Իմ օրինակով կարող եմ ասել, որ քաղաքապետի կինը միջամտում է, իսկ այս մրցույթն ապօրինի է

Իմ օրինակով կարող եմ ասել, որ քաղաքապետի կինը միջամտում է, իսկ այս մրցույթն ապօրինի է

Քաղաքապետարանում այսօր տեղի է ունենում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ Քաղաքապետն ու նրա կինը որոշել են ամեն գնով ազատվել իրենց նշանակած կադրից՝ Արմեն Բեգոյանից, որին սրանից նշանակել էին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն ու շատ գոհ էին նրա աշխատանքից, հպարտանում էին նրանով, դրա համար էլ որոշեցին հետո նրան տեղափոխել «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ, որ հետո էլ դառնա տնօրեն։ Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի ու հատկապես նրա տիկնոջ՝ Իվայի պլանները փոխվեցին, Բեգոյանը որոշ հարցերում դեմ գնաց նրանց ցանկություններին, հիմնականում՝ կադրային քաղաքականության հարցում, և լարվածություն առաջացավ քաղապետարանում անհասկանալի կարգավիճակով «ռուլիտ» անող Իվայի և Բեգոյանի միջև։ Նրա ղեկավարած նախկին ՀՈԱԿ-ում ինչ-ինչ խնդիրներ հայտնաբերեցին ու քրգործ հարուցեցին՝ հերիք չէ, հիմա էլ Մարությանի կինը որոշել է մրցույթ անցկացնել ու իր ուզած մարդուն «նշանակել» այս պաշտոնում, որ Բեգոյանից վերջնականապես ազատվի։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամներն արդեն իսկ բարձրաձայնում են մրցույթի անցկացման խախտումների մասին՝ արձանագրելով, որ մրցութային հանձնաժողովի կազմում երկու անդամ կա, երկուսն էլ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։

Արմեն Բեգոյանն էլ Hraparak.am-ի հետ զրույցում մրցույթը համարեց ապօրինի և բազմաթիվ խդիրների մասին բարձրաձայնեց, որոնք տեղի են ունենում քաղաքապետարանում իր «աթոռի» շուրջ։

«Ձեր ծիծաղը չի՞ գալիս՝ մրցույթ ասելով, անկեղծ, էլի։ Տեսեք, կար մի մրցույթ, որը մասնակիցներից մեկը վիճարկել էր դատարանում։ Դատարանն այդ պաշոնի համար մրցույթը կասեցրել էր։ Եվ առաջին դատական նիստ էր նշանակել հունիսի 16-ին, որի մասին այդ օրը՝ մրցույթի օրը ինձ և մյուս մասնակիցներին՝ մոտ մի 30 մարդ, տեղեկացրեց քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը, որ մրցույթը կասեցվել է դատարանի վճռով։ Հունիսի 16-ին կլինի նիստը, այնուհետև անպայման նորից մրցույթը կհայտարարվի։ Եվ որ բոլոր այդ մարդկանց կհայտարարվի նոր մրցույթի մասին։ Հիամ ես չգիտեմ՝ էդ ինչ են մոգոնել և ինչ-որ «հրատապ» կամ այլ ածականներ առաջը դնելով, «հրատապությունից ելնելով» նոր մրցույթ են հայտարարել, դա ծիծաղելի է»,-ասաց Արմեն Բեգոյանը՝ նշելով, որ մրցույթն ապօրինի է, և նման խեղկատակությանն ինքը մասնակցել չի կարող։

-Պարոն Բեգոյան, ինչպե՞ս ստացվեց, որ սկզբում Ձեր աշխատանքից գոհ էին, քաղաքապետի կինը Ձեզ «նշանակեց» մի հիմնարկում տնօրեն, հետո տեղափոխեց այլ հիմնարկ,բայց որոշեցին, ի վերջո, ազատվել Ձեզանից ու քրգործ հարուցեցին Ձեր ղեկավարած նախկին հիմնարկում ինչ-որ չարաշահումների հետ կապված։

-Ես արդեն ամեն ինչ հավատում եմ այս քաղաքային իշխանություններից։ Բայց նախ պետք է ասեմ, որ քաղաքապետի տիկինն ինձ չի նշանակել, ես քաղաքապետի տիկնոջը չեմ ճանաչել մինչև իմ աշխատանքի ընդունվելը։ Իհարկե, ունեցել եմ նորմալ, լավ հարաբերություններ իր հետ, երբ որ ծանոթացել եմ։

-Բայց Ձեզնից գոհ էին, երբ աշխատում էիք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն։

- Այո, միանշանակ գոհ են եղել։ Կոնկրետ քաղաքապետը ինքը որակել է, որ ամենալավ աշխատող կառույցներից մեկն է, և ոչ միայն քաղաքապետարանը։ Միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից մի շարք սեմինարներ են եղել, որ նույնիսկ տարածաշրջանում 2019 թ․ մեր աշխատանքը համարել են լավագույնը։ Դրանք փաստեր են, որ չեն կարող հերքել։ Դուք տեսեք՝ տարօրինակը որն է․ 20 օր առաջ ես ամենալավ աշխատողն էի՝ կոպիտ ասած, 20 օր հետո դարձա ամենավատ աշխատողը, որ պետք է անմիջապես հեռանա իր էս նոր զբաղեցրած պաշտոնից։

-Իսկ ինչո՞ւ հանկարծ 20 օր հետո դարձաք ամենավատը։ Ինչո՞վ դա կբացատրեք։

-Իրենց հարցրեք՝ միգուցե բացատրեն, ես բացատրություն չունեմ։ Ենթադրում եմ՝ անձնական հողի վրա, բայց, ես նորից կոչ եմ անում դուրս գալ անձնական դաշտից։ Կարելի է ինձ չսիրել, ես էլ կարող է իմ շատ աշխատակիցների մեջ լինեն մարդիկ, որոնց չեմ սիրում, բայց եթե մարդիկ իրենց տեղում իրենց աշխատանքը կատարում են լավ, ես նրանց հետ աշխատում եմ։ Ինձ համար կարևորը իրենց աշխատանքը կատարելն է։ Ինձ հետաքրքիր չէ՝ ինձ սիրում են, թե չեն սիրում։ Ես իմ աշխատանքը կատարել եմ, և դա փաստ է՝ ֆիքսված բոլոր տեղերով։ Տասը օրվա մեջ ոչինչ չէր կարող լինել կատաստրոֆիկ, որ պարզվեր՝ ես իմ աշխատանքը չեմ կատարում, նամանավանդ, որ ես իմ աշխատանքը փայլուն կատարել և տեղափոխվել էի մեկ այլ աշխատանքի։ Իսկ այստեղ դեռ նոր գործառույթները սկսվում էին, այնպես որ, ոչ կարող էի լավ բան արած լինել, ոչ կարող էի վատ բան արած լինել։

-Կարո՞ղ է կադրային նշանակումների հետ տարաձայնություններ են եղել։

-Այո, կադրային նշանակումների հետ կապված տարաձայնություններ են եղել։ Խնդիրը եղել է ոչ թե մարդկանց մեջ, այլ իմ խնդիրը եղել է նոր կառույցը համալրել միայն պրոֆեսիոնալ կադրերով։

-Ձեզ ուղիղ կերպով քաղաքապետը, նրա կինը կամ միջնորդավորած որևէ անձ հորդորել, առաջարկե՞լ է հեռանալ այս պաշտոնից։

-Դե, արդեն ասել եմ, որ․․․ այո։ Եվ գիտե՞ք, խնդիրը էստեղ իմ՝ պաշտոնից հեռանալը չի, ես պետք է նորից կրկնվեմ։ Եթե քաղաքապետը, որն իմ ղեկավարն է, չնայած՝ իմ աշխատանքները համակարգում է առաջին փոխքաղաքապետը, բայց ես ընդունում եմ, որ եթե ղեկավարդ քեզ հետ չի ուզում աշխատել, կարելի է նաև հեռանալ։ Ես էդ նրանցից չեմ, որ կպչել եմ իմ աթոռից ու չեմ գնում։ Բայց, հարգելիս, ձև կա դա անելու։ Համապատասխան մարիկ պետք է դա անեն։ Էն խայտառակությունը, էն արհամարհանքը, էն ձևով, որ փորձել են ինձ ասել իմ՝ հեռանալու մասին, դա է ինձ համար անընդունելին։ Դրա դեմ եմ ես պայքարում, ոչ թե իմ աթոռի։ Ես պայքարում եմ էդ ձևի և ամենաթողության դեմ։

-Իսկ ո՞վ և ինչ ձևով է Ձեզ ասել՝ հեռացեք։

-Ինձ ասել է քաղաքապետի կինը հեռանալու համար։ Հենց այդպես, ուղղակի ասել է, որ պետք է հեռանամ։

-Իսկ չի՞ բացատրել՝ ինչու։

-Ոչ։ Մեկ պատճառաբանություն է բերել, այն էլ՝ ծիծաղելի։

-Ո՞րն է եղել այդ մեկ պատճառաբանությունը։

-Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, անկեղծ չեմ ուզում իջնել։ Դա այնքան կենցաղային, ծիծաղելի բան է, որ ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին։ Ամեն դեպքում, հիշեք՝ ինչ ես ասում եմ,դա շա հեշտ ապացուցելի է։

-Պարոն Բեգոյան, քանի որ Դուք աշխատում եք քաղաքապետարանում, ենթադրաբար տեղյակ եք նաև ընդհանուր քաղաքապետարանի աշխատանքից ու խնդիրներից։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է տեղի ունենում քաղաքապետարանում, միայն Ձե՞ր մասով են խնդիրներ առաջացել, թե՞ այլ կառույցներում էլ կան խնդիրներ, ապօրինություններ։

-Ես իմ կյանքում մի էսպիսի սկզբունք ունեմ՝ շատ բաներ կարող է նկատած լինեմ, բայց ես կարող եմ խոսել միայն այն բաներից, ինչ կապված է ինձ հետ։ Ինձ հետ կապվածն էլ քիչ չի, բայց եկեք դուրս չգամ ուրիշ տիրույթ։

-Մշտապես գրվում է, որ քաղաքապետի կինը, որը որևէ կարգավիճակ, պաշտոն չունի քաղաքապետարանում, մշտապես միջամտում է քաղաքապետարանի գործերին, հատկապես կադրային հարցերում։

-Ես միայն կարող եմ ասել՝ իմ օրինակով, որ այդպես է։