Այսպիսի թշնամանք չի կարելի սերմանել հանրության մեջ

Այսպիսի թշնամանք չի կարելի սերմանել հանրության մեջ

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հանդես է եկել մի քանի կետից բաղկացած հայտարարությամբ, որի առանցքում ՀՀ կառավարության հրաժարականի պահանջն է՝ վարչապետի գլխավորությամբ։ 

6 կետից բաղկացած հայտարարության մեջ ԳԱԱ-ն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հայտարարությունը գնահատում է որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ՌԴ խաղաղապահներին համարելով տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավորը: Միաժամանակ խստագույնս դատապարտում է տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը: ԳԱԱ-ն նաեւ անթույլատրելի է համարել հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը։ «Կոչ ենք անում՝ ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը։ Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը եւ պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ հանրապետության վարչապետի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք․ եթե կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, հրաժարական չտա, այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք կարող է լինել։ «Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարող ասել, պիտի ասեն այն 17 կուսակցությունները, որոնք հանրահավաքներ, հանդիպումներ են ունենում ժողովրդի հետ: Երեւի ինչ-որ տարբերակներ կլինեն, հո չի՞ կարող միշտ հավերժ լինել մի կառույց, որը սխալներ է թույլ տվել»:

Ստեղծված իրավիճակում հրատապ ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ, որպեսզի ամրացնենք երկրի հիմքերը՝ լինի դա գիտության, թե մյուս ոլորտներում։ «Այնպես չէ, որ վաղը միանգամից գիտությանն ուշադրություն են դարձնելու, եւ գիտությունն էլ սկսելու է արագ զարգանալ: Գիտությունը պետք է զարգանա ընդհանուր մեր երկրի բոլոր ճյուղերի զարգացմանը զուգահեռ, առաջին հերթին` տնտեսության, որպեսզի ստեղծի այնպիսի պոտենցիալ, որը հնարավորություն տա պետությանը միջոցներ տրամադրել բոլոր ուղղություններով` առողջապահություն, մշակույթ, գիտություն, ու եթե չտրամադրի, զարգացում էլ չի լինի, ինչպես այսքան տարիների ընթացքում: Գիտությունն արդյունքներ կցուցադրի, երբ միջոցներ տրամադրվեն այս ոլորտին»:

Թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը ունա՞կ է այս պարտությունից դասեր քաղելու։ «Հուսով եմ՝ կքաղենք, բայց, ցավոք սրտի, մենք առաջին անգամ չենք այսպիսի իրավիճակում հայտնվում, որից մինչեւ հիմա դասեր չենք քաղել: Հուսանք, որ գոնե այս անգամ մեզ համար սա դաս կլինի, եւ մեր կյանքն ուրիշ ձեւով կդասավորվի»:

Թշնամություն, անհանդուրժողականություն, վրեժի կոչեր այս օրերին առաջինը վարչապետի կողմից են արվում, որը, շատերի կարծիքով, կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել․ նման մտավախություն չունի՞։ «Ես չգիտեմ, թե դա ինչի կարող է տանել, բայց մի բան գիտեմ, որ այսպիսի թշնամանք մեր հանրության մեջ չի կարելի սերմանել, որովհետեւ դա կխարխլի ամբողջ մարդկային հարաբերությունները, եւ բոլորն այդ ուղղությամբ աշխատանք պետք է տանեն, որպեսզի չլինի նման առճակատում»: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ասաց, որ ազգովի ծախեցինք ու դավաճանեցինք զինվորին, եւ մեղավոր ենք բոլորս: Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինքն իրեն մեղավոր համարո՞ւմ է։ «Բոլորովին` ոչ, եթե ինքն իրեն այդպես է զգում, դա այլ հարց է, բայց ես ինձ ինչո՞ւ պիտի մեղավոր համարեմ»: