Արմեն Սարգսյանը կրկնեց 1997-ի քայլը․ ով կփոխարինի նրան

Արմեն Սարգսյանը կրկնեց 1997-ի քայլը․ ով կփոխարինի նրան

1996 թվականի վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանը կտրուկ կադրային փոփոխություններ սկսեց իրականացնել։ 96-ի նախագահական ընտրությունների հետքերը մաքրելու եւ մաքրվելու անհրաժեշտություն կար եւ 96-ի նոյեմբերին անսպասելիորեն Հրանտ Բագրատյանին պաշտոնանկ անելով՝ նա ՀՀ վարչապետ նշանակեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ Այն ժամանակ, որքան էլ տարօրինակ է, բավականին դրական ընկալվեց այս նշանակումը։ Երիտասարդ, եւրոպաներում կրթված ու ապրած Արմեն Սարգսյանը կարող էր նոր շունչ բերել, բարեփոխումներ իրականացնել, ներքաղաքական լարումը, որը ստեղծվել էր Վանո-Վազգեն զույգի եւ ընտրությունների կեղծման արդյունքում, թուլացնել։ Եւ իսկապես՝ նոր վարչապետը սկսեց խոսել մեզ համար անսովոր եւրոպական արժեքներից ու մտածողության փոփոխությունից, քաղաքակիրթ նոտաներ բերեց կառավարման ոլորտ։ Բայց հին գայլերը, գումարած իշխող քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն պատրաստ չէին այդ փոփոխություններին եւ առավել եւս դրսից ժամանած Արմեն Սարգսյանին ընդունելուն։ Ինքն էլ, կարճ ժամանակ անց պարզվեց, որ հայաստանյան ջունգլիներում իրեն լավ չի զգում եւ որպես եւրոպական ջերմոցային պայմաններում ապրած անձ, շուտով խնդիրներ ունեցավ եւ, ինչպես ասում են, զադնի դրեց։ 

Հազիվ 2 ամիս պաշտոնավարելուց հետո նա հեռացավ Լոնդոն։ Համառ լուրեր շրջանառվեցին, որ նրան ծեծել կամ ապտակել է Վազգեն Սարգսյանը, հետո որքան էլ այդ լուրերը հերքեցին՝ որ խնդիրն առողջական էր, նստվածքը մնաց։ Ամենակարեւորը՝ Լոնդոն ուղեւորվեց կարճ ժամանակով՝ որպես արձակուրդ, ապա օրերն անցնում էին եւ նա չէր վերադառնում։ Լուրեր էին շրջանառվում, որ փորձում են համոզել, որ հետ գա՝ չի ստացվում։ 97-ի հունվարին ՀՀ վարչապետի աթոռը տեւական ժամանակ թափուր էր, ապա Տեր-Պետրոսյանը հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին։ Մեծ բրիտանական փափուկ միջավայրում ապրած մարդը, պարզվեց՝ պատրաստ չէ հայկական միջավայրում ապրել, աշխատել ու պայքարել։ Եւ նա ինչպես 97-ի փետրվարին, այնպես էլ այսօր նորից հեռացավ դեպի մառախլապատ Ալբիոն՝ իր հետեւից թողնելով հիասթափության եւ անհասկացողության մեծ շերտ։ Փաստորեն, պատմությունը կրկնվում է։

Այս անգամ, իհարկե, նա մի քիչ ավելի երկար դիմացավ՝ մոտ 4 տարի։ Բայց նորից ապացուցեց, որ հայկական խստաշունչ միջավայրն իր տեղը չէ՝ ինքն ունակ չէ պայքարելու, սկզբունքներ պաշտպանելու։ Ինքը ենթարկվում է ուժեղին, հրաժարվում պետության գլխի պարտականություններից, չի գիտակցում իր առաքելությունը։ Իր հրաժարականի տեքստում տված բացատրությունները, թե՝ գործիքներ ու լիազորություններ չունի ՀՀ նախագահը, ընդամենը պատրվակ են, թուլությունը, վախերը քողարկելու միջոց։

Իրականում 2018 թվականից սկսած նա սեւ գործ է արել՝ դավաճանելով ոչ միայն հայ ժողովրդի ու հայոց պետության շահերին, այլեւ իրեն նշանակած թիմին, միաամանակ վճռական պահերին ծառայելով նոր թիմին ու վարչապետին՝ համաձայն չլինելով նրա քայլերի ու ոորշումների հետ։ Ամենավճռական պահերին, երբ իր խոսքը կարող էր վճռորոշ լինել, Արմեն Սարգսյանը լռել է ու իշխանությունների կամքին ենթարկվել։ Անգամ ՄԻՊ Արման Թաթոյանի վճռականությունը չի ունեցել՝ հայտարարություններ անելու եւ հայկական շահը պաշտպանելու։ Մի՞թե ՀՀ նախագահի լիազորություններն ավելի նվազ են, քան օմբուդսմենինը։ 

Միայն պատերազմից հետո մեկ անգամ նա վճռականություն դրսեւորեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով, ապա գնաց գործարքի՝ պարբերաբար հանդիպելով նրա հետ եւ պետական ինստիտուտների մեջ համերաշխության պատրանք ստեղծելով։ Մինչդեռ կարող էր եւ իր ունեցած լծակներն օգտագործել եւ այդ լծակների սահմաններից դուրս գալ՝ ինչպես անում են բոլորը։ Օրինակ, կարող էր համախմբել հանրությանը, պայքարի գլուխ կանգնել, ցույց տալ իշխանությունների սխալներն ու նոր քաղաքական շարժում գեներացնել։ 

Այժմ գանք բուն հրաժարականի քայլին։ Մեր աղբյուրներն ասում են, որ այն պայմանավորված է արտաքին քաղաքական զարգացումներով՝ Արմեն Սարգսյանը չի ցանկացել մաս կազմել մի քաղաքականության, որտեղ պարզ է, որ Հայաստանի ճակատագիրն այլեւս դրսում է որոշվում եւ հակահայկական ուղղվածությամբ։ Ներքաղաքական կյանքում չկան կտրուկ զարգացումներ, որոնք կարող էին Սարգսյանին մղել հրաժարականի։ Այսինքն, նա չի ցանկացել իր վրա պատասխանատվություն վերցնել՝ հետագայում ստորագրվելիք ինչ-ինչ փաստաթղթերի համար, որոնց հետեւանքով իր անունը պատմության մեջ գրվելու է հայոց պետականության թշնամիների ցանկում։ Թերեւս որոշակի դեր է խաղացել մեծբրիտանական թելադրանքը՝ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի ու ավելի է մտնում ռուսական ազդեցության տիրույթ։ Պատմության մեջ մնալու համար այս 4 տարին էլ բավարար է, ավելին կարող էր իր սերունդների համար անեծքի պատճառ դառնալ, իսկ ֆինանսական եւ այլ խնդիրներ ինքը չունի, որ այդ կարգավիճակի կամ եկամուտների համար պահի աթոռը՝ հանդուրժելով այդ դիսկոմֆորտը։

Ինչ վերաբերում է առաջիկա զագացումներին։ Ի դեպ, ՀՀ նախագահի աթոռը ամենագայթակղիչ աթոռներից է՝ կարելի է ոչինչ չանել, բայց վայելել կյանքը, ուստի հավակնորդների պակաս չկա։ Դեռեւս ամիսներ առաջ, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Փաշինյանը որոշել է ազատվել Արմեն Սարգսյանից, անուններ էլ էին շրջանառվում, հատկապես՝ Արարատ Միրզոյանի անունը, որը վիրավորված է ԱԺ նախագահի աթոռը կորցնելու փաստից եւ գոհ չէ ԱԳ նախարարի պաշտոնից։ Երկրորդ հավակնորդը, որը հայտնի է պետական կառավարման համակարգում տարիներ շարունակ ոչինչ չանելու կամ՝ ավերելու, բայց բարձր պաշտոններ զբաղեցնելու իր հավակնություններով, Արայիկ Հարությունյանն է՝ ԿԳՄՍ նախկին նախարարը, որն այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում։ Նրան էլ կառավարությունում կարող է փոխարինել Տիգրան Ավինյանը, որը գորշ կարդինալի իր դերից մեկ օր անգամ չի հրաժարվել։ Մեկ այլ թեկնածուի անուն էլ է շոշափվում՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը, ով այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին։ Սակայն ով էլ որ այս պահին նշանակվի, ժամանակավոր է լինելու իր պաշտոնում։

Սահմանադրական փոփոխությունների հարցը ամենայն հավանականությամբ կարագացնեն, ապա նախագահական կառավարման անցած երկրում այդ պաշտոնը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանը, ով իր թիմից մի ուսապարկի վարչապետ կնշանակի եւ պատասխանատվությունը կբարդի նրա վրա, ինչպես ժամանակին անում էին ՀՀ նախկին նախագահները։ Այնպես որ մտնում ենք նոր՝ ավելի բարդ ու անկանխատեսելի փուլ, որտեղ Արմեն Սարգսյանի նման հարմարվողականներն էլ արդեն չեն հարմարվում։

Սվետա Մարտիրոսյան