Սիրիայում 8 ժամ սպասեցրել և ներս չեն թողել ռուս զինվորականներին

Սիրիայում 8 ժամ սպասեցրել և ներս չեն թողել ռուս զինվորականներին

Սիրիայի պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել ռուսական ռազմական շարասյանը մտնել «Տարտուս»-ի բազա։ 

Ինչպես նշում են արտասահմանյան լրատվամիջոցները, Լաթաքիա նահանգի «Խմեյմիմ» ավիաբազայից 30 հրթիռներով զինված մեքենաների շարասյունը կանգնեցվել է «Տարտուս»-ի անցակետում Սիրիայի նոր կառավարությանը հավատարիմ զորքերի կողմից։

Անցակետում ութ ժամ սպասելուց հետո ավտոշարասյունը ստիպված է եղել վերադառնալ «Խմեյմիմ» բազա։
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրայի վերջին հայտարարությունների ֆոնին, որ ռուսական բազաների պահպանումը կախված կլինի Սիրիային դրանց օգուտներից. «Եթե մենք դրանից օգուտներ ստանանք Սիրիայի համար, ապա՝ այո»:

Ռուս զինվորականները «Խմեյմիմ» բազան օգտագործում են 2015 թվականի օգոստոսից՝ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ համաձայնագրով։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդդիմության գործողություններից հետո Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությունը կենտրոնացրել է Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ ռուսական ռազմակայանների ճակատագրի հարցը «պահանջում է լրացուցիչ խորհրդակցություններ, որոնք կշարունակվեն»։ 

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Մոսկվայի մտադրությունը՝ «շարունակել երկխոսությունը» Սիրիայի նոր իշխանությունների հետ բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ ռազմակայանների կարգավիճակի վերաբերյալ։