Նվիրել է «Փյունիկ» հիմնադրամի գլոբուս

Նվիրել է «Փյունիկ» հիմնադրամի գլոբուս

Հուլիսի 15-ին հայաստանցիների մի մասը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սրտատրոփ հետեւում էին, թե ինչպես է ՀՀ վարչապետը հյուրընկալում ԱՄՆ-ում բնակվող 6-ամյա մանչուկ Մայքլին։

Նա, ինչպես հայտնի է, սոցցանցի միջոցով գրել էր Փաշինյանին, որ ուզում է նրա հետ հանդիպել, ինչպես սառը պատերազմի ժամանակ ամերիկուհի դպրոցական Սամանտա Սմիթն էր նամակ գրել Կոմկուսի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին եւ ապա նրա հրավերով եկել սովետ։ Մայլքն ու նրա փոքրիկ քույրը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գորովալից հայացքով հետեւում էին նրան, ուսումնասիրում  աշխատասենյակն ու լուսանկարվում հեղափոխական վարչապետի հետ։

Փիառ միջոցառման մեխը Փաշինյանի նվերը եղավ երեխաներին՝ գրիչներ, հեղափոխության սիմվոլ գլխարկներ ու հայատառ գլոբուս, որը, պարզվում է, ամենեւին էլ հեղափոխական չէ, ընդհակառակը՝ «հակահեղափոխական» ատրիբուտ է, քանի որ ստեղծվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամի կողմից։

Հայերեն տառերով գլոբուսի հեղինակը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է։ Նրա նախագահությամբ գործող «Փյունիկ» հիմնադրամը 2016 թվականին հայատառ գլոբուսներ է պատրաստել եւ լաբորատոր սարքավորումներ, համակարգիչների, դպրոցական պարագաների հետ ուղարկել Ջավախքի եւ Արցախի հայկական դպրոցների աշակերտներին։ Իր հարցազրույցներում Լեւոն Սարգսյանը շեշտում էր, որ պատմության մեջ առաջին անգամ հայերենով գլոբուսներ են պատրաստվել եւ բաժանվել:

Սյուզան Սիմոնյան