Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։
Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ որոշումը պատրաստվում են բողոքարկել։
Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություններ չեն կատարվել։
Իսկ ինչ վերաբերում է գրավի միջնորդությանը, պաշտպանն ասաց՝ չեմ էլ արել գրավի միջնորդություն, չեմ էլ պատրաստվում անել։
Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Կարծիքներ