Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան`

Տարեմուտ է, և մեզնից յուրաքանչյուրը սպասում է, որ իրականություն կդառնա իր փայփայած երազանքը։ Մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո էլ իմ փափագը մեկն է՝ կյանքիս վերջին տարիներն անցկացնել ընտանիքիս անդամների, թոռնիկներիս ու ընկերներիս կողքին։ Արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները ինձ հույս ու հավատ ներշնչեցին, որ 24 տարվա անազատությունից հետո, գալիք տարին կդիմավորեմ ազատության մեջ։ Վերջին ամիսներին երկու ցմահ դատապարտյալներին կալանքից ազատելը՝ նորից ոգևորեց ինձ։ Մտածում եմ՝ ներում կշնորհեք ինձ, քանի որ խնդրագիրս ամիսներ շարունակ Ձեր թղթապանակում է։ Բազմիցս ասել եմ ու մեկ անգամ ևս բարձրաձայնեմ՝ ես ոչ մեկին կյանքից չեմ զրկել։

Այդ տարիներին գործող իշխանական ռեժիմի զոհը դարձա՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման։ Զղջացել եմ, չունեմ վտանգավոր վարքագիծ, բոլոր բնութագրերս դրական են։ Չեք հավատա, բայց այս տողերը գրելիս՝ ձեռքերս դողում են։ Ինչքան մոտենում են 2018 թվականի վերջին օրերն ու ժամերը, այնքան անորոշությունից ավելի եմ խառնվում իրար։ Գիտեմ՝ տարեվերջին ներումներ շնորհվում են ու թախանձագին խնդրում եմ՝ ներում շնորհեք ինձ ցմահ դատապարտյալիս։ Համալրեք աշխարհի այն եզակի ղեկավարների ցանկը, որոնք ցմահներին ներում են շնորհել։ Խնդրում եմ Ձեզ՝ մի սպանեք ինձ, մի կոտրեք հույսս ու ապրելու զգացումս։ Շնորհեք ինձ ազատություն ու կհամոզվեք որ ես Հայաստանի հպարտ քաղաքացի եմ, որ նախկինում սխալ գործած հանցավորը չեմ։ Դուք էլ եք ապրել անազատության զգացումը ու համոզված եմ՝ այս պահին ճիշտ եք հասկանում ինձ։

Օգնեք ինձ ապրելու, օգնեք գոնե մի քանի տարի վայելելու ազատության բերկրանքը։ Խնդրում եմ մեկ անգամ ևս՝ ներում շնորհեք ինձ, ապացուցեք որ իրականում սիրո ու թավշյա հեղափոխությունը իր պտուղները տվեց։ Այնպես արեք, որ Ամանորի գիշերը Ձեր համար վառվող մոմերն ու օրհնանքները երիցս ավելանան։

Հարգանքներով՝ ազատության լուրի սպասող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան