Տնօրենը յուրացրել է աշակերտների հավաքած գումարը, դիահերձողը՝ գումար պահանջել

Տնօրենը յուրացրել է աշակերտների հավաքած գումարը, դիահերձողը՝ գումար պահանջել

Ներկայացնում ենք 2018-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, նշանակված դատավարությունները։ Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քաղաքացիներ Արթուր Նիկոյանի և Մնացական Քոչարյանի դատաքննությունն է, նրանց մեղսագրվում է, որ 2016 թվականի հունվարի 29-ին ժամը 14:15-ից մինչև հունվարի 30-ը ժամը 10:15-ն ընկած ժամանակահատվածում, հանցավոր համաձայնությամբ, Գյումրու Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցու գույքը գաղտնի կերպով հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են Գյումրի քաղաքի Կնունյանց 29 հասցեում գտնվող եկեղեցու պաուհանը, ապօրինի մուտք է գործել շինություն և այնտեղից գողացել գալի չափի՝ 195.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ջեռուցման համակարգի թվով 78 մարտկոցներ։

Մեկ այլ դատաքննություն նույն դատարանում․ Շիրակավան համայնքի ավագանու անդամ Սլավիկ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016-2017թթ համայնքի ղեկավար Մ.Մկրտչյանի հետ նախնական համաձայնությամբ, համայնքի ավագանու 2016թ - 2017թ . որոշումների համաձայն ` Շիրակավան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին իբրև դրամական օգնություն, համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափերի 925.000ՀՀ դրամ գումար և պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետև, Ս.Վարոսյանը և Մ.Մկրտչյանը Շիրակավան համայնքում` Ամանորի, Կանանց միջազգային օրվա և այլ տոների միջոցառումներ կազմակերպելու նպատակով` 2017թ. ապրիլ,հունիս, օգոստոս և հոկտեմբեր ամիսների ընթացքում Արթիկ քաղաքում գտնվող առևտրի սրահից անկանխիկ եղանակով, ընդհանուր 1.508.802 ՀՀ դրամ գումարի չափով տարբեր ապրանքների գնումներ է կատարել, որոնց մի մասով կազմակերպել են միջոցառումները, իսկ խոշոր չափերի` 584.000 ՀՀ դրամ արժողությամբ մի շարք ապրանքներ համայնքի ղեկավար Մ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով հափշտակել է:

Մեկ այլ դատաքննություն նույն դատարանում․ Սայաթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ,հանդիսանալով պաշտոնատար անձ՝ դպրոցի տնօրեն,շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի աշակերտներից հավաքագրված,ինչպես նաեւ դպրոցի բյուջեից շինանյութերի ձեռքբերման պատրվակով ելքագրված առանձնապես խոշոր չափերի ՝ 6.516.850 ՀՀ դրամ գումարը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյան դատաքննություն է, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգավվելով որպես մեղադրյալ և դժգոհ լինելով այդ հանգամանքից, 2018 թվականի փետրվարի 02-ին, մարտի 01-ին, մարտի 12-ին և մարտի 30-ին Լոռու մարզի դատախազություն, իսկ 2018 թվականի փետրվարի 06-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումներով հետաքննություն և նախաքննություն կատարող անձանց տվել է սպանության և գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու սպառնալիքներ:

Իսկ Գեղարքունիքում դատում են Վանիկ Զանյանին, ըստ մեղադրանքի՝ այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ, սպասարկելով Վարդենիսի տարածաշրջանը,իրավապահ մարմինների որոշումների հիման վրա պետության կողմից երաշխավորված դիակի անվճար դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելիս,իր պաշտոնական դիրքն օգտագործելով Միխայիլ Գրիգորյանից,Սամվել Սարգսյանից և Կամո Մինասյանից խաբեությամբ պահանջել ու ստացել է 45-ից 50 հազարական դրամ գումարներ,վերջիններիս ազգականներին դիահերձելու համար: Սյունիք դատվում են Լիլիթ Մելքումյանը և Սուսաննա Օհանյանը՝ այն բանի համար, որ նրանք 2018թ-ի հոկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ծեծել է միմիյանց` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: