Ինչո՞ւ է արժեւորվել դրամը, եւ ինչպե՞ս կազդի դա տնտեսության վրա

Ինչո՞ւ է արժեւորվել դրամը, եւ ինչպե՞ս կազդի դա տնտեսության վրա

Վերջին օրերին Հայաստանում դոլարի կուրսի անկում եւ դրամի արժեւորում է նկատվում։ Դոլարի կուրսն ընկել է 10-12 դրամով՝ դառնալով 475-477 դրամ։ Տնտեսագետ, ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը կարծում է, որ դրամի արժեւորման պատճառներից մեկը կառավարության կողմից հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն է։ «Այսինքն՝ կառավարությունը չի կարողանում բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերն իրականացնել ժամանակացույցին համաձայն։ Դրա հետեւանքով տնտեսության մեջ դրամի պակաս է զգացվում՝ հարկերի, մուտքերի ձեւով պետությունը հավաքում է այդ գումարը, բայց իր ծրագրերի միջոցով բաց չի թողնում տնտեսության մեջ։ Սրա հետեւանքով վերջին ամիսներին պետական բյուջեն պրոֆիցիտով է փակում»,-կարծում է Սուրեն Պարսյանը՝ ողջունելի համարելով, սակայն, կապիտալի փոխարեն ընթացիկ ծախսերի ավելացումը՝ աշխատավարձեր, թոշակներ։ Բայց այս ծախսերն ավելացնելու համար, ըստ տնտեսագետի, պետական ռեսուրսների կառավարման մեծ ջանքեր հարկավոր չեն։
Մինչդեռ Կենտրոնական բանկից լրիվ այլ կարծիքի են ու կարծում են, որ դրամի արժեւորման երեւույթը շատ պարզ է ու տրամաբանական։

ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը մեզ նախ հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը լողացող կուրսի քաղաքականություն է վարում, որը ենթադրում է, որ շուկան ինքն է որոշում արտարժույթի գինը, եւ ինքնակարգավորվող է շուկան։
«Արտարժույթի գինն այս սեզոնին սովորաբար որոշվում է նաեւ այն հոսքերով, որը դիտվում է հանրապետությունում։ Բոլորի համար ակնհայտ է, որ հիմա տուրիստական սեզոն է, տուրիստների մեծ քանակություն կա ՀՀ-ում, որոնք, բնականաբար, արտարժույթ են մարում՝ իրենց ծախսերը հոգալու համար։ Եվ եթե արտարժույթների դրսեւորած վարքագիծը համեմատենք նախորդ տարիների եւ այս տարվա նույն սեզոնի հետ, կտեսնենք, որ համընկնումները շատ-շատ են, ինչը պայմանավորված է նախեւառաջ սեզոնայնությամբ»,-ասաց Հարություն Կբեյանը։

Սուրեն Պարսյանը, սակայն, ԿԲ-ի այս հիմնավորմանն ի պատասխան՝ արձագանքում է․ «Այստեղ հստակ է նաեւ, որ այդ պրոցեսն ապրիլ ամսից է սկսվել։ Էդ ժամանակ մենք հոսքեր չունեինք, ավելին, ապրիլ ամսին մենք արտահանման էդպիսի մեծ ծավալ չունեինք, որովհետեւ առաջին չորս ամիսների կտրվածքով մենք մոտ 8 տոկոսի արտահանման անկում ունեինք։ Այսինքն՝ հոսքերն էդքան շատ չէին»։
Բայց Պարսյանը ընդունում է, որ հունիս-հուլիս ամիսներին տուրիստական հոսքերի մեծ ներհոսքն ու արտահանման ծավալների աճը նպաստել են երկրում դոլարով արտարժույթի քանակական աճին, դրան նպաստել է նաեւ վերջին ամիսներին Հայաստանից մեծ քանակությամբ ավտոմեքենաների արտահանումը։ Այս ամենի արդյունքում երկրում ավելացել են արտարժույթի հոսքերը։

Ի վերջո, սա ինչպե՞ս կազդի տնտեսության վրա, կարո՞ղ է որեւէ բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Պարսյանը կարծում է, որ դրամի արժեւորումից նախեւառաջ տուժում են արտահանողները, քանի որ արտահանվող ապրանքների գներն արտահանման շուկաներում բարձրանալու են այլ հավասար պայմանների դեպքում։ «Օրինակ՝ 1 շիշ գինին, որը, ենթադրենք, 3 դոլար արժեր, հիմա նվազագույնը 10 ցենտով ավելանալու է։ Այսինքն՝ մեր արտահանողները կորցնում են իրենց մրցունակությունն այլ գինիների նկատմամբ»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Երկրորդը․ կարծում է, որ դոլարի կուրսի անկման եւ դրամի արժեւորման հետեւանքով խնդիր կարող է առաջանալ նաեւ ներդրումների մասով։

ԿԲ մամուլի խոսնակը, սակայն, զարմանում է, թե ինչու պետք է բացասաբար ազդի դրամ-դոլար այս տատանումը տնտեսության վրա․ «Եթե մեր տնտեսագետները դեմ են նրան, որ մարդիկ գան Հայաստանում արտարժույթը փոխեն հայկական դրամի եւ էստեղ փող ծախսեն, ես չեմ հասկանում՝ ինչ վնասի մասին է խոսքը։ Էլի եմ կրկնում՝ արտարժույթի շուկան ինքնակարգավորվում է, եւ ԿԲ-ն որդեգրել է լողացող կուրսի քաղաքականություն»։
Կոնկրետ ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուի գնահատականներին ի պատասխան՝ Հարություն Կբեյանն ասաց․ «Ես չեմ ցանկանում մեկնաբանել որեւէ մասնագետի խոսք, հատկապես, որ այդ խոսքը կարող է ունենալ քաղաքական երանգներ, Կենտրոնական բանկն ապաքաղաքական կառույց է, հետեւաբար, քաղաքական որոշակի հայտարարությունների եւ քաղաքականության վրա հիմնված վերլուծությունների երբեք չի պատասխանում»։