Լևոն ջան, տխրեցնում ես

Լևոն ջան, տխրեցնում ես

Երբ պարզ դարձավ, որ Airthings Masters-ը Champions Chess Tour շախմատի օնլայն մրցաշարում Լևոն Արոնյանը հասել է եզրափակիչ, ինձ (վստահ եմ՝ նաև հարյուր հազարավոր այլ երկրպագուների) առանձնապես ոգևորել էր այն հանգամանքը, որ շախմատի մեր առաջատարը հաղթողի կոչումը վիճարկելու է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ։ Լևոնի հաղթանակը մղձավանջի պես չավարտվող մեր պարտությունների համատեքստում կարող էր յուրատեսակ ռևանշ ընկալվել։ Ռևանշ մի ոլորտում, որտեղ հայերս մեր գերազանցությունը, հատկապես թուրք-ազերիների հանդեպ, միշտ ենք ընդգծել։

Բայց Լևոնը պարտվեց։ Ռևանշը չկայացավ։

Շախմատը, ի վերջո, սպորտ է, և ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ մեր գրոսմայստերն ինչ-որ մրցաշարում պարտվել է։ Անշուշտ, դա ազգային ողբերգություն չէ։ Սակայն հիասթափեցուցիչ է Լևոնի «արձագանքը» իր իսկ պարտությանը։ Ֆեյսբուքի իր էջում, հրապարակելով լուսանկար շնիկի հետ, նա գրում է․ «Լավ մրցավազք էր, Պոնչիկ: Հաջորդ անգամ մենք կհաղթենք, ես խոստանում եմ: Շնորհակալ եմ աջակցության համար»։

Լևոն ջան, հայցելով ներողամտությունդ՝ ասեմ, որ հայի իմ ընկալմամբ՝ դա ամենևին էլ «լավ մրցավազք» չէր, մանավանդ որ դու զիջեցիր ամենավերջում, և զիջեցիր ո՞ւմ՝ ադրբեջանցուն։ Քո ուրախ լավատեսությունը թերևս կարող է ներդաշնակվել այսօրվա իշխանությունների հետպատերազմական տրամադրություններին, սակայն մերժվում է հայի իմ հպարտության և ինքնասիրության կողմից։

Գրում ես, որ «հաջորդ անգամ մենք կհաղթենք»։ Իհարկե, ես դրան հավատում եմ՝ անվերապահորեն։ Բայց չեմ կարծում, թե «հաջորդ անգամը» լինելու է նույնքան նշանակալից և խորհրդանշական, որքան հիմա էր։ Ավելին՝ հաջորդ անգամվա հոգեբանական գինը հազիվ թե լինի այնքան մեծ, որքան հիմա էր։ Որովհետև հաջորդ անգամ հազիվ թե քո մրցակիցը դարձյալ լինի ադրբեջանցի։

Չնեղանաս, եղբայր, բայց ֆեյսբուքյան քո գրառումն ինձ տխրեցնում է։