Է՛, Օնիկ Գասպարյան…

Է՛, Օնիկ Գասպարյան…

Եթե առաջնորդվելու լինենք Նիկոլ Փաշինյանի հիվանդագին կասկածամտությամբ, ապա կարելի է ասել, որ ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ռազմական հեղաշրջման հերթական փորձ է արել: Նա, պատկերացրեք, դիմում-հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ ԱԺ պատգամավորներին եւ պահանջել (գեներալների պարագայում դժվարացա այլ բառ գրել) միջոցներ ձեռք առնել՝ երկրի անվտանգության համար իսկական սպառնալիք դարձած իշխանություններին կանգնեցնելու համար: Անդրադառնալով ՀՀ եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի եւ պետական ղեկավարման մարմինների ընդունած որոշումների եւ իրականացրած գործողությունների վերաբերյալ հետպատերազմյան տարաբնույթ գնահատականներին եւ առանձին պետական մարմինների կողմից իրականության միտումնավոր խեղաթյուրման փորձերին՝ ԳՇ նախկին պետը գրում է. «Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը եւ, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»:

Գեներալին հատկապես զայրացրել է ԱԽ քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածների հրապարակումը: Ըստ նրա՝ դրանք չեն արտահայտում զեկույցների ամբողջական բովանդակությունը եւ խեղաթյուրում են իրականությունը: ԱԽՔ-ի այդ «գաղտնազերծումները» Օնիկ Գասպարյանը որակել է որպես ՀՀ գործող իշխանության էժանագույն վարքագծի դրսեւորում:

Երեկ կարդում էի Օնիկ Գասպարյանի դիմումն ու մտածում՝ տեսնես ինչո՞ւ են զինվորականները քաղաքական հարցերում այսպես միագիծ մտածում: Ի՞նչ հանձնաժողով, ո՞վ ձեւավորի, ինչո՞ւ ձեւավորի… Էդ որ գրել եք՝ «Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին», վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանն էլ կգա ու կհարցաքննվի այդ հանձնաժողովում: ԱԺ-ում ապրիլի 14-ին նրա մայմունություններից չհասկացա՞ք, որ, քանի դեռ նա լղոզված է վարչապետի աթոռին, Դուք դատապարտված եք քավության նոխազի ճակատագրին ու ստիպված եք լինելու ուսադիրների փոխարեն կրելու պարտության ողջ պատասխանատվությունը:

Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի այս դիմում-հայտարարությունը դեռեւս ռազմական հեղաշրջման փորձ չի որակել: Փետրվարի 25-ից, երբ ԳՇ-ն պահանջեց վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը, շատ ժամանակ չի անցել, եւ այդ հիրավի ցնցող իրադարձության շորշոփները դեռ չեն անցել: Օնիկ Գասպարյանը, ճիշտ է, հեռացվել է պաշտոնից, բայց ԳՇ հայտարարությունը հո մնացե՞լ է: Մինչեւ օրս ո՞վ է չեղյալ հայտարարել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությունը: ԱԽՔ-ն, որ այսօր զբաղված է պատերազմական օրերի արձանագրություններից իբր հատվածներ գաղտնազերծելով, կարողացե՞լ է հերքել փետրվարի 25-ի հայտարարությունից գոնե մեկ բառ կամ մեկ արտահայտություն: Իհարկե՝ ոչ:

Համադրելով ՀՀ Զինված ուժերի ԳՇ փետրվարի 25-ի հայտարարությունն ու Օնիկ Գասպարյանի՝ ապրիլի 16-ի հայտարարություն-դիմումը ԱԺ-ին՝ կարելի է մի քանի հետաքրքիր քաղաքական եզրակացություններ անել: Օրինակ, դու չես խփում՝ քեզ են խփում, դու չես կոխում, կներեք արտահայտությանս, քեզ են կոխում, դու չես փոխում՝ քեզ են փոխում… Սա է Նիկոլ Փաշինյանի եւ, առհասարակ, բոլոր կառավարությունների անվտանգության դոկտրինը: Ասածս այն է, որ փետրվարի 25-ին Հայաստանում կարող էր բոլորովին այլ իրավիճակ լինել, բայց չեղավ, որովհետեւ մեր քաջարի շվեյկները հարկ էին համարել սկզբում կառավարության հրաժարականը պահանջել եւ հետո միայն, եթե կառավարությունը չհեռանար, տանկեր հանեին փողոց: Այդպես չեն անում, դուք էլ Սասունցի Դավիթը չէիք, որ պետության ու ժողովրդի հերն անիծած այս իշխանություններին քաղաքավարի իմաց էիք տալիս՝ հեյ-հեյ, ով քնած է, ելեք կացեք, ով կացել է՝ զենք կապեցեք… Բա Նիկոլին այդպիսի բանը իմաց կտայի՞ն: