Ինչո՞ւ ճանշինը չի կատարում իր պարտավորությունները եղվարդցիների առաջ

Ինչո՞ւ ճանշինը չի կատարում իր պարտավորությունները եղվարդցիների առաջ

Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհն օրեցօր փլուզվում է, ավելի ու ավելի անանցանելի դառնում։ Ճանապարհը սպասարկող ընկերություն չկա։ Փոսերը խժռում են եղվարդցիների ավտոմեքենաները, նրանց փողերը։ «Սիմոնյան Պարույրի «Մերսեդես C» կլասի ամորտիզատորը պայթել է տեղում,- ասում է Եղվարդի բնակիչը, որի տունը հենց ճամփեզրին է։- Մի հատ Գեւորգ կա՝ Հայրապետյան, երեկ «Տոյոտա Կորոլայի» բանդաժը ցխեց՝ հենց իմ տան դեմը»: Մարդիկ բարկացած են ու գրգռված եւ պատրաստ են հում-հում ուտել ճանապարհը նորոգած շինարարներին, բայց վերջիններս այստեղ վաղուց չեն հայտնվել:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված վերջին տենդերը շահել էր «Գավառշին» ՍՊԸ-ն, որի մասին եղվարդցիները երկու տվյալ ունեն՝ որ ընկերության տանիքը ՀՀ արտգործնախարարի աներորդին է, այսինքն՝ Արարատ Միրզոյանի տիկնոջ եղբայրը, եւ երկրորդը՝ որ ընկերության «աշխղեկը» մորուքավոր է: Աներորդու մասին տեղեկությունը չի հաստատվում։ Բայց այն, որ կապալառուն չի կատարել պարտավորությունները եղվարդցիների առաջ, փաստ է։ Մի երկու անգամ այս ընկերության մորուքավոր ներկայացուցչին տեսել են անձրեւաջրերի մեջ ասֆալտ լցնելուց: Բայց դա ամիսներ առաջ է եղել: Հիմա շինարարներն անորսալի են, ճանապարհը՝ անանցանելի, իսկ ամենատարօրինակն այն է, որ «Գավառշին» ՍՊԸ-ի ցուցանակը, որը ճամփեզրին էր, օրերս անհետացել է։ Տնօրենին ասվել է, որ «Գավառշինն» այլեւս անելիք չունի այստեղ, որ նոր մարդ է գործ անելու։ Տնօրենը վերցրել է իր ցուցանակն ու հեռացել։ Նոր հիմնանորոգողը կրկին Քյավառից է՝ «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից պահանջում են, որ ճանապարհի փոսերը լցնեն: «Այնտեղից պատասխանում են, թե քանի որ հիմնանորոգում ենք նախատեսում, մենք ոչ մի փոս չենք լցնելու: Ասում ենք՝ բա ինչքա՞ն ժամանակից կհիմնանորոգեք, ասում են՝ ինչքան պետք լինի: Ասում ենք՝ բա մենք ի՞նչ անենք, թե բա՝ ուշադիր եղեք, ավտոները մի խփեք: Է հա, մենք տեղացի ենք, ասենք, գիտենք էս փոսերը, բա լեննականցին ի՞նչ ասի, որն էս ճանապարհին ծանոթ չի»,- հարցնում է Արկադի Գալստյանը:
Բնակիչների մի մասը որոշել է փող հավաքել, «բետոնամիքս» մեքենաներ բերել, բետոն գնել ու լցնել փոսերը: Ակտիվ քաղաքացի Գալստյանը, սակայն, որն իր կյանքի գործն է դարձրել Եղվարդի ճանապարհի բարեկարգման համար պայքարը, դեմ է սեփական միջոցներով հանրապետական նշանակության մայրուղին կարկատելու այդ ծրագրին եւ կողմ է ճանապարհը փակելու տարբերակին: Փակել մայրուղին հանուն մայրուղու բարեկարգման՝ զվարճալի է հնչում: Մի անգամ Արկադինն հաջողվել է տեսնել, թե ինչպես են ինչ-որ բանվորներ ջրի մեջ ասֆալտ լցնում, իբր՝ գործ են անում: Ու այնժամ Արկադիի աչքի առաջ իր հեղափոխական անցյալն է եկել, «Նաիրի ճանշին»-ի հանգուցյալ տնօրեն Յագոր Խերիմյանը, որի մահը հեղափոխականների եւ մի քիչ էլ իր՝ Արկադիի խղճի վրա է:

Բանն այն է, որ 2019-ին հենց ինքն էր նկարել ու տարածել, թե ինչպես են «Նաիրի ՃՇՇ» բանվորները խոնավ եղանակին Եղվարդի ճանապարհին գործ անում: Այն ժամանակվա տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն էլ չեղարկել էր Խերիմյան Յագորի հետ պայմանագիրը: Բանվորների աշխատավարձերը չէր փոխանցել: Նրանք «բունտ» էին արել Յագորի դեմ, որը ցույց տվեցին TV-ներով: «Հին» ու իր խոսքի տեր մարդ Յագոր Խերիմյանը կաթված ստացավ ու մահացավ կարճ ժամանակ անց:

«Նրա գլուխը կերան: Օրենքով նրան պետք է ոչ թե սնանկացնեին, փողերը չտային, այլ ողջամիտ ժամկետ տային, որ թերությունները վերացներ: Հիմա էլ սրանց եմ զանգել՝ ճանապարհային դեպարտամենտ, ասում եմ՝ ո՞նց ա «Նաիրի ճանշին»-ին տեսաք ջրի մեջ ասֆալտ անելուց, նալեցիք, իսկ սրանք ինչ ուզում, անում են: Սրանց ադաթ ա, նրան բեդա՞թ: Իրենք արտոնյա՞լ են, թրա՞շ ունեն դեմքներին»,- ասում է Արկադի Գալստյանը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից փորձեցինք պարզել, թե ինչու ճանապարհի փոսերը չեն լցվում, կապալառուն չի կատարում իր պարտավորությունները: Պատասխանեցին․ «Եղվարդ-Երեւան ճանապարհահատվածի ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքներ է իրականացնում «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Ճանապարհների ընթացիկ սպասարկումը չի ենթադրում հիմնանորոգում։ Ձեր կողմից նշված ճանապարհահատվածը ներառված է 2022 թ․ հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման նախագծի պատրաստման եւ ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթը կայացել է։ Այժմ նախագծման փուլում է։ Նախագծման աշխատանքներն ավարտվելուց հետո կհայտարարվի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Մրցույթում հաղթող կազմակերպության հետ պայմանագիր եւ համաձայնագիր կնքելուց հետո կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները։

Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածները, որոնք ներառվում են հիմնանորոգման ծրագրերում, դուրս են բերվում ընթացիկ պահպանման աշխատանքների ծրագրից։ «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն ճանապարհաշինության ոլորտում բազմամյա գործունեություն ծավալող կազմակերպություն է, ճանապարհների շահագործման ու պահպանման հետ կապված պայմանագիր ունի 2017 թվականից»։ 

«Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանն աբսուրդի ժանրից է։ Ստացվում է, որ մարդիկ պետք է երթեւեկեն փոսերի  միջով, մինչեւ կայանան հիմնանորոգման մրցույթները։ Բայց ո՞վ է սպասարկելու ճանապարհը, ձմռանը՝ ձնից մաքրելու, փոսերը լցնելու, աղ ցանելու։ Եթե «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն է, ապա ինչո՞ւ դեռ տուգանված չէ, ինչո՞ւ դեռ պայմանագիրը նրա հետ լուծված չէ, ինչպես չեղարկվեց այն՝ հանգուցյալ Յագոր Խերիմյանի ընկերության հետ։ Սա գեղի կլուբի դիմացի փոս չէ, այլ՝ հանրապետական նշանակության ռազմավարական ճանապարհի խայտառակ փոսեր։ Համոզված ենք՝ կապալի պայմանագրում առկա է սպասարկող կազմակերպության պարտականությունների մի ամբողջ փաթեթ, որը փաստացի մնացել է թղթի վրա։ Լավ, ենթադրենք, ինչպես պնդում են դեպարտամենտից, այն առնչություն չունի ԱԳ նախարարի հետ, այդ դեպքում ո՞վ է այս ճանշինի հետեւում, որն իրեն այսչափ անպատիժ է զգում։