Եթե որեւէ մեկը կանգնի, ես էլ գնալու եմ հետները կանգնեմ

Եթե որեւէ մեկը կանգնի, ես էլ գնալու եմ հետները կանգնեմ

Արցախի՝ Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, ըստ որի մինչեւ օգոստոսի 25-ը բնակիչները պետք է լքեն գյուղերը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ բնակավայրերից մշակութային հուշարձանների տարհանման ուղղությամբ․

«Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք մեր պատմամշակութային արժեքներն ամբողջական դուրս բերել եւ տեղափոխել Արցախի մնացած հատվածներ։ Մենք մեր մշակութային ժառանգությունը չենք թողնի թշնամուն։ Համապատասխան քայլերը կատարվում են, նրանք, որոնք վկայագրված չեն՝ կվկայագրվեն, որոնք արդեն վկայագրված են՝ տեղափոխում ենք ապահով վայրեր»։  

Նախարարն ասում է՝ թեպետ այդ բնակավայրերում գործող թանգարաններ չկան, բայց կան արժեքավոր պատմամշակութային վկայություններ, հնություններ, խաչքարեր․ «11-րդ դարի խաչքար ունենք, որը տարհանել ենք, բայց ունենք նաեւ նոր ժամանակաշրջանի հնություններ՝ խաչքարեր, հուշակոթողներ, հուշարձաններ, գրքեր, գրադարանը, ի վերջո՝ եկեղեցիներ, որի դեպքում, ցավոք, չգիտեմ ինչ ենք անելու»։ Թե մոտավորապես քանի՞ միավոր է կազմում, Ա․ Հակոբյանը դժվարանում է նշել, ասում է՝ վերջում կհաշվարկեն․ «Ճանապարհներին էլ կան հուշակոթողներ, որոնք վկայագրված չեն եղել, դրանք եւս տարհանում ենք, որովհետեւ մերն են»։ 

Ադրբեջանն արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Նախագծի համաձայն, պետք է անջատվի Սուրբ Համբարձում եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, պետք է կառուցվեն մինարեթներ։ Եկեղեցու պատերի բոլոր հայատառ արձանագրությունները ջնջվելու են։ Այս մասին ադրբեջանական կողմը օրերս նաեւ հրապարակել էր լուսանկար․ «Եկեղեցիների դեպքում մենք հիմա մտածում ենք՝ ի՞նչ ենք անելու․․․, ինչպե՞ս կարող ենք կանխել, քայլեր ենք մտածում՝ հասկանալու, թե ինչ հնարավոր լուծում կարող ենք գտնել եկեղեցու հարցում, դա արդեն մի խաչքար չէ, որ հանենք տանենք․․․, արդյունքում էլի կպղծեն, վայրագգությունների կենթարկեն մեր մշակութային արժեքները։ Իրենք միշտ էլ մեր պատմությունը յուրացրել են, մեր մշակութային արժեքները պղծել են, հիմա նույնն է կատարվում՝ պատմությունը կրկնվում է եւ դա ողջ մարդկության աչքի առաջ։ Այս առումով չեմ կարող ասել եկեղեցու ճակատագիրը ինչպես կլինի, կախված է նրանից, թե ինչ կհաջողվի մեզ անել»։    

Շատ անհատներ եւ ընտանիքներ պատրաստվում են ինքնապաշտպանություն կազմակերպել Աղավնոյում եւ չհեռանալ գյուղից։ Սա ե՞լք է իրավիճակից, թե՞ հուսահատ քայլ, նախարարը խուսափում է քաղաքական գնահատական տալ, բայցեւայնպես նկատում է, որ դժվար է մարդկանցից պահանջել լքել իրենց հայրենիքը․ 

«Մենք չենք կարող ոչ մի գնահատկան տալ այդ մարդկանց արարքին, որովհետեւ ցանկացած արարք պահից դրդված համարվում է ճիշտ։ Իրենք ինչպես էլ մտածեն՝ իրենց հայրենիքն է, եւ իրենց քայլերը իրենց պահի դրությամբ դիտարկվում է ճիշտ։ Եթե Աղավնոյի, Բերձորի բնակիչները տարհանվեն, բնական է, մենք ոչինչ չենք կարողանա անել, եթե որոշեն այլ բան՝ ես, որպես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար ամեն ինչով պատրաստ եմ նրանց աջակցելու։ Եթե որեւէ մեկը կանգնի, ես էլ գնալու եմ հետները կագնեմ, եթե որեւէ մեկը պատրաստ լինի կռվել, ես էլ եմ գնալու, հո՞ մենակ չենք թողնելու մեր հայրենակիցներին։ Այս պահին Արցախի Հանրապետությունը չի ստորագրել որեւէ փաաստաթուղթ այդ առումով, բայց եթե մենք ստիպված ենք տարհանվել, ապա մեր արժեքներն էլ տարհանելու ենք՝ թե հոգեւոր- մշակութային, թե նյութական եւ ոչ նյութական արժեքները։ Հիմա մի մասը տարհանել ենք, մի մասն էլ փաստաթղթավորում ենք՝ վկայագրերով, այն, ինչ կա»։