանում հողի համը․․․

Վերջերս շատ ենք խորհում, զարմանում, որ հայեր կան, որոնք անտարբերությամբ են վերաբերվում սեփական հողին։ Զարմանում ենք, որ հայը կարող էր Նիկոլ ունենալ, հայը կարող էր չսիրել իր հողը։ Չգիտեմ նույնիսկ՝ Նիկոլը սեփական տուն, հող ունենալու զգացողություն ունեցե՞լ է։ Ինչու՞ չէ, կարելի է ունենալ տուն ու չզգալ, որ այն քոնն է, ունենալ հող ու չունենալ զգացողություն, որ այն քոնն է։
Համո Սահյանը քանի որ Սյունիքից էր, եղել է, երբեմն հանդիպել, զրուցել ենք։ Ասում էր, որտեղ էլ գնում, իրենց հորթն է տեսնում, իրենց գյուղի լանջը ու հորթը։ Ինքը պարտական է իրենց հորթին, որ խոհեր է տվել ու իրեն բանաստեղծ դարձրել։ Ծովափին կանգնում ու ծովի մեջ մեր գյուղի հորթին էի տեսնում, նավերը լողում էին, էլի մեր հորթին էի տեսնում։ Տեսնում էի, որ աչքից բխած առվի ակունքին մի ճանճ է իջել ու չի հեռանում: Այդ արցունքը հավանաբար բանաստեղծի աչքի ակունքինն էր, որ գլորվում էր, երբ իրենց ձորալանջն էր հիշում։
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Սահյանն ասում էր․ « Առանց հողի, հայրենիքի զգացողություն չես կարող ունենալ: Հայրենասիրության այբուբենը հայրենի հողի վրա տուն շինելը և էդ տան մեջ ապրելն է: Ինչ ուզում ես արա, տուն և էդ տանն ապրող մարդ: Ուրիշ կերպ հայրենիք չի լինում» : Նա շատ կարևոր էր համարում, որ մանկուց երեխային ասեին ամեն րոպե՝ այս հողը քոնն է դու՛ ես տերը։ Նման բան ասե՞լ են Նիկոլին։
Եկել է մեկը ու ասում է, որ այս հողը մերը չէ։ Օտարները նույնիսկ խոսում էին մեր հողից։ Հռոմեացի պատմաբան Մարկ Յունիան Յուստին գրում է․
«Աններելի կլիներ չխոսել նման պետության մասին, որի սահմանները Պարթևստանից հետո ամենածավալունն են եղել բոլոր թագավորություններից, երբ Հայաստանը ձգվում էր Կապադովկիայից մինչև Կասպից ծով»։
Իսկ դու, Հայաստանի ղեկավար, ասում ես, որ տունը մերը չէ, հողը մերը չէ, երկիրը մերը չէ։ Մեզ դուրս ես հանում մեր դարավոր տնից։ Ո՞վ ես դու, ի՞նչ հողի ծնունդ ես, որտեղի՞ց ես հայտնվել, մարդ չի հասկանում։ Մոր կաթ կերե՞լ ես, որ կաթից ստանայիր հողի համը։ Մոր կաթից են ստանում հողի սերը․․․
Հողի զգացողություն ունե՞ս։
Կարծիքներ