Կիրակնօրյա ամերիկյան թեմատիկայով

Կիրակնօրյա ամերիկյան թեմատիկայով

«Հրապարակ»-ի ընթերցողների թույտվությամբ այսօր անջատվեմ ներքաղաքական կյանքից ու նույնն առաջարկեմ իրենց: Դա անում եմ ոչ թե այն պատճառով, որ այսօր խնդիր չկա, այլ մարդ մեկ-մեկ ուզում է ուղղակի անջատվել իրականությունից: Երև հենց դրա արդյունքում է ծագել ռուսական «запой» երևույթը: Երբ մարդը մի քանի օր ինքն իրեն նվիրում է հարբեցողությանը, ու հետո ինքնակամ դուրս է գալիս դրանից: Քանի որ ալկոհոլն ինձ երբեք չի գրավել՝ այսօր որոշեցի անդրադառնալ այլ թեմատիկայի: Դա չի նշանակում, որ մեր երկրում կիրակի օրով հարց չի առաջանում, կամ նախորդներն իրենց զգացնել չեն տալիս: Ուղղակի որոշեցի կիրակնօրյա «հանգիստ նվիրել» ինձ ու «Հրապարակ»-ի ընթերցողներին: 

Ենթադրում եմ, որ «Հրապարակ»-ի ընթերցողները տեղյակ են աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկացի Իլոն Մասկի ղեկավարած DOGE-ի (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) կողմից բացահայտված երկու ամենաաննորմալ փաստերին: Մեկը մի քանի միլիոն կեղծ տարեցների (100-ից 300 տարեկան) «առկայության» փաստն էր, որոնց նպաստ կամ թոշակ էին նշանակել նախկին նախագահ Բայդենի օրոք: Մյուսը պետական Փոքր բիզնեսի գծով վարչության կողմից 312 միլիոնի դոլարի 5593 վարկի տրամադրումն էր մինչև 11 տարեկան երեխաներին: Փաստորեն, Բայդենի օրոք ԱՄՆ-ում ոչ միայն միլինավոր տարեցներ են ապրել, այլև համարյա թե ծծկեր երեխաներն են գործարարությամբ զբաղվել: 

Այս երկու օրն էլ դրանց համարժեք երկու այլ փաստեր երևան եկան ԱՄՆ-ից: Օրեգոն նահանգի (նահանգապետը՝ դեմոկրատ) Առողջապահության վարչության (հոգեկան առողջության քաղաքականության ձևավորման գծով պատասխանատու պետական մարմինը) խորհրդատվական խորհուրդը համալրվել է նոր անդամով, ով հայտարարել է, որ նախընտրում է «նրանք», «նրանց» դերանունները և «կրիա» գոյականը: Նշված դերանունները նշանակում են, որ իրեն պետք է դիմել ոչ թե եզակի երրորդ դեմքի, այլ հոգնակի երրորդ դեմքի դերանունով: Իսկ գոյականն էլ նշանակում է, որ ինքն իրեն նույնականացնում է այդ կենդանու հետ: Պարզվում է, որ ինքը միակ այդպիսին չէ հոգեկան առողջության քաղաքականության ձևավորման այդ կառույցում. մինչ «նրանց» ներառվելը՝ դրանում արդեն առկա է եղել մեկը, ով իրեն նույնականացրել է որպես «Լյուկ Ընկնող Աստղ»: Ի դեպ, 2023-2025 թվականներին խորհրդի բյուջեն կազմել է գրեթե 36 միլիարդ դոլար։

Կարծում եմ, որ պակաս հետաքրքիր չէ երկրորդ դեպքը: Նախագահ Թրամփի վարչակազմը 600 միլիոն դոլարով կրճատել է ավստրալիական յոթ համալսարանների ֆինանսավորումը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ավստրալիական համալսարաններին վարչակազմից խնդրել են հիմնավորել, թե ինչու պետք է իրենք շարունակեն ստանալ ամերիկյան դրամաշնորհներ: Բացի այդ, նրանց խնդրել են ասել, թե ճանաչում են, արդյոք, միայն երկու սեռ՝ արական և իգական։ Ենթադրում եմ, որ ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ հարցի պաստասխանը չի գոհացրել Թրամփի վարչակազմին: Դա լուրջ հարված էր ավստրալիական բարձրագույն կրթությանը, քանի որ մինչ այդ ԱՄՆ-ը հանդիսացել է Ավստրալիայի կրթության նախարարության ամենամեծ դոնորը:

Իսկ վերջում, ինպես ռուսերենում է ասվում, ներկայացնեմ տորթի վրա խորիզը (խորիսխը, լիզքը և այլն): Ամերիկյան ծովափերից մեկում իգական սեռի սիրունատես երիտասարդ լրագրողն իր հասակակիցների (երկու սեռից էլ) շրջանում հարցախույզ էր անում: Ներկայացնեմ մի քանի պատասխան: «ԱՄՆ-ն անկախություն է հռչակել Իսպանիայից (իրականում՝ Միացյալ Թագավորությունից, պատասխանողը տարրական դասարանների ուսուցչուհի էր), Պենտագոնի (ԱՄՆ ՊՆ) շենքի ձևը քառակուսի է (իրականում հնգանկյուն է, «պենտագոն» բառն էլ հունարենից է և նշանակում է «հնգանկյուն»), Սենատում կա 6 կամ 7 սենատոր (իրականում՝ 100), Ամերիկյան քաղաքացիական պատերազմը ծագել է Արևելքի և Արևմուտքի միջև (իրականում՝ Հյուսիսի և Հարավի), այն ընթացել է «քաղաքացիականների և իշխանության մեջ գտնվողների միջև» (իրականում՝ սևամորթների ստրկությունը մերժողների և հարավի ստրկատերերի միջև), Գերագույն դատարանում կա ՀԴԲ-ի (FBI) ներկայացուցիչ (նման բան գոյություն չունի), ԱՄՆ Սահմանադրության 2-րդ Լրացումը ընտրություններում քվեարկելու իրավունքն է (իրականում՝ զենք կրելու իրավունքն է), Կանադային սահմանակից նահանգի անվանումն Ասիա է (իրականում՝ դրանք մի քանիսն են ու Ասիա անունով նահանգ ԱՄՆ-ում չկա ընդհանրապես):

Ահա այդպիսի գրագետ երիտասարդություն է ձևավորվել դեմոկրատների օրոք: Բայց դա չի խանգարել, որպեսզի դեմոկրատների շրջանում անասելի աղմուկ բարձրանար, երբ մի երկու օր առաջ Թրամփի վարչակազմը լուծարեց դաշնային կրթության նախարարությունը՝ դրա իրավասությունները փոխանցելով նահանգային իշխանություններին: