Մեծ նենգափոխում

Մեծ նենգափոխում

Միջազգային ամենատարբեր հարթակներից Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մեղադրանք: Ցավոք, այդ քարոզչությունը հիմնավորված հակազդեցության չի արժանանում եւ տարիների հետ այն տպավորությունն է ձեւավորվել, թե հակամարտության զինված փուլի ընթացքում ԼՂ «ադրբեջանական համայնքի իրավունքները խախտվել են, եւ դրանք կարգավորման արդյունքում պետք է վերականգնվեն»: Գործ ունենք իրականության մեծ նենգափոխման հետ: Բանն այն է, որ Ադրբեջանը, 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով հռչակելով պետական անկախության վերականգնումը (իրավական առումով ԽՍՀՄ կազմից դուրս գալով), նույն տարվա նոյեմբերի 24-ին Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունել է երկու առանցքային որոշում:

Առաջինը Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար պետական կազմավորման, կարգավիճակի լուծարումն էր: Երկրորդը կոչվել էր այսպես՝ «Ղարաբաղի վերին մասի ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման անհետաձգելի միջոցառումների մասին»՝ դրա կատարումը վերապահելով պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններին: Այդ որոշումն առայսօր հրապարակված չէ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանում տեղ գտած դրույթները պարունակում են պետական գաղտնիք: Հայկական կողմի խնդիրն է՝ բանակցություններում կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներում հասնել նրան, որպեսզի այն հրապարակվի կամ առնվազն դրվի ներքին շրջանառության: Դա սկզբունքային նշանակություն ունի այն իմաստով, որ Ադրբեջանը, լուծարելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը, իրավական առումով պետական հոգածությունից եւ օրենքից դուրս է հայտարարել տեղաշրջանի հայ բնակչությանը՝ պատասխանատվություն ստանձնելով միայն ադրբեջանցիների անվտանգության եւ ապահովության համար: Պետական իշխանության բարձրագույն մարմնի այդ որոշումը քսենոֆոբիայի անառարկելի դրսեւորում է: Մի կողմ թողնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի լուծարումն Ադրբեջանի ԳԽ իրավասության հարց չէր, որովհետեւ այդ պահի դրությամբ դեռեւս ուժի մեջ էր ԽՍՀՄ սահմանադրությունը, հարց ուղղենք միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին. «ԼՂ ինքնավարության լուծարումը ենթադրու՞մ էր, որ Ադրբեջանը նրա հայ մեծամասնությանը պետական հոգածությունից եւ օրինական դաշտից դուրս հայտարարի, միջազգային իրավունքի տեսակետից ինչպե՞ս է գնահատվում պետական այդ ակտը»:

Իրերի ներկա դրության պայմաններում նման հարցադրումը կարող է անախրոնիզմ թվալ: Բայց դա՝ միայն առաջին հայացքից, քանի որ միայն «Ղարաբաղի վերին մասի» ադրբեջանական բնակչության անվտանգության եւ ապահովության պարտավորություն ստանձնելով՝ պետական անկախություն հռչակած Ադրբեջանն իրավական առումով այլ՝ տեղաշրջանի հայ մեծամասնությանը ֆիզիկապես ոչնչացնելու կամ զանգվածային բռնատեղահանման ենթարկելու նպատակադրվածություն է հռչակել: Գնահատելով «Ղարաբաղի վերին մասի» ադրբեջանական բնակչության անվտանգությունը եւ ապահովությունը երաշխավորելու եւ հայ մեծամասնությունը պետական հոգածությունից եւ օրինականության դաշտից դուրս թողնելու՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. տարեվերջին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարելի է միայն մի եզրահանգման գալ՝ հայ բնակչությունը, որպեսզի չենթարկվի ֆիզիկական ոչնչացման կամ զանգվածային բռնատեղահանության, ստիպված էր դիմել ինքնապաշտպանության, ինչը բնական եւ անկապտելի իրավունք է:

Ադրբեջանի կողմից ի՞նչ քայլեր են հետեւել Գերագույն խորհրդի հիշյալ որոշումն ի կատար ածելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերում ստեղծվել են ազգային բանակի եւ ներքին զորքերի հենակետեր: Քանի որ բացակայում էին համապատասխան ենթակառուցվածքները, իսկ դրանք ստեղծելու ժամանակ պարզապես չկար, օգտագործվել են եղածները՝ պետական հաստատությունների, դպրոցական, մշակույթի օջախների շենք-շինություններ եւ այլն: Հայ բնակչության դեմ ծրագրված ռազմական գործողություններից ադրբեջանական բնակչության կատարյալ անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել ԼՂ ադրբեջանաբնակ գյուղերից եւ Շուշի քաղաքից զենքի տակ չհավագրված բնակչության կազմակերպված տարհանումը: Սա է իրականությունը: Եւ մեր խնդիրն է այն հիմնավորված ձեւով ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները: Դա  հաջողությամբ կարող է իրականացնել միայն համապատասխան մասնագետներից կազմավորված աշխատանքային խումբը: Սիրողական մակարդակի «հիմնավորումների» տեղ չէ, խնդիրը պետք  է ձեւակերպի եւ լուծի ԱՀ ԱԳՆ-ն՝ ներգրավելով Հայաստանի գիտական, վերլուծաբանական հանրության՝ ԼՂ հիմնախնդրին լավատեղյակ բարձրակարգ մասնագետների: