Ձերբակալեք Արման Բաբաջանյանին, և նա կխոստովանի

Ձերբակալեք Արման Բաբաջանյանին, և նա կխոստովանի

Ձերբակալեք Արման Բաբաջանյանին, եւ նա ճիշտը կասի, թե ինչ է խոսել Նաիրի Հունանյանի հետ: Ինձ թվում է՝ այդ հանդիպմանը մոտ մեկ տասնյակ մարդ է մասնակցել, այլապես Արմանի քաջությունը, մեղմ ասած, չէր հերիքելու Նաիրի Հունանյանի հետ դեմառդեմ նստելու եւ խոսելու համար: Սենյակում, որտեղ կայացել է հանդիպումը (կայացե՞լ է, արդյոք, նման հանդիպում), ըստ Արման Բաբաջանյանի՝ եղել են բոլոր «հարմարությունները»՝ հարկ եղած դեպքում Նաիրի Հունանյանին «հանգստացնելու, դեղ տալու եւ վերջապես՝ կապկպելու նպատակով: Այդ ամենը գործի դնելու համար միայն ՔԿՀ-ի ղեկավարի ներկայությունը հաստատ բավարար չէր: Սա էլ ձեզ վկաների մի ամբողջ փունջ:

Ինչո՞ւ ձերբակալել հենց Արման Բաբաջանյանին: Այդ մասին կխոսենք քիչ հետո, իսկ առայժմ՝ մի քանի կարեւոր հարց: Ինչո՞ւ կազմակերպվեց այդ հանդիպումը, ո՞վ կազմակերպեց, ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին ընտրեցին հանդիպման համար, ինչո՞ւ դա տեղի ունեցավ ցավալի իրադարձության 20-րդ տարելիցի նախօրյակին, եւ, վերջապես՝ եթե իսկապես Նաիրի Հունանյանը խոսել է, ապա ինչ է ասել եւ ինչ անուններ է տվել, որոնք, ըստ Արման Բաբաջանյանի՝ բացառապես ռեւանշիստական թեւից են: Այս հարցերը պետք է պարզաբանվեն անկախ այն հանգամանքից՝ դրակա՞ն, թե՞ բացասական պատասխան կտրվի Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին: Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ն ինքնին ժամային չափումների չի ենթարկվում, եւ այն անձինք, որ այս կամ այն կերպ առնչություն են ունեցել այդ ահաբեկչությանը, ողջ կյանքում են կապված մնալու տեղի ունեցած ողբերգության հետ՝ բանտում լինեն, թե բանտից դուրս: Հետեւաբար, կարեւորն այստեղ ոչ թե Նաիրի Հունանյանի դիմումն է, այլ հոկտեմբերի 27-ի շահարկումը, որ տեղի է ունենում բացառապես քաղաքական նկատառումներով:

Արման Բաբաջանյանը պարտավոր է հայտարարել այն մարդու անունը, ով նրան ներգրավել է այս պատմության մեջ: Ազատության մեջ Արման Բաբաջանյանը պարծենում է, թե սա իր նախաձեռնությունն է: Հավատացած եմ՝ իրավապահների համար նա ուրիշ երգեր կերգի, քանզի Նաիրի Հունանյանին հանդիպելը հաստատ Արման Բաբաջանյանի մանկության երազանքը չի եղել: Մենք հասկանում ենք, որ Արման Բաբաջանյանը «լրջագույն» պատճառներ ունի Ռոբերտ Քոչարյանին «չսիրելու» համար, ի վերջո՝ նա նստել է հենց Քոչարյանի օրոք, բայց իմ ճանաչած Արմանին նույնիսկ այդ հանգամանքը չէր կարող ստիպել՝ խաղալ կրակի հետ:

Ինչո՞ւ կազմակերպվեց Բաբաջանյան-Հունանյան հանդիպումը: Արման Բաբաջանյանը կարող է այս հարցին չպատասխանել: Կարծում եմ՝ այլեւս գաղտնիք չէ, որ Քոչարյանի նկատմամբ սկսված քաղաքական հալածանքն արդյունքներ չի տալիս, մինչդեռ այն սպառնում է վերածվել կարգին գլխացավանքի իշխանությունների համար: Վերջիններս որոշել են ամեն գնով հասնել ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական մեկուսացմանը եւ կանգ չեն առնում անգամ խայտառակ տապալումներից հետո:

Փշրվել են այս ուղղությամբ իշխանությունների բոլոր պլանները՝ մարտի 1-ի գործով դատ կոչվող կլոունադան, ճնշումները դատարանների վրա, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սանձազերծված պատերազմները եւ այլն: Հասել են հոկտեմբի 27-ը շահարկելուն: Եվ նկատենք՝ բոլորը քաշվել են մի կողմ, իսկ ինտրիգը խաղարկում են մի մարդու միջոցով, ում ղեկավարած լրատվամիջոցներով 9 տարի շարունակ շրջանառել են մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի սլաքներն իրենցից վանելու տխմար քարոզչությունը: Ահա եւ պատասխանեցինք հարցին՝ ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին ընտրեցին այս խաղի համար:

Ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցը լավագույն առիթն էր Քոչարյանի դեմ մոբիլիզացնելու նաեւ զոհված պետական այրերի հարազատներին, որոնց համար հոկտեմբերի 27-ի բացահայտումը միշտ եղել եւ այսօր էլ մնում է թիվ մեկ պահանջը՝ ուղղված ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին: Այսուհանդերձ, զարմանալի էր Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի զուսպ եւ հավասարակշիռ պահվածքը, որոնք, թվում էր, Արման Բաբաջանյանին պետք է գցեին մի «պադվալ» եւ պահանջեին, որ իրենց պատմեր այն ամենը, ինչ լսել էր Նաիրի Հունանյանից: Իսկ Արման Բաբաջանյանը, ինչպես ինքն է ասում, Նաիրի Հունանյանից շատ բան է լսել, ընդհուպ՝ կոնկրետ անուններ, որ կանգնած են այս սեւ գործի հետեւում: Չգիտեմ, ես այդպես կվարվեի Արման Բաբաջանյանի հետ՝ հասկանալով հանդերձ, որ նա ընդամենը խամաճիկ է, իսկ իշխանությունն այս ամենը ձեռնարկել է ոչ թե գործի նորովի բացահայտման, այլ ՀՀ երկրորդ նախագահի կալանքը երկարաձգելու նոր խաղաթուղթ ձեռք բերելու նպատակով:

Ընթերցողներս այս օրերին հաճախ են հարցնում՝ բայց Արման Բաբաջանյանն այդքան կա՞, որ ընկել ես հետեւից: Չեմ կարող ասել: Հա՛մ կա, հա՛մ չկա: Կա առնվազն այնքանով, որ նրա անունն այլեւս կապված է հոկտեմբերի 27-ի հետ: Դիցուք, ինձ համար միեւնույն է, թե ովքեր են փորձել եւ փորձում Նաիրի Հունանյանի ձեռքով շագանակներ հանել կրակից: Արման Բաբաջանյանն այդ պրոցեսի բացահայտ ակտիվ մասնակից է այլեւս, եւ նա պետք է տա բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք չի տվել Ջհանգիրյանի ղեկավարած քննչական խումբը: