Լավ եմ անում, գնացեք հաստատվեք ջահելների վրա. Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Լավ եմ անում, գնացեք հաստատվեք ջահելների վրա. Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Տիգրան Հակոբյանը ծանր է տանում մեր հրապարակումները: Նա կարծում է, որ ինքը պետք է հեռուստաընկերություններին զրկի եթերից, վիճելի իշխանամետ որոշումներ կայացնի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դարձնի իշխանություններին սպասարկող մարմին, իսկ մենք իրավունք չունենք այդ մասին գրելու: 

Նա կարծում է, որ «Հրապարակում» տպագրված յուրաքանչյուր խոսք պետք է իր հետ համաձայնեցվի եւ մենք միայն իր քիմքին հաճո նյութեր պետք է հրապարակենք, որ համաձայնի մեր հարցերին պատասխանել: Նման մտածողության կրող անձը խոսում է լրագրությունից եւ դասեր է տալիս լրագրողին: Փառք աստծո, որ մարդիկ` ընթերցողները տեսնում են, թե ով է իրական լրագրողը, ով` իշխանական կերակրատաշտին կցված պնակալեզը: 

Նման մտածողության տեր անձը, հենց այս սկբունքների շրջանակներում էլ հեռուստաընկերությունների ճակատագիրն է որոշում, չպատկերացնելով, թե որոնք են իր իրավունքները եւ որոնք` պարտականությունները: Այսօր նա հրաժարվել է պատասխանել մեր լրագրողի հարցերին եւ նրան մեղադրել է միակողմանի նյութ պատրաստելու մեջ` մինչդեռ արդեն մի քանի տարի է հրաժարվում է պատասխանել «Հրապարակի» հարցերին եւ դա սկսվել է իր վայ-գործունեության մասին մեր առաջին իսկ քննադատական հոդվածից հետո: 

Առհասարակ` ՀՌ հանձնաժողովում տիրող «դեմոկրատական» բարքերն ուղղակի ապշեցնում են` հանձնաժողովի նախագահը ոչ միայն ինքն է հրաժարվում հարցերին պատասխանել, այլեւ արգելում է ՀՌՀ մյուս անդամներին պատասխանել լրագրողների հարցերին, իսկ այս հանձնաժողովի անդամ դարձած նախկին լրագրողը, որը ժամանակին խոսքի ազատության մասին հրապարակումներ էր անում, դռան ետեւում թաքնված` վախվորած պատասխանում է լրագրողի հարցերին:

Մանրամասն՝ տեսանյութում։