Վարչապետի գեներալ խորհրդականի առեղծվածը

Վարչապետի գեներալ խորհրդականի առեղծվածը

2018 թ. հունիսի 8-ից Արամ Ղարիբյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  գլխավոր խորհրդական: Արամ Ղարիբյանը 2011- 2018 թվականներին եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր  խորհրդականը։ Ընդ որում 2018 թվականի ապրիլին՝ հեռանալուց առաջ,  Սերժ Սարգսյանը նրան հասցրել էր նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական։ Պատկերացրեք, ինչքան պիտի մարդուն վստահես ու ընդունես, որ այդ խառը վիճակում նրան հասցնես նշանակել վարչապետի խորհրդական։ Բայց դա չխանգարեց , որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մերժելուց հետո նրա կողմից նշանակած խորհրդականին նշանակի իր գլխավոր խորհրդականը։ Մասնագիտական ընդունակությունները մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանի  թիվ մեկ խորհրդատուն դառնալ հեղափոխության առաջնորդի  կողմից մերժված Սերժ Սարգսյանի խորհրդատուն։

Ինչևէ, անցնենք առաջ։ Այսօր էլ լսում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Դեռ չմարսած, թե ինչպե՞ս Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ գլխավոր ոստիկանապետ կամ թե ինչու ազատվեց ոստիկանապետի պաշտոնից, լսում ենք, որ նա նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Մինչ հեղափոխականներն իրենց հուսադրում էին, որ վարչապետն ազատվում է նախկիններից, որոնք Նիկոլ Փաշինյանին «քաշում են» ու չեն թողնում աշխատի, կատարվում է Վալերի Օսիպյանի նոր պաշտոնի նշանակումը։ Հետաքրքիր մի զուգադիպությանբ Վալերի Օսիպյանն էլ եղել է մերժված նախագահի գլխավոր կադրերից։ Վիքիպեդիայից մի փոքրիկ մեջբերում կանեմ․ «Վալերիյ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով: Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Հայտնի է Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական և այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բողոքի գործողությունները ճնշելու ընթացքում բազմիցս աչքի է ընկել բռնի գործողություններով․․․» ։

ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան՝ մինչ հեղափոխություն։ Հետաքրքիր զուգադիպություն։ Հեղափոխությունից հետո նախկին առանցքային կերպարը նշանակվում է ՀՀ ոստիկանապետ։ Երեկ ազատվեց պաշտոնից, այսօր նույն զուգադիպությամբ նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Այստեղ շատ հարցեր կարող են առաջանալ, բայց ինձ ավելի պարզ մի հարց է հետաքրքրում։ Այդ ինչպես է լինում, որ Նիկոլ Փաշինյանի նախկին և ներկա գլխավոր խորհրդականները մերժած իշխանության առանցքային դեմքերն են։ Անգամ փաստերի չտիրապետող մարդը, երբ Վալերի Օսիպյանի կյանքի «վայրիվերումներին ու կայծակնային թռիչքներին շատ թե քիչ  տիրապետի», մի այսպիսի վերնագրով պատմվածք կգրի՝ «Վարչապետի գեներալ խորհրդականի առեղծվածը»։ Հուսով եմ մի օր, փաստերի համադրմամբ կգրեմ այդ պատմվածքը ու հազարավոր մարդիկ զարմանքից ախ կանեն։