Ռուս մեքենավարները Հայաստանում են փորձի փոխանակման նպատակով. պարզաբանում է ՀԿԵ -ն

Ռուս մեքենավարները Հայաստանում են փորձի փոխանակման նպատակով. պարզաբանում է ՀԿԵ -ն

Երեկ մենք գրել էինք, որ «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը: Բանն այն է,որ Ռուսաստանի դաշնությունից 2 բրիգադ աշխատակից է գործուղվել Հայաստան, ովքեր այսօրվանից դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին։

ՀԿԵ-ն այսօր պարզաբանում է արել մեր գրածի վերաբերյալ․

« ՀԿԵ և ՌԵ լոկոմոտիվային բրիգադների փորձի փոխանակման վերաբերյալ

Առկա պայմանավորվածությունների համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում: Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը:

Իսկ նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները՝ փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են Ռուսական երկաթուղիների ձեռնարկություններ: Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները:

Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկման ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը:

Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում: Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի: