«Բարեփոխում» անվան տակ մեզ իմպերատիվ կերպով առաջարկվում է ինքնաոչնչացում

«Բարեփոխում» անվան տակ մեզ իմպերատիվ կերպով առաջարկվում է ինքնաոչնչացում

ԿԳՄՍ նախարարությունում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, ինչպես ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»:
Այս առիթով «Գոյ» թատրոնն իր հարկի տակ ասուլիս էր հրավիրել: Մոտ 3 ժամ տեւած ասուլիսի ընթացքում թատրոնի 100 հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր, եթե բեմում թատրոնի ողջ ստեղծագործական կազմն էր, դահլիճում լրագրողներ էին, ուսանողներ եւ այլ թատրոններից դերասաններ ու ռեժիսորներ: 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը ներկայացրեց ողջ նախապատմությունը, եւ որ իր հարաբերությունները ԿԳՄՍՆ ներկայիս ղեկավարության հետ լարվել են դեռ քովիդի ժամանակներից, երբ այդ ժամանակ փոխնախարար Ա. Խզմալյանն իրենց թատրոնն անվանեց թոշակառուների թատրոն եւ իր կողմից ստացավ շատ ավելի կոշտ պատասխան: Դրանից հետո եղավ պատերազմը, որը խաթարեց մեր կյանքն ու փոխեց մեր դիրքորոշումը շատ հարցերի նկատմամբ, այդ թվում՝ մեր երկրում տարվող քաղաքականության, որի մասով իր դիրքորոշումը հայտնի է բոլորին: 

Իրավիճակը թատրոնի շուրջ, ըստ նրա, էլ ավելի է լարվել, երբ այս տարվա փետրվարի 7-ին թատրոնում տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացման պրեմիերան, որի հենց հաջորդ օրը թատրոնի տնօրենին կանչել են նախարարություն եւ տեղեկացրել, որ այսպիսի լուծում է առաջարկվում: Բայց, ինչպես նկատեց Արթուր Սահակյանը, քանի դեռ մինչ օրս իրենք չունեն ո՛չ լուծարման, ո՛չ Սունդուկյան թատրոնի հետ միացման որոշում, դեռ չեն կարող դատական ճանապարհով վիճարկել նախարարության քայլերը:

Թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր խոսքում նկատեց. «Երբ մեզ ասացին, որ մեզ առաջարկում են միանալ Սունդուկյանի անվան թատրոնին, մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե մենք չենք ունենում իրավական որեւէ լծակ, մեզ հետ ի՞նչ է լինելու: Այսինքն՝ մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք կուզեն, հա՞: Ստացվում է, որ ուղիղ կերպով չեն ուզում ասել, որ թատրոնն ուզում են փակել, անուղղակի կերպով իջեցնում են ներքեւ, որ հետո կամաց-կամաց լուծարեն: Մեզ ասում են՝ նման բան չկա, ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում: Նույնիսկ առաջարկ է եղել՝ իջեք ներքեւ, կունենաք բեմ, կունենաք լույս, երկու բեմադրություն եք ուզում բեմադրել, 10-15-20 մլն դրամ ներկայացումները բերեք, մենք այդ գումարը կիջեցնենք: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ գումարը հիմա չի կարող ուղղվել թատրոնին, բարեկարգել այդ լույսերը»։ Կանխատեսեց, որ կոնֆլիկտներն անխուսափելի են լինելու Սունդուկյան թատրոնում, ապա մի հատված հրապարակեց Սունդուկյան թատրոնի տնօրենի տեսահարցազրույցից, որտեղ տնօրեն Վարդան Մկրտչյանը խիստ վրդովված նշում է. «Իսկ ումի՞ց են հարցրել, իսկ ո՞ւմ հետ են քննարկել, որ Սունդուկյան թատրոնի բնականոն տարածքը կտրել են եւ հատկացրել մեկ այլ թատրոնի։ Այս հարցադրմանը ո՞վ պետք է պատասխանի... Դո՞ւք, «Գոյ» թատրոնի այսօրվա ղեկավարնե՞րը... Ուրեմն այս սխալը, որը տեղի է ունեցել ինչ-որ ժամանակի ընթացքում՝ զոռբայության եւ այլ հատկանիշների շնորհիվ, այսօր ես չեմ դրա պատասխանը տվողը։ Իբրեւ պետական թատրոնի ղեկավար, եթե ինձ հարց եք տալիս՝ կարո՞ղ եմ ես ստանձնել պատասխանատվություն, որ մարդիկ դրսում չմնան, հակառակը՝ լավ կյանք ունենան, այո, ես պատասխանում եմ՝ կարող եմ»։ Սունդուկյան թատրոնի տնօրենի խոսքը խիստ վիրավորել է «Գոյի» ողջ թատերախմբին։ 

Ավելին` դերասաններից մեկը հորդորեց գործընկերներին` իրենց հետ եւ իրենց մասին այդպիսի քամահրանքով չխոսել, ապա նկատեց` իրենք բոլորը Մազմանյանի ուսանողներն են, եւ բոլորի մեջ մի քիչ «Մազմանյան» կա: «Գոյի» ռեժիսոր Սարգիս Արզումանյանն էլ ցույց տվեց կադաստրի թուղթը, ըստ որի՝ դեռեւս 2011-ից իրենց թատրոնի շենքը կադաստրային փաստաթղթերով անջատված է Սունդուկյան թատրոնի շենքից, 500 քմ «Գոյ» թատրոնինն է, իրենք գործում են որպես ինքնուրույն թատրոն, եւ իրենց զբաղեցրած տարածքն օրինական ձեւով իրենց տրվել է անժամկետ վարձակալության:   

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարն օրերս պատասխանել է նրանց նամակին, որն էլ ավելի հարցեր է առաջացրել թատրոնի կոլեկտիվի մոտ, մասնավորապես՝ թե շրջանառվող նախագծի հեղինակներն ովքեր են, ինչպես եւ ինչ հիմնավորումներից ելնելով է մշակվել «բարեփոխումների» այդ փաթեթը, ինչու այն չի քննարկվել «Գոյ»-ի անձնակազմի հետ, հաշվի չեն առնվել նաեւ իրենց դիրքորոշումներն ու դիտարկումները: 

«Ստացվում է, որ «բարեփոխում» անվան տակ մեզ, իմպերատիվ կերպով, առաջարկվում է ինքնաոչնչացում եւ լուծարում: Բերելով միջազգային պրակտիկայից օրինակ՝ դուք նշում եք, որ աշխարհում շատ տարածված է ազգային կարգավիճակ ունեցող առաջատար թատրոնների եւ փորձարարական թատերախմբերի գործունեության համադրումը: Կարելի է ենթադրել, որ ո՛չ պաշտոնավարման ընթացքում եւ ո՛չ էլ նախքան ԿԳՄՍ նախարարի պաշտոնը ստանձնելը չեք եղել «Գոյ»-ում եւ չեք դիտել մեր ներկայացումներից որեւէ մեկը, այլապես կտեսնեիք, որ «Գոյը» պրոֆեսիոնալ թատրոն է, այլ ոչ թե փորձարարական թատերախումբ, ինչպես նշված է պատասխան գրության մեջ: Հարգելի՛ տիկին նախարար, եւս մեկ անգամ հայտնում ենք Ձեզ, որ «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դեմ է այս որոշմանը եւ միավորման դեպքում չի աշխատելու իր գործընկեր թատրոնի կազմում՝ որպես փորձարարական թատերախումբ: Այս դեպքում կարելի է փաստել, որ եթե կրճատվում է «Գոյ» կենտրոնը՝ որպես առանձին թատերական միավոր, ապա առաջարկվող բարեփոխումներն էլ դառնում են ինքնանպատակ ու կեղծ, որովհետեւ ոչ թե լուծում են թատրոնում առկա խնդիրները, այլ լուծարում են, վերացնում են թատրոնն ու թատերական միավորը: Եվ հարց է առաջանում՝ եթե չկա հասցեատերը, ապա ո՞ւմ է հասցեագրված օգնության ձեռքը»: