Նույնիսկ մեծ վեճերի ժամանակ պետք է հանդուրժող լինել․ Արա Բաբլոյան

Նույնիսկ մեծ վեճերի ժամանակ պետք է հանդուրժող լինել․ Արա Բաբլոյան
Արա Բաբլոյան, Արսեն Թորոսյան, նախարար, «Արաբկիր» բժշկական կենտրոն

Երեկվանից համացանցը հեղեղված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ քննարկումներով և քննադատություններով։ Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի՝ Արսեն Թորոսյանին դատապարտողների և նրա հրաժարականը պահանջողների, և Թորոսյանին իրենց «սրտի նախարարը» համարողների։

Արսեն Թորոսյանի աշխատանքի վերաբերյալ Hraparak.am-ը փորձեց մասնագիտական մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար և ներկայում «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանից։ Նրա խոսքով՝ Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, լավ է պատկերացնում իր անելիքները, բայց մի խնդիր ունի՝ պետք է դիվանագիտորեն մոտենա խնդիրներին։

«Ես բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ, որ նախ ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը, լինելով հանրային առողջության մասնագետ, լավ պատկերացնում է իր անելիքները։ Բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերջերս վեճեր են առաջացել՝ կապված նոր պետպատվերի ընդլայնումների հետ, ես կարող եմ, որպեսզի չմտնեմ ուրիշ դաշտ, ուղղակի մանկության առումով նկարագրել իրավիճակը։ Դուք գիտեք, որ հիմա երեխաների բուժումը՝ մինչև 18 տարեկան, դարձավ անվճար։ Մի կողմից դա, իհարկե, շատ դրական երևույթ է, որովհետև մենք տարիներ շարունակ քայլ առ քայլ գնում էինք, որ պետք է դրան հասնեինք, և վերջապես կառավարությունն այդ որոշումն ընդունեց։ Մյուս կողմից էլ, իհարկե, այն որոշակի տարակարծությունները, որ կային հիվանդանոցային աշխատողների, այդ թվում և ինձ մոտ, որ գուցե ավելի ճիշտ էր եղած ծառայությունների գները վերանայվեր, հետո այդ քայլին գնալ, բայց միևնույն ժամանակ հայտնի էր, որ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, երբ տարվա կեսից նախարարին, փաստորեն, տրվեց հնարավորություն 20 միլիարդի հավելյալ ծրագիր ներդնել։ Եւ պարզ է, որ նախարարը պետք է կարողանար որոշել առաջնահերթությունները, որտեղ ներդնել այդ ռեսուրսը»-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը։ 

Նրա խոսքով՝ Թորոսյանն այսօր գնում է զուգահեռաբար երկու գործընթաց իրականացնելու ճանապարհով․ «Մի կողմից անվճար բժշկության հնարավորություն տալով՝ ինքը կարողանում է ուսումնասիրել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, թե ինչքան դիմողների թիվ է ավելանում, որպեսզի ճիշտ պատկերացնի ծավալը, մյուս կողմից՝ այդ ծավալը ճիշտ պատկերացնելով, արդեն, այդ զուգահեռ հաշվարկած գները կիմանա ինչպես ներդնել այդ ծավալի մեջ։ Սա պրոցես է, որը դինամիկայում պետք է աշխատվի, և չի կարող կարճ ժամանակահատվածում մի բան որոշվի, իրականացվի»։

-Այդ դեպքում ինչո՞ւ են քննադատում նախարարին, եթե այդքան դրական հանգամանքներ կան նրա աշխատանքում։

-Ես միշտ նախարարին ասել եմ, հիմա էլ կարող եմ կրկնել․ անկախ նրանից, որ դու ճիշտ ես, միևնույն է, ինչ-որ տեղ պետք է քաղաքականությունը, կազմակերպման պրոցեսները իրականացնել՝ մի քիչ վարելով ներքին դիվանագիտություն։ Պետք է աշխատել թե՛ բժշկական հաստատությունների հետ, թե՛ հասարակության և նույնիսկ քո ընդդիմախոսների հետ։ Պետք է կարողանաս ճիշտ ձևով ներկայացնել ամեն ինչ և քայլ առ քայլ գնալ առաջ։ Երբ դու գիտես, որ դու ճիշտ ես, դա չի նշանակում, որ բոլորը ակրող են քեզ ճիշտ հասկանալ, որ դու ճիշտ ես։ Ամեն մի կողմն իր շահերն ու հետաքրքրություններն ունի, և այդ ճիշտ լինելը շատ հարաբերական է, մինչև որ ինքն իր արդյունքները չի տվել։ Բայց Արսեն Թորոսյանի մոտ ամենադրականն այն է, որ ինքը հանրային առողջապահական մոտեցումները հստակ պահպանում է։ Իսկ դա ոչ բոլոր առողջապահության կազմակերպիչների մոտ է արտահայտված լինում։ Մնացածը, գուցե մարդկային հարաբերությունների մեջ մի քիչ ավելի ուղիղ է նա տանում իր քաղաքականությունը՝ առանց որևիցե զիջումների, որն էլ հաճախ քննադատություների առիթ կարող է տալ։

-Իսկ երեկվա միջադեպն ինչպե՞ս կգնահատեք, երբ նա ասուլիս էր տալիս, կեսից նրա նախկին խորհրդականը մտավ ասուլիսի սրահ, տապալեց ասուլիսը, նախարարն էլ թողեց հեռացավ։

-Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ հանդուրժողականությունը միշտ պետք է տեղի ունենա և նույնիսկ ամենամեծ վեճերի ժամանակ կողմերը պետք է հանդուրժող լինեն։ Դրա համար չպետք է էմոցիաներին տրվել, պետք է ամեն ինչ քննարկումների արդյունքում լուծել։