Բանանս ցեմենտիդ վնաս չէ . . .

Բանանս ցեմենտիդ վնաս չէ . . .

Հեղափոխության առաջին իսկ օրերից ՀՀ հպարտ քաղաքացիների մոտ հույսեր էին արթնացել, որ փոփոխություններն անխուսափելի են։ Դրանք մեկնարկեցին երկրի կառավարման համակարգում, գործադիրում, օրենսդիրում . . .

Նախորդ տարվա դեկտեմբերյան քարոզարշավի ժամանակ սկսեց շրջանառվել «տնտեսական հեղափոխություն» եզրույթը և՝ օ հրաշք, հենց այդ ժամանակ պարզվեց, որ Հայաստանում այլևս մոնոպոլիաներ չկան (але-гоп брюки превращаються, превращаються брюки . . .)։ Ընդ որում, այս աշխարհացունց և սահմռկեցուցիչ իրողությունը, որին սպասել էր ողջ հայ ժողովուրդը և որը ժառանգվել էր նախորդ «գաղջ» ռեժիմից՝ տեղի ունեցավ մեկ ակնթարթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ հայտարարությունից հետո, որ ՀՀ-ում այլևս չկան մոնոպոլիաներ, այլ կան խոշոր սեփականատերեր։

Իսկ ի՞նչ փոխվեց այն գործարարների կամ պարզապես հասարակ քաղաքացիների կյանքում, ովքեր զբաղվում էին կոմերցիոն կամ մասնավոր շինարարությամբ։ Շատերը, հավատալով հեղափոխության հռչակած «բոլորը կարող են զբաղվել իրենց նախընտրած ձեռնարկատիրական գործունեությամբ», «Հայաստանում բիզնեսի համար ստեղծված են հավասար պայմաններ» լոզունգներին՝ փորձեցին հարևան գործընկեր երկրից, Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտ ներկրել։

Պատկերացնու՞մ եք, այդ «հանդուգն», «կարճամիտ» մարդիկ համարձակվեցին դա անել, քանի որ տեղական «ռազմահայրենասիրական» ցեմենտի գինը (նույնիսկ ստրկատիրական կապանքներից ազատագրող հեղափոխությունից հետո) շարունակում էր մնալ անասելի թանկ, իսկ որակը՝ անհամեմատելի վատը։

Սակայն վերջիններս, ներկրելով ցեմենտը Հայաստան, հանդիպեցին էլ ավելի մեծ խոչընդոտների, քան ունեին մինչև հեղափոխությունը։ Դաժան իրականությունը ստիպեց նման անհեռանկար ձեռներեցներին հրաժարվել ցեմենտ ներկրելու «սնանկ» գաղափարից, քանի որ Հայաստանի Հանրապետության կողմից Առևտրի Միջազգային Կազմակերպության անդամակցության միջազգային պայմանագրի, Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների Մաքսային Օրենսգրքի, այլ օրենքների ու իրավական ակտերի կոպիտ ոտնահարմամբ նման մտադրություն ունեցող անձանց հայրենական ՊԵԿ-ը պարտադրում էր մաքսային ձևակերպումներն իրականացնել ցեմենտի այնպիսի մաքսային արժեքներով, որպիսիք վստահաբար գոյություն չունեն աշխարհի ոչ մի երկրում (1տ=200$)։ Չնայած դրան՝ կատարված լուրջ գիտական հետազոտությունները թույլ տվեցին պարզել, որ կա այդպիսի երկիր, որտեղ ցեմենտը (զուտ տեսականորեն) կարող է այդպիսի արժեք ունենալ։ Պարզվեց որ այդ երկիրն է . . . Գրենլանդիան (եթե իհարկե որևէ մեկի մտքով կանցնի, որ կարելի է որպես բիզնես՝ զբաղվել Գրենլանդիա ցեմենտ ներմուծելով)։ Ակնհայտ է, որ նման մաքսային արժեքով մաքսազերծման դեպքում ցանկացած ներկրված ցեմենտ՝ տեղականի համեմատ դառնում է գնային առումով ոչ մրցունակ, իսկ ցեմենտի ներկրումը որպես բիզնես՝ ոչ շահութաբեր։

Պարզվեց, որ հեղափոխությունը դրական է ազդել գրեթե ամեն ինչի վրա՝ իսկ ցեմենտի ներկրման փաստացի արգելքի վրա՝ ոչ։ Իսկ ինչու՞ է այդպես։ Չէ՞ որ առաջ պատճառը պարզ էր, առաջ՝ կային պետության կողմից հովանավորվող մոնոպոլիաներ, իսկ հիմա կան . . .
Հունվարի սկզբին ամեն բան պարզվեց և կյանքը կրկին դարձավ հրաշալի, ներկվեց թավշյա երանգներով։ Տեղական արտադրողներից մեկի՝ «պաշտոնաթող» մոնոպոլիստ «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի կողմից հայտարարվեց, որ նվազում է իր արտադրած ցեմենտի գինը՝ սահմանելով այն 1տ=80$-ի չափով՝ նախկինում գործող 1տ=100$-ի փոխարեն (առանց ԱԱՀ)։ Սա ներկայացվեց որպես տնտեսական հեղափոխության ուղղությամբ այս ընկերության կատարած «իր քայլը», ինչը տոգորված էր ցեմենտի սպառողների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությամբ և հոգատարությամբ։

Իրանական էժան ու որակյալ ցեմենտ ներկրելու «սին» և «դատարկամիտ» հույսերով տվայտվող անհեռատես ու ազգադավ գործարարներին հասցված վերջին, հուժկու հարվածը ազգընտիր կառավարության 21.02.2019թ.-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումն էր, ըստ էության հստակ սահմանվեց, որ.

ա/ Իրանն այլևս մեզ բարեկամ պետություն չէ, քանի որ իրանական դավադիր ցեմենտ արտադրողները նպատակամղված դեմպինգ (գնագցում) են իրականացնում ՀՀ ռազմահայրենասիրական տեղական խոշոր-սեփականատիրական ցեմենտ արտադրողների նկատմամբ՝ հետևաբար պետք է պատժվեն ողջ խստությամբ։

բ/ ՊԵԿ-ն այլևս իրավունք չունի ցեմենտի ներկրումն ապօրինաբար արգելել, հետայսու՝ այդ իրավունքը պատկանում է բացառապես միայն ՀՀ ազգընտիր կառավարությանը, հետևաբար՝ պետք է բարձրացնել ցեմենտի ներկրման ինքնարժեքը, ու քանի որ դա մաքսատուրքի միջոցով անելը կամ անհնար է կամ շատ դժվար, որովհետև պետք է փոփոխվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, ապա փորձ է կատարվում շրջանցել դա և ցանկալին իրականություն դարձնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ։ Ընդ որում, դա արվում է այնպիսի փութաջանությամբ, որ օրենքը ուժի մեջ մտնի ընդունումից ընդամենը 10 օր հետո։ Երևի շատ-շատ են նեղել հայրենական արտադրողները հայրենական կառավարությանը, как говориться – уже невмоготу: Շուտով շինարարության ակտիվ սեզոնի բացումն է, պետք է չէ՞ ինչ-որ կերպ կանխատեսել և կառավարել դրամական հոսքերը։

գ/ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ծառայությունների և գործողությունների համար գանձվող պարտադիր վճար է։ Կույրին էլ պարզ է, որ ՀՀ տարածք էժան և որակով ցեմենտ ներկրելու ցանկություն ունեցող անձանց համար պարտադիր վճար սահմանելով՝ ՀՀ կառավարության կողմից այդ անձանց ոչ մի ծառայություն չի մատուցվում։ Փոխարենը, չի բացառվում, որ «ծառայություններ» են մատուցվում տեղական մոնոպոլ արտադրողներին, որի դիմաց հետո նրանք «գործողություններ» են իրականացնելու օրենքի փոփոխության նախագիծը մշակող և պաշտպանող ջերմեռանդ պետական պաշտոնյաների օգտին։
Հարկ է նշել, որ ցեմենտի ներմուծման վրա պետական տուրք սահմանելով կոպիտ ձևով խախտվում է Առևտրի Միջազգային Կազմակերպության առջև ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունները, քանի որ նշված կազմակերպության կողմից հստակ սահմանված է, որ ներքին շուկայի արտադրողների պաշտպանության նպատակով պետությունների կողմից կարող են սահմանվել բացառապես մաքսատուրք այլ ոչ թե պետական տուրք:

դ/ Հատկապես ցնցող էր նիստի ընթացքում հնչած այն միտքը, որ եթե ցեմենտ ներկրողների թիվը և ներմուծման ծավալներն աճեն՝ ապա տեղական արտադրողները գործարանները կփակեն և այդ բազմաթիվ ներկրողները հետո ցեմենտի գները կբարձրացնեն։ Այսինքն՝ ոլորտի ազատականացումն ու մրցակցության խորացումը կբերեն ապրանքի գների աճի՞ն։ Գեթ մեկ տնտեսագիտության տեսության մասնագետ կա՞ կառավարությունում։ Փոխարենը՝ իրար հերթ չտալով խոսեցին կառավարության գրեթե բոլոր անդամները, կաշվից դուրս էր գալիս անգամ արդարադատության նախարարը, ով լուրջ դեմքով վերլուծություններ էր արտաբերում Իրանում էներգակիրների արժեքի նվազման և ցեմենտի արտադրության վրա դրանց ազդեցության մասին։ Ծիծաղելի եք բոլորդ, պարոնա՛յք։ ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, մի՞թե դուք ոչինչ չեք նկատում։
Ամփոփելով՝ ցանկանում ենք մի քանի փաստեր և վիճակագրական տվյալներ ներկայացնել ընթերցողներին։ Նշենք, որ վիճակագրությունը և դրա վերլուծությունը պետք է հիմք հանդիսանար արդարացի որոշումների՝ այլ ոչ թե վերը նկարագրված խայտառակ որոշումների կայացման համար։

Փաստ 1. Իրանի Իսլամական Հանրապետությունում ցեմենտը (M500 մակնիշի) վաճառվում է 1տ=17$,

Փաստ 2. Տեղափոխումը ավտոտրանսպորտով ՀՀ տարածք կազմում է 1տ=55$ (որից 37$՝ մինչև ՀՀ սահման, 18$՝ ՀՀ սահմանից-Երևան)։

Փաստ 3. Մաքսային արժեքը հավասար է ձեռքբերման արժեք գումարած մինչև ՀՀ սահման տեղափոխման արժեք – 17+37=54$՝ 1տ:

Փաստ 4. Վերջին տարիներին տեղական արտադրողների կողմից վաճառվող ցեմենտի (M400 մակնիշի) մեծածախ գինը կազմել է 1տ=100$ (առանց ԱԱՀ)։

Փաստ 5. Տեղական արտադրողների կողմից ՀՀ տարածքից արտահանվել է (M400 մակնիշի) ցեմենտ՝ 2017թ.-ին մոտ 789տ, 1 տ=45,63$, 2018թ.-ին՝ մոտ 4003տ, 1տ=47,26$ (աղբյուր՝ http://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCIExportStatistics&fbclid=IwAR1aMdbZ0vwp0Ah2ZkehrNtotI3VfJWH5j-kM4qmS0ycZ7pcay7fmo_Mc7E, ՀՀ արտաքին առևտուրը՝ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքախմբերով)։
Փաստ 6. Ազգանվեր տեղական արտադրողները տարիներ շարունակ գործունեություն են ծավալել՝ ոչ մի կոպեկ շահույթ չունենալով, ամեն տարի հարկային մարմիններին հսկայական վնասներ հայտարարագրելով։ Ստորև ներկայացվում են այդ բարերարների կողմից հայտարարագրված տվյալները (աղբյուր՝http://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists)։
 

 

* - 2017թ.-ից սկսած վնասների մեծությունները չեն հայտարարագրվել, հրապարակվել է միայն, որ ունեն վնասներ։

Անհամբերությամբ սպասում եմ թե ի՞նչ մեծության վնասներ են հայտարարագրելու ցեմենտի տեղական արտադրողները՝ 2018թ.-ի գործունեության արդյունքներով (տվյալները կհրապարակվեն ապրիլին շահութահարկի հաշվարկների ներկայացումից հետո)։

Այսպիսով ստացվում է, որ ՊԵԿ-ը տեսնում է, որ տեղական արտադրողն արտահանում է ցեմենտը Հայաստանից 46$-ով, բայց չի մաքսազերծվում ՀՀ ներմուծված 55$-անոց ցեմենտը՝ վերջինի համար սահմանելով 200$ գին։ Իր հերթին, թե՛ ՊԵԿ-ը, թե՛ կառավարությունը տեսնում են, որ ՀՀ հպարտ քաղաքացին տեղական արտադրողի ցեմենտը ձեռք է բերում 100$-ով, իսկ Վրաստանի ոչ պակաս հպարտ քաղաքացին՝ նույն մեր տեղական արտադրողից ձեռք է բերում 46$-ով ու դա նորմալ են համարում, ավելին՝ քաջալերում և օրենքների կոպիտ խախտումներով աջակցում են տեղական արտադրողին։

Ստացվում է նաև, որ ցեմենտ սպառող և օգտագործող Հայաստանի հպարտ քաղաքացիները սուբսիդավորում են Վրաստանի ավելի ու ավելի հպարտացող քաղաքացիներին, քանի որ ՀՀ կառավարությունն ու ՊԵԿ-ը տեսնում են, որ տեղական արտադրողները տարիներ շարունակ վնասով են գործունեություն ծավալում, ինչպես նաև կրկնակի անգամ թանկ են վաճառում ցեմենտը տեղական շուկայում՝ որպեսզի ապահովեն Վրաստանի քաղաքացիների կողմից մատչելի գնով ցեմենտի ձեռքբերումը։ Շատ գովելի է, որ այս մոտեցումը պետք է ծառայի այլևս նախկին մոնոպոլիաների և ներկայումս խոշոր սեփականատերերի շահերին։

Մինչդեռ, հարգարժան ՀՀ կառավարությունը տեղյակ չի կարող չլինել նաև այն փաստից, որ միայն 2018թ.-ի տարեսկզբից մինչև 2018թ.-ի սեպտեմբեր ամիսը ԻԻՀ արժույթը՝ իրանական ռիալը կրել է հիպերինֆլյացիա, որի արդյունքում այն արժեզրկվել է շուրջ 3 անգամ (1$=43.000-ից դառնալով 1$=129.000 ռիալ)։ Չի կարող տեղյակ չլինել, որ ցեմենտի գնանկումը հարևան Իրանում ոչ թե ինչ-որ «չարանենգ» դեմպինգի արդյունք է, այլ իրանական արժույթի փոխարժեքի գահավիժման։ Ցավալի է, որ կառավարությունում չկան այնպիսի տարրական գիտելիքներ ունեցող տնտեսագետներ, որոնք կհավաստեին, որ նույնիսկ այն պարագայում, երբ հումքը տեղական է, էներգակիրները տեղական արտադրության է, աշխատավարձը տեղական արժույթով է վճարվում, ապա ապրանքի ինքնարժեքը ռիալով մնում է նույնը, իսկ արտարժույթով (տվյալ դեպքում՝ ԱՄՆ դոլարով)՝ նվազում։ Նշենք, որ ռիալի փոխարժեքի կտրուկ անկումը բերել է նրան, որ ԱՄՆ դոլարով արտահայտված նվազել են ոչ միայն ցեմենտի գները, այլև Իրանի տնտեսության համար այնպիսի ապրանքների գների, որոնք ավանդաբար համարվել են Իրան ներկրվող, ոչ թե Իրանից արտահանվող (օրինակ՝ մետաղյա ամրանների)։ Արդյունքում՝ նմանատիպ բազմաթիվ ապրանքների ներմուծումը Իրանից դարձել է ավելի ձեռնատու, քան ավելի հեռու գործընկեր երկրներից դրանց ներկրումը։
Տեղյա՞կ է մեր կառավարությունը վերը նշված փաստերից և զբաղված է տարրական մանիպուլյացիաներով, թե՞ տեղյակ չէ, որովհետև չի տիրապետում տարրական տնտեսագիտական վերլուծությունների։ Աստվա՛ծ գիտե։ Յուրաքանչյուր դեպքում, սա տրիվիալ կոռուպցիայի՝ համակարգային սխալի ակնհայտ օրինակ է։

Հ.Գ. Փետրվարի վերջին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ի՞նչ եք կարծում, Մեղրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նարկոթրաֆիքի վերաբերյալ, Բոլթոնի այցից հետո՝ սահմանի փակման մասին հայտնի հայտարարություններից հետո, ՀՀ առևտրային բանկերում ԻԻՀ քաղաքացիների կամ ԻԻՀ-ում ծնված ՀՀ քաղաքացիների դոլարային հաշիվների համատարած փակման հետևանքով և ցեմենտի վերաբերյալ այս վերջին շտրիխի առկայության դեպքում՝ ինչպիսի՞ ընդունելություն և վերաբերմունք պետք է ակնկալենք Իրանում։ Այս հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողների վառ երևակայությանը . . .

«Բիզնես օմբուդսմեն»