Ալիևը վերահաստատել է Փաշինյանի հետ ընդհանուր գաղափարները

Ալիևը վերահաստատել է Փաշինյանի հետ ընդհանուր գաղափարները

Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: Եթե Հայաստանն իրեն կարգին պահի, կարող է օգուտ քաղել այս գործընթացից։

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով առցանց անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև 14-րդ հանդիպմանը (04․03․2021), փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիկոլ Փաշինյանի գործընկերը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: «Ինչպես ես ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած փառահեղ հաղթանակից հետո», - ասել է  համաթյուրքականության գաղափարներով հայտնի Ալիևը:

Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը նախատեսված է կապելու Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։

Ալիևը կոչ է արել ՏՀԿ անդամ պետություններին միանալ այս նախագծին։ «Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ՏՀԿ անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի միջանցքը », - հավելել է Բաքվի ղեկավարը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքով երթուղի անցնելուն ժամանակ առ ժամանակ կողմ են  արտահայտվում իմքայլականները՝ իրենց վարչապետի գլխավորությամբ։