Հիմա կանգնելո՞ւ ես, թե՞ ոչ

Հիմա կանգնելո՞ւ ես, թե՞ ոչ

Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի ելույթից կարելի է հստակ եզրակացնել, որ նա մնացել է 2018թ. էյֆորիայի մեջ: Կարծես ո՛չ 2019 թվական է եղել, ո՛չ 2020, եւ դրսում էլ 2018թ. մայիսն է, օգոստոսի 11-ը կամ հոկտեմբերի 2-ը: Անշուշտ, 2 տարին շատ կարճ ժամանակ է հեղափոխության, ինչպիսին էլ այն լինի, նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար, բայց, համաձայնեք, որ 2 տարին լիուլի բավարար էր Նիկոլ Փաշինյանին՝ էյֆորիկ հոգեվիճակը հաղթահարելու համար: Տպավորություն է, որ Փաշինյանը նույնիսկ բաց է թողել վարչապետ դառնալու փաստը: Այլապես նա 2 տարի շարունակ իր ելույթները չէր կառուցի հաթաթաների, սպառնալիքների, երկիմաստ պիտակավորումների ու զանազան այլ անորոշ բաների վրա:

Նրան 2 տարի հետապնդել է «նախկինների» ուրվականը, նա երկու տարի շարունակ կռվել է այդ ուրվականի դեմ՝ չնկատելով, որ ժամանակն անցնում է, անցնում է ամբոխի էյֆորիան, ու ամբոխը սկսում է կամաց-կամաց ընկալել անողոք իրականությունը: Իսկ իրականությունն իսկապես անողոք է՝ քանդված տնտեսություն, տապալված արտաքին քաղաքականություն, չլուծվող սոցիալական խնդիրներ, մինչեւ վերջ այլանդակված արդարադատություն, քաղաքական հետապնդումներ, չկատարված բազում գեղեցիկ խոստումներ… Եվ այսքանից հետո բարձրանաս ԱԺ ամբիոն, ամբիոնը դմփդմփացնես, ոտքերդ խփես գետնին ու հայտարարես, որ դու ես որոշելու, թե ով կլինի ապագա խորհրդարանում, իսկ ով՝ ոչ, մի տեսակ համոզիչ չի հնչում: Ես արդեն չգիտեմ, թե այդ ինչ հողմաղացների դեմ էր կռիվ տալիս Փաշինյանը, երբ խոսում էր ընդդիմադիր ուժերի, այսպես ասած՝ հանրահավաքներից ու սպառնում ավելի շատ մարդ հանել փողոց: Նախ՝ ինչո՞ւ պետք է երկրի վարչապետը մարդ հանի փողոց՝ սկսենք այստեղից: Ենթադրենք, ես ցույց եմ անում կառավարության կամ ԱԺ որեւէ որոշման դեմ, որն իմ շահերից չի բխում: Իմ դեմ, ինչ է, Փաշինյանը 20 մարդ է հանելու եւ տուրուդմփո՞ց սարքի: Դրանից հետո իմ խնդիրը լուծվո՞ւմ է: Բայց պատկերացրեք, թե տուրուդմփոցն ինչ չափերի կհասնի, երբ ինձ հետ մի 2 հազար մարդ լինի փողոցում, ու Փաշինյանն էլ 10 հազար հանի… Նրա «զորքը», բնականաբար, կպարտվի, դա չէ հարցը, իսկ ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները:

Փաշինյանը նախկինների փողերի ու կոռուպցիայի մասին այնպես էր խոսում, ասես այս տարիներին ինքը ո՛չ փող է տեսել, ո՛չ անցել կոռուպցիայի կողքով: Մի քանի անգամ, սակայն, Փաշինյանը հրաշալի առիթ ուներ հերքելու իր կապը փողի ու կոռուպցիայի հետ, բայց չարեց, հրաժարվեց օգտվել պատեհ առիթներից ու իր ոճով սկսեց հակադարձել, թե դուք՝ նախկիններդ… Բայց խոսքն ամենեւին էլ նախկինների մասին չէ, ավելին, այդ «նախկիններից» շատերի հետ Դուք այսօր տալիս-առնում եք, պարոն Փաշինյան, խոսքն այս դեպքում Ձեր մասին է, Ձեր ստեղծած համակարգի, որի ներսում Դուք Ձեզ թագավոր ու դատավոր եք հռչակել:

Գոնե հիմա, երբ հողը սարսափելի արագությամբ փախչում է ոտքերի տակից, Փաշինյանը պարտավոր է արգելակել: Կփրկի դա նրան, թե ոչ, չեմ կարող հաստատ ասել, բայց գիտեմ, որ իրականություն վերադառնալու վերջին շանսն արդեն այսօր արգելակելն է, որովհետեւ վաղը գուցե չկարողանա դա անել, չթողնեն, որ արգելակի: Հենց միայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս խառնիփնթոր վիճակը կարող է նրա գլխին այնպիսի պատուհաս դառնալ, որ նույնիսկ մտքով էլ չի անցկացրել: Բայց եկեք նայենք, թե ովքեր Փաշինյանին դրդեցին ՍԴ-ի դեմ քայլերին, ովքեր Փաշինյանին ոգեկոչեցին՝ կալանավորել Քոչարյանին, որից հետո ՍԴ-ն կայացրեց իր հայտնի որոշումը՝ այդ կալանավորման հետ կապված, վերջապես՝ ո՞վ ուղիղ մատնություն կազմակերպեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, որից հետո ԱԱԾ հրավիրվեցին ինչպես ՍԴ նախագահը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները: Եվ հենց մեզ համար հստակ լինի Փաշինյանին սխալ ուղղորդումներ տված այդ մարդկանց ցանկը, իսկ շատ մեծ չէ, պարզ կդառնա նաեւ, թե այդ ովքեր են, որ Փաշինյանին այսօր խանգարում են արգելակել: Այդ նույն մարդիկ հասան Ոստիկանությունից Վալերի Օսիպյանի, իսկ ԱԱԾ-ից Արթուր Վանեցյանի հեռացմանը: Նրանց պետք չէր, որ Փաշինյանի կողքին լինեին սթափ մտածող մարդիկ: Սա է եղել այս խաղի ողջ նպատակը: Եվ այս կեղտոտ խաղից օգտված ստահակներն այսօր պատրաստ են մինչեւ վերջ, մինչեւ կործանում առաջ մղել Փաշինյանին, որովհետեւ, հենց  Փաշինյանի գլխում հստակություն հաստատվի, գիլիոտինի առաջին մսացուն իրենք են դառնալու:

Իսկ ամենազարմանալին էլ այն է, որ նախկին լրագրող Փաշինյանն այս երկու տարում չհասկացավ, որ մամուլը չի կարող միայն գովերգել: Քիչ էլ չենք գովերգել, ասեմ, բայց հո միշտ չի՞ կարելի դրական լույսի ներքո ներկայացնել մի բան, որ կոչվում է դատարկ պոպուլիզմ: Մեր քննադատություններն էին, որ պետք է ուժեղացնեին Փաշինյանին ու նրա կառավարությանը, մենք այլ լծակներ չունենք, որոնք կստիպեին այդ կառավարությանն աշխատել, մեր ունեցածը մի գրիչ է: Այսպես հարձակվել մամուլի ու լրատվամիջոցների վրա, ներողություն արտահայտությանս համար, լուտանքներ թափել, կարող էր միայն մամուլի ու ԶԼՄ-ների մասին տարրական իմացություն չունեցող մարդը: