«Հազարափեշակ» վարչապետն ու կառավարության «ավելորդ» կադրերը

«Հազարափեշակ» վարչապետն ու կառավարության «ավելորդ» կադրերը

Մարդիկ անշնորհակալ են` վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են անգործության մեջ, թե ամբողջ օրը սելֆի անելով, ուտել-խմելով ման է գալիս, պոպուլիստական ելույթներ ունենում ու ոչինչ չի անում: Մինչդեռ, մարդը հո լավ օրից չէ՞ ամբողջ օրը Ֆեյսբուքում չարչարվում: Չէ որ նրա նպատակն է՝ հպարտ Պողոսին առաջինն իրազեկել, թե ինչ է անում ինքը, երկրում ինչ դրական տեղաշարժ կա, ինքն ու Աննան որ համերգասրահում ինչ համերգ են ունկնդրում, այդ օրն ինչ են կերել-խմել, կիրակին ոնց են անցկացրել եւ այլն: Բա ժողովրդի վարչապետը հո մեզանից թաքուն չի՞ անելու դրանք: Էլ չենք խոսում այն մասին, որ ամբողջ պետության գործերը վարչապետն անձամբ է անում: Թվարկենք այն, ինչ վարչապետն անում է ուրիշների փոխարեն՝ անշահախնդիր, իսկ աշխատավարձն ստանում են ուրիշները։

Վարչապետ աշխատելուց զատ, երկրորդ կարեւոր գործառույթը, որը կատարում է Նիկոլ Փաշինյանը, վարչապետի մամուլի խոսնակի աշխատանքն է: Թե որն է Վլադիմիր Կարապետյանի դերը, անհասկանալի է: Այն, ինչը վերաբերում է վարչապետին եւ հրապարակման ենթակա է, լրագրողները եւ շարքային քաղաքացիներն իմանում են հենց վարչապետից՝ ֆեյսբուքյան նրա էջին հետեւելով: Վարչապետն անձամբ է առաջինն ամեն ինչի մասին տեղեկացնում: Լրագրողների հարցերին պատասխանելիս մամուլի խոսնակը նրանից ավելի բան չի ասում: Վլադիմիր Կարապետյանի գործը միայն, անհասկանալի ժպիտը դեմքին՝ լրագրողների առաջ սեթեւեթելն է: Բա արժե՞ դրա համար մամուլի խոսնակ պահել: Լրագրողներն էլ, հիմնականում, սպասում են հարմար առիթի եւ իրենց հետաքրքրող հարցերն ուղղում են հենց վարչապետին: Երբ հետեւում ենք կառավարության, վարչապետի պաշտոնական էջին, այնտեղ զետեղված են լուրեր, որոնց մասին քաղաքացիներն ավելի վաղ են իմացել՝ հենց դեպքի վայրից՝ վարչապետի «լայվից»: Էլ ի՞նչ իմաստ ունի վարչապետի պաշտոնական էջում ուշացումով դրանք տեղակայելը: Չէ որ դրա համար էլ են հաստիքներ պահում, աշխատավարձ վճարում բյուջեի հաշվին: Այդ էջը կարդացողն այսօր ո՞վ է: Մի խոսքով, եթե կառավարությունն ուզում է տնտեսել բյուջեի գումարները եւ հաստիքներ է կրճատում, առաջինը պետք է կրճատել վարչապետի խոսնակի եւ լրատվական ծառայության հաստիքները: 

Բայց Փաշինյանը ոչ միայն իր մամուլի խոսնակն է, այլեւ գրեթե բոլոր պետական գերատեսչությունների, նախարարությունների, տարբեր պետական կառույցների: Նա նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակն է: Թեեւ ԱԳՆ-ն ունի բավականին պրոֆեսիոնալ խոսնակ, բայց այստեղ էլ Փաշինյանն առաջ է ընկնում եւ «լայվով» դեպքի վայրից ինֆորմացիա տալիս, ասենք՝ Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում փաստաթղթերի ստորագրման մասին: Նա նաեւ ԱԳՆ լրատվական ծառայության ֆոտոլրագրողից ու օպերատորից է առաջ ընկնում ու տեղում լուսանկարում պաշտոնական ստորագրություններն ու տարածում: Փաշինյանը նաեւ Կենտրոնական բանկի լրատվական ծառայության փոխարեն է աշխատում. պարբերաբար ինֆորմացիա է տալիս, տեղեկացնում, ասենք, արտարժույթի շարժի մասին. «Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի:

Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար…»:

Փաշինյանը նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվականի գործն է անում. «…Այս տարի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%, արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առեւտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով»: Ու եզրահանգում է. «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»:

Վարչապետը նաեւ երկրի թիվ մեկ վիճակագիրն է, ով լավ գիտի, թե հեղափոխությունից հետո ինչ լավ տեղաշարժեր են կատարվել ներգաղթի, ծնելիության, արտագաղթի նվազման հարցերում: Հանրապետության թիվ մեկ «ԶԱԳՍ»-ի՝ արդարադատության նախարարության ՔԱԿԳ վարիչն է, ով գիտի եւ անձամբ է ավետում, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազել է, ամուսնությունների թիվը՝ ավելացել: Դե, բնական է, որ թավշյա «հեղափոխությունից» հետո մարդիկ ընտանիքներում էլ են սկսել սիրել ու հանդուրժել միմյանց: Իսկ եթե սրան հավելենք, թե «հեղափոխությունից» 9 ամիս անց որքան է աճել ծնելիությունը, ապա կարելի է պատկերացնել, թե ամուսինները բուն «հեղափոխության» օրերին ինչ արդյունավետ են իրար սիրել… «Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18 հազար 493 կամ 235-ով ավելի»,- աչքալուսանք է տալիս վարչապետը:

Նա նաեւ ՊԵԿ-ի, մշակույթի եւ շատ այլ նախարարությունների մամուլի խոսնակի դերն է կատարում, նա է տեղեկացնում, թե հանրապետության որ ճանապարհների որ մասը եւ որքան է հիմնանորոգվել, որ մշակութային օջախում ինչ բարեկարգման աշխատանքներ են կատարվում կամ կատարվելու, որքան ՀԴՄ կտրոն է ավել տպվել, հարկերն ու մուտքերը որքանով են ավելացել եւ այլն: 

Հիշեցնենք, որ վարչապետը մի օր էլ մայրաքաղաքի փողոցներում աղբն էր կռացած հավաքում՝ փոխանակ կարգին քաղաքապետին ծեփեր պատին, փռեր ասֆալտին՝ քաղաքը կեղտի մեջ կորցնելու համար: Ամենացնցողը, սակայն, վարչապետի վերջին գործառույթներից մեկն է. նա արդեն մտել է «խադավիկների» ոլորտ ու զբաղվում է, իր իսկ բառերով ասած՝ «կուզովների», մեքենաների ջանդոնների հանձնման գործով ու, ոչ ավել, ոչ պակաս, իր ֆեյսբուքյան էջում խնդրում է արագ տարածել, թե որտեղ եւ ինչ գնով կարելի է հանձնել մեքենաների ջարդոնները. «Սիրելի հայրենակիցներ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով…»։

«Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս, քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է՝ շատերն են զանգում))»։
Վարչապետը լավ տեղեկացված է, որ վերջին 2 ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Թե ինչու նա որոշեց հիմա էլ այս գործին խառնվել, դժվար է ասել: Ֆեյսբուքի օգտատերերի որոշ գրառումներ տալիս են վարչապետի բազմապրոֆիլ աշխատանքի գնահատականը. մեկը վարչապետին հարցնում է, թե որտեղից կարող է Գորիսի մեղր գնել, մյուսը ոչխարի լավ պանիր ծախողի հեռախոսահամար է ուզում, մեկ ուրիշը՝ վարձով տուն, երրորդն ուզում է իր «գարաժի» վաճառքի հայտարարությունը տեղադրել վարչապետի էջում, մյուսին հետաքրքիր է, թե որտեղ կարող է շշերը հանձնել: Բացի անձնական խնդիրներից, շատերին նաեւ մտահոգում է, որ բոլորի փոխարեն վարչապետն է աշխատում. 
Վարդ Նալբանդյան - Սիրելի, հարգելի, մեր արժանի վարչապետ ջան, ինչի՞ համար են այդքան դեպուտատները՝ այդքան գումար ստացողները, որ Դուք պետք է ամեն չնչին հարց կարգավորեք։

Հանեք դրանց՝ բյուջեն ահագին գումար կլինի․․․ վաաաայ:
Ժասմին Հովսեփյան - Ես տենց էլ չհասկացա նախարարների աշխատավարձերը բարձրացնելու իմաստը, եթե բոլորի փոխարեն, միեւնույն է՝ Դուք եք աշխատում։ 
Հակոբ Հակոբյան - Է
PRն պահն օր նիկոլական ընկերոջս կըսեմ՝ Նիկոլը սպես բան է գրե, կսե՝ էլի սկսիր խաբելը, չի կրնա Նիկոլն ըդպես ախմախ բաների հետեւից ընկնի։
Լեւոն Սարգսյան - Պարոն վարչապետ, եկեք նախարարներին 80 հազար դրամ տվեք, Ձեր աշխատավարձը կրկնապատկեք, կատակ չեմ անում։ Մեկ ա՝ սաղի տեղը Դուք եք աշխատում։ ՀԳ. Բացի մի երկու հոգուց... 
Արեգ Մայիլյան - Մանկական հիվանդանոցներում երեխաների բուժումը լրիվ կամ մասամբ վճարովի ա. ով ոնց կարում, ծնողներին քերում ա։ Դու էդ հարցերով զբաղվելու փոխարեն մետաղի ջարդո՞ն ես որոշ մարդկանց համար հավաքում, էն էլ մի մեքենայի համար 10000-15000 դրա՞մ։ Դու լրիվ ապո՞ւշ ես: 

Իսկ շատերին զարմացրել է, թե ինչու է մեքենաների կմախքը հանձնվում տասնապատիկ էժան՝ մեկ տոննան 10-15 հազար դրամով, քան երկաթի միջազգային գինն է՝ 110 հազար դրամ: Սա արդեն այլ թեմա է, որը կարող է վարչապետի ազնիվ մղումները ստվերել եւ կապել այնպիսի երեւույթների հետ, որոնցում նա ընդդիմադիր ժամանակ մեղադրում էր Սերժ Սարգսյանին։