Երեք աղբի ֆենոմենը

Երեք աղբի ֆենոմենը

 Հայաստանը խեղդվում է  երեք տեսակի աղբի մեջ.
    1. Կենցաղային աղբ
    2. Դատաիրավական աղբ
    3. Մարդկային  ռեսուրսային աղբ

Դրանք առաջին հայացքից տարբեր հասկացություններ են, տարբեր խնդիրներ, բայց իրականում նույն շղթայի օղակներն են։

Կենցաղային կամ կարգին աղբ

Սրա առաջին նշանակութունը, իհարկե, Երևանը միջնադարյան գյուղաքաղ հիշեցնող վիճակն է։ Մայթերին թափված տոննաներով աղբ, առնետներ, թափառող շների խմբեր, համաճարակների վտանգ։ Այս առումով, ուղիղ մեկ տարում հետ ընկանք ուղիղ 25  տարով՝ 90-ականների Երևան։
Բայց այս հարցն ունի այլ ավելի խորքային ենթատեքստ. կառավարման ձախողում։ Հայկ Մարությանը մոտ 80 տոկոս ձայն է ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանի կոչով. դուք ձայն եք տալիս հեղափոխոթյանը։ Հայկ Մարությանը դերասան Կարգին Հայկոն չէ, նա վարչապետ Փաշինյանի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որը տապալել է գործը։ Մեծ հաշվով, Երևանի Կարգին աղբը այսօրվա պետական համակարգի կազմալուծման սիմվոլն է։ Այդպես է ողջ պետական համակարգում։ Եթե կենցաղային աղբը փողոցում է  ու մարդիկ սեփական աչքերում ամեն  րոպես դա տեսնում են, ապա պետական համակարգի աղբային վիճակը երևալու է շատ ավելի ցավոտ ու շատ ավելի վտանգավոր կողմերով։ 

Դատաիրավական աղբ

Պետք էր պետության մասին ունենալ բացառիկ գավառական պատկեարցումներ, որպեսզի միլիոնավոր մարդկանց փոփոխության և զարգացման պահանջն ու հույսը փոխարինել հորինված քրեական գործերով, և առաջընթաց պահանջող հասարակությանը մատուցել դատաիրավական աղբ։ 
Մարդիկ ուզում էին բարեկեցիկ կյանք՝ մատուցվեց մարտի 1-ի գործի իրավական աղբը, մարդիկ ուզում էին սոցիալական արդարություն՝ մատուցվեց  ՀՔԾ և դատախազության իրավական աղբը, մարդիկ ուզում էին հեռանկար, մատուցվեցին՝ անհեռանկար քրեական գործեր, ցուցադրական ձերբակալություններ և սպառնալիք բանտերով։  Դատաիրավական բարեփոխումների փոխարեն որոշվեց գնալ դատաիրավական աղբակույտի ճանապարհով։

Մարդկային ռեսուրսի աղբ

Նոր փուլը, նոր գաղափարները, նոր հույսերն ու սպասումները ենթադրում են նոր մարդիկ, նոր մտածողության կրող գործիչներ։ Նրանք կարող էին լինել անփորձ և դա ողբերգություն չէր լինի։ Բայց նրանք չպետք է լինեին նեխած՝ դեռևս 90-ականներից։ Փաշինյանը վերակենդանացրեց մի ողջ խումբ  քաղաքական «եղբայրական գերեզման»՝ հանուն մեկ նպատակի՝ ընդդեմ Քոչարյանի։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ Փաշինյանն ամենևին նոր հայացքների, նոր առաջընթացի, նոր տեսլականի կրողը չէ։ Նա հենց ինքը հին վրեժի, հին մաղձի, հին մթնոլորտի գերին է։

Հազարավոր լուսավոր ու ազատամիտ ուսանողներն ու երիտասարդները, ովքեր լցվելով փողոցներ 2018-ին բարձրացրեցին փոփոխությունների և թարմության դրոշը, չէին կարող անգամ պատկերացնել, որ իրենց առաջնորդը լրիվ այլ մշակույթի և պատկերացումների կրողն է, և նրա քաղաքական աշխարհայացքում 21-րդ դարը դեռ չի ձևակերպված։

Հետևություն

Կենցաղային աղբը, դատաիրավական աղբը և մարդկային ռեսուրսային աղբը առանձին-առանձին չեն կարող լուծվել։ Դրանք մեկ փաթեթի բաղադրիչներ են։ Դրանք առանձին-առանձին կարող են աղտոտել երկիրը, հասցնել մեծ վնասներ, բայց նրանց դեմ մասնավոր լուծումներ չկան։  Կա մեկ լուծում՝ փաթեթային։  

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»