Մարդկությունը հասկացել է, որ դրա վերջը արյունալի բախումներ են․ Սուրեն Սահակյան
«Հրապարակը» շարունակում է ներկայացնել հանրային, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այսօր ավելի հաճախ են քաղաքական պահանջներ ներկայացնում, քան նախկինում՝ մինչև 2018 թվականը։ Այս անգամ զրուցեցինք «Զանգ» նախաձեռնության հիմնադիրներից մեկի` Սուրեն Սահակյանի հետ, ով ժամանակին ՔՈ կուսակցության անդամ էր։
- Դուք իշխանափոխությունից առաջ եւ հիմա ակտիվորեն մասնակցել եք տարբեր հանրային նախաձեռնությունների։ Նկատել եք, երևի, որ այսօր հանրային խմբերն ավելի հաճախ քաղաքական պահանջներ են ներկայացնում և քաղաքական իրողությունների շուրջ են համախմբվում՝ արցախյան պատերազմ, ապօրինի սահմանազատում, միակողմանի զիջումներ թշնամուն, և այլն։ «Զանգը» պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Բայց ունե՞ք հստակ ծրագիր, թե ինչ է լինելու հետո։
-Այո, երկրում տեղի ունեցողը, թե՛ առաջ, թե՛ հիմա ինձ չափազանց հուզում է և ես փորձում եմ իմ առավելագույն մասնակցությունն ունենալ քաղաքական գործընթացներին։ Նախկինում էլ էին դրանք քաղաքական։ Եթե մարդը մի օր արթնանում է, մեր միասնական կյանքի մեջ փոփոխության պահանջ զգում ու հաջորդ քայլով հանրային դրա մասին արտահայտվում, դա արդեն իսկ քաղաքական է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա այսօր ամենից շատ մտահոգիչ երևույթները մեր արտաքին մարտահրավերներն են և որ ավելի կարևոր է՝ կառավարության արձագանքը դրան։ Կարելի է ներել, երբ ենթադրենք՝ ավիացիոն կամ տնտեսական ոլորտում մի փոքր ձախողվում են, բայց Հայաստանի և կառավարության առաջ հարցեր են ծառացել, որոնց լուծումներում նվազագույն սխալն իսկ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Մասնավորապես, պատերազմից հետո այդ մարտահրավերներին կառավարության արձագանքն այն է, որ առաջարկում են մեղքի զգացմամբ լցվել թշնամիների նկատմամբ և փոխել մեր ինքնությունը՝ հլու-հնազանդ կատարելով նրանց վաղեմի երազանքները, որպեսզի շատ փոքր հավանականությամբ թշնամիները մեզ «ներելու» շանս տան։ Իհարկե, նրանք այլ կերպ են ձևակերպում դա՝ սպիտակ աղավնիներով ժապավենով կապում, շատ գրավիչ փաթեթավորում են, վրան էլ գրում «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Մինչդեռ այդ մոտեցումը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի։ Հենց դրա վերաբերյալ փաստարկներով էր, որ մենք ստեղծեցինք «Զանգ» նախաձեռնությունը և փորձեցինք ակտիվ իրազեկել այդ մասին։ Իրավիճակի մեր գնահատականն այն է, որ որդեգրած այդ արատավոր քաղաքականության մեջ գործող կոլաբորացիոնիստական կառավարությունն այնքան համոզված է, որ իրավիճակից ելքը միայն կարող է լինել նրանց հեռացնելն ու նոր, տրամագծորեն այլ հայացքներ ունեցող կառավարության ընտրությունը։ Նոր կառավարության անելիքը պետք է լինի նույնը, ինչ գրված է ոչ միայն մեր, այլ բոլոր սահմանադրություններում՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, խաղաղ երկինքը, արժանապատվությունը և ինքնության շարունակական զարգացումը։ Սրանք պարզ բաներ են, որոնք գործող կառավարությունը կարող չէ՛ իրականացնել։ Բայց ասվածը շատ ամորֆ էր, մենք վերոգրյալ երևույթները ներկայացրել էինք 7 կետով։ Անկեղծ ասած, կարծես դրանցով լայն զանգվածները չհետաքրքրվեցին։ Հետագա ընթացքն էլ ցույց տվեց, որ ծրագրային որևէ կետերով հետաքրքրված չեն մարդիկ։
- Այսօր չափազանց ակտուալ են ու հանրությանը հուզող պատերազմի եւ խաղաղության հարցերը, Ձեր դիրքորոշումը ո՞րն է, ո՞րը կարող է լինել խաղաղության գինը։
- Խաղաղության մասին մեկը մյուսից զարմանահրաշ տեսակետներ կան մեր լայն հանրության շրջանում։ Մեկը հենց կառավարության մոտեցումն է՝ որ եթե մենք զիջենք այն ամենը, ինչ թշնամին մեզնից պահանջում է, նա անպայման կների և մեր «եղբայրական» գիրկը կնետվի։ Դա, կառավարության դեպքում, ոչ միայն տեսակետ է, այլ արդեն վարվող քաղաքականություն։ Իսկ ընդհանրապես, խաղաղություն լինում է, երբ խնդիրներն արդար են լուծվում։ Չի կարող մի տեղ երկարատև խաղաղություն լինել, եթե անարդարության հիմքով լուծված խնդիրներ են մնացել։ Առաջին համաշխարհային պատերազմց հետո, երբ մարդկությունը 10 մլն երիտասարդ կյանք էր զոհել ու սարսափել դրանից, խաղաղության պամանագիր կնքվեց։ Դրա կետերն այն աստիճան անարդար էին պարտվող կողմի՝ Գերմանիայի, համար, որ նույնիսկ նրանց պարտության մատնած ֆրանսիացի մարշալներից մեկը պնդել էր, թե դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հետաձգման պայմանագիր է։ 30 տարի անց մարդիկ 80 մլն երիտասարդ զոհեցին։ Եթե մի տեղ չկա արդարություն, այդտեղ կոնֆլիկտներից խուսափել չի լինելու։ Արցախի հայերը զրկվել են իրենց տներից ու ունեցվածքից, հայությունը զրկվել է իր հայրենիքի մի մասից։ Եթե այդ խնդիրները արդար կերպով չլուծվեն, եթե ոչ մենք, ապա անկախ իմ ու ձեր կամքից հաջորդ սերունդներն են պատերազմելու։ Ավելին, մեր կյանքում այլևս կայուն քաղաքական, հանրային կյանք չի լինելու։ Դա մեզնից չի կախված, ադրբեջանցիներից չի, գերմանացիներից ու ռուսներից չի։ Իր ամբողջ գոյության ընթացքում մարդկությունը արդարության է ձգտում։ Դրանով են պայմանավորված նրա բոլոր մղումները, քայլերը, երկրի ու միջազգային օրենքները, կրոնը, այն ամենը ինչ մարդը ստեղծել է իր համար։ Իսկ որպեսզի պատերազմը տեղի ունենա, բավարար է, որ մեկը համոզիչ կերպով մարդկանց պատմի, թե իրենց հանդեպ ինչ անարդար են վարվում։ Մեր դեպքում դա համապատասխանում է իրականությանը։
- Ի՞նչ դիրքորոշում ունեք Արցախի հարցում եւ ո՞ր ուժերին եք դաշնակից տեսնում «Զանգին»:
- Արցախի ապագան պետք է որոշի այդ հողի տերը՝ տեղում բնակվող մարդիկ։ 1989-ին նրանք իրենց վճիռը կայացրել են։ Եթե այդ վճռի մեջ փոփոխության կարիք զգան, կփոխեն, եթե ոչ՝ ապա նրանց կամքը պետք է իրականացվի։ Դա իմ ցանկությունը չէ, որևէ մեկի անձնական ցանկությունը չէ։ Այդպես է վերջին 80 տարում գործող միջազգային կարգը։ Մարդիկ, որոնք հազարավոր տարիներ պատերազմել են, նոր, ավելի ավերիչ զենքեր ստեղծել և իրենց արածից սարսռացել, որոշել են օրենքներ/կարգեր գրել, որպեսզի այլևս այդպիսի պատերազմներ չլինեն։ Եվ ըստ այդ կարգերի, ոչ ոք իրավունք չուներ արցախցիներին վերջնագրեր ներկայացնել և չկատարելու դեպքում քշեր իրենց տներից ու հայրենիքից։ Մարդկությունը հասկացել է, որ դրա վերջը արյունալի բախումներ են։ Գուցե ոչ հիմա, բայց մի օր դա անպայման տեղի է ունենալու։ Դրա համար միջազգային քաղաքականության մեջ գոյություն ունի «ինքնորոշման իրավունք» հիմնարար սկզբունքը։ «Զանգ» նախաձեռնությունը վերոնշյալ երևույթներով մտահոգ մարդկանց խումբ է, որն ուզում էր և շարունակում է ուզել լուծված տեսնել այս խնդիրները։ Բոլոր այն մարդիկ, որոնք նույնքան մտահոգ են և պատրաստ են իրենց մի լուման ունենալ լուծման մեջ, մեր դաշնակիցներն են՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։ Որպես երկրի քաղաքացիներ, մենք մեր երկրի հետ կապված հարցերում որոշում կայացնելու բացառիկ իրավունքով ենք օժտված։ Ոչ մի առանձին մարդ, խումբ կամ միջազգային կազմակերպություն այդ իրավունքը մեզնից չի կարող օտարել։ «Զանգն» առաջարկում է քննարկել մեր ընդհանուր լուծումները և գտնել առավել համակարծության հասած ձևով։ «Զանգ»-ը ոչ ֆորմալ ձևավորված խումբ է և կուսակցություններին կամ այլ ֆորմալ խմբերին հատուկ դաշինքները այս դեպքում կիրառելի չեն։ Բոլորը, որոնք լուծումների հարցում անհատապես համակարծության կհասնեն, մեր դաշնակիցներն են։
Կարծիքներ