Այս կառավարությունը ձգտում է քրեականացնել հնարավոր ամեն ինչ

Այս կառավարությունը ձգտում է քրեականացնել հնարավոր ամեն ինչ
Երվանդ Վարոսյան, Սամվել Մարտիրոսյան

Կառավարությունը մշակել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժելու նախագիծ․ հունիսի 6-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությանը հանձնարարել էր քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Արդարադատության նախարարությունն էլ կատարել է հանձնարարությունը եւ օրերս նախագիծն ուղարկել է e-draft: Փոփոխությունները եւ լրացումները Քրեական օրենսգրքում են․ առաջարկվում է «պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար»։

Կից ներկայացված օրենքի հիմնավորումներում էլ նշվում է, որ  նախագիծը մշակելիս հաշվի են առել թե՛ Հայաստանում ատելության խոսքի տարածումը, թե՛ այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաեւ  անհանդուրժողականության, խտրականության եւ բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը։ Կան նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականներ։ Կառույցներն ու դրանց դիրեկտիվներին հղումներն ամենատարբեր են՝ Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշում, որն ասում է, որ  անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելու դեպքերում, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության։ Եվրոպական հանձնաժողով, որը խրախուսում է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար։ Էլի մատնանշումներ՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտե, Եվրոպայի խորհուրդ ու «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարական։  

Որ Հայաստանում կա նման խնդիր 2018-ի մայիսից հետո, եւ ինչու ոչ՝ նաեւ առաջ, ակնհայտ է։ Հերիք է, որ «կոնտր» ճամբարներից որեւէ մեկը «լայվ» մտնի, մի քիչ աղմկոտ հայտարարություն անի, եւ կլինի թե՛ ատելության խոսք, թե՛ հայհոյանք, թե՛ «համար գրելու» ու քաղաքում իրար «տեսնելու» առաջարկ։ Մյուս կողմից, հայաստանյան գերքաղաքականացված հասարակությունը, ելնելով իր դառը փորձից, որեւէ նախագծի հենց այնպես չի մոտենում, նայում է տողատակերը եւ անմիջապես հայտնաբերում վտանգները՝ ինքնուրույն կամ տարբեր փորձագետների մեկնաբանությամբ։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, օրինակ, այս օրենքի նախագծի հետ կապված ասաց․ «Խոսքի հետ կապված ցանկացած արարքի քրեականացման փորձ շատ խնդրահարույց է։ Այդ առումով պետք է խիստ զգույշ լինել, որովհետեւ մեկնաբանման լայն տեղ է մնալու․ ի՞նչ ասել է բռնություն, արդյոք էդ բռնությունը ռեա՞լ էր, արդյոք էդ կոչը պարունակո՞ւմ էր բռնություն եւ այլն»։

Վարոսյանը տպավորություն ունի, որ գործող իշխանությունը փորձում է յուրաքանչյուր հարց լուծել՝ քրեականացնելով։ «Քրեականացնելը վերջին հնարավորությունն է, որից պետությունը պիտի օգտվի։ Դաստիարակի՝ նախ։ Իսկ մինչ այդ պետությունն ի՞նչ է արել, օրինակ, այդ բռնության կոչերը կանխելու համար։ Թող մի հատ իրենց հաշիվ տան, մտածեն, որ իրենք նպաստո՞ւմ են բռնության կոչերի ավելացմանը, թե՞ հակառակը։ Կամ՝ իրենք իրենց խոսքով արդյոք նպաստե՞լ են, որ դա մոդայիկ չդառնա»,- հարցնում է փաստաբանն ու ավելացնում․ «Առաջին հերթին դրան պետք է ուշադրություն դարձնել, հետո նոր մտածել՝ սա պե՞տք է քրեականացնել, թե՞ ոչ։ Արդյոք իրենք դա արե՞լ են։ Իրենց գրառումներով։ Օրինակ, մեկը գրել էր՝ խնչած ունեմ։ Երբ պաշտոնյան նման բան է գրում ու մնում է անպատիժ, այստեղ մեկնաբանելու տեղ չկա, դա նշանակում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն հենց պետությունն է»։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն էլ էր քաղաքական օպոնենտների մասին ասում, որ վնգստում են սրա-նրա պատերի տակ։

Երվանդ Վարոսյանը վստահ է, որ վաղը ինչ ասես կարող են ներկայացնել որպես բռնության կոչ։ Բայց կա նաեւ մի բան․ արդյոք նախագծի հեղինակներն ուսումնասիրե՞լ են, թե ինչ վիճակում են գտնվում նախաքննական մարմինները, արդյոք այս քրեականացմամբ դրանք արդեն ուղղակի կոլապսի չե՞ն ենթարկվի։ «Էն պարագայում, որ քննիչների վարույթում 80 քրեական գործ կա։ Ամեն մի։ Հաշվարկե՞լ են՝ էդ քննիչները կարողանալո՞ւ են գտնել էդ կոչերը, թե՞ այդ հիմնարկները վերջնականապես փակվելու են»,-ասաց փաստաբանը։

Հարցը, թե Հայաստանում կա՞ նման օրենքի անհրաժեշտություն, ուղղեցինք նաեւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին։ Ըստ նրա՝ եթե անգամ չքրեականացվի էլ, Ֆեյսբուքի մեկնաբանությունների ու գրառումների առնվազն 30 տոկոսը «քրեականի տակ արդեն կարող են գնալ»՝ առանց օրենքի փոփոխության։ Նկատի ունի այն, որ հայաստանյան օրենսդրությունն առանց այդ էլ նախատեսում է քրեական պատասխանատվություն ռասայական խտրականության, բռնության եւ այլնի հետ կապված։ Օրինակ, ըստ մեդիափորձագետի՝ «թուրք» «ռուս», «ուզբեկ» եւ այլ բազմաթիվ բառեր հանգիստ անցնում են ռասիզմի տակ։ «Օրինակ՝ ասում են՝ արա, հո դու ուզբեկ չե՞ս։ Մեր մոտ նորմալ է նման բաներ գրելը, կյանքի նորմա է»։ Ինչ վերաբերում է հարցին, թե, այնուամենայնիվ, սա ենթակա՞ է կանոնակարգման, փորձագետն ասում է՝ իրականում քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ օրենքներ կան եւ գործում են Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մոլդովայում եւ այլ երկրներում։ Բայցեւ Սամվել Մարտիրոսյանն էլ չի բացառում, որ օրենքը կարող է նաեւ որպես սելեկտիվ ռեպրեսիվ գործիք կիրառվել մեր երկրում։