Թուրքիան ծրագրում է Շուշիում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացել․ Էրդողան

Թուրքիան ծրագրում է Շուշիում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացել․ Էրդողան

Ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ Բաքուն և Անկարան որոշել են առաջիկա ժամանակահատվածի համար երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը:

Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում տեղի կունենա «Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հույս է կապում տարածաշրջանային խաղաղության հաստատմանը Վեցակողմ պլատֆորմի հիման վրա, որն, ըստ թուրքական պատկերացման, ընդգրկում է Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը:

«Մենք պատրաստ ենք ամեն տեսակի զոհաբերությունների: Պարոն Պուտինն էլ ... Այս կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերով տարածաշրջանը կդառնա խաղաղության գոտի», - Էրդողանի խոսքերն է մեջբերել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մենք ցանկանում ենք մեր աշխարհագրական բարիդրացիական հարաբերություններն ուղղել դեպի ավելի խորը համագործակցության: Հուսով ենք, որ Հայաստանը կբռնի իրեն մեկնած բարի կամքի և համերաշխության ձեռքը և լավ կօգտագործի ընդհանուր ապագան կերտելու հնարավորությունը», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան ծրագրում է Շուշի քաղաքում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացել։

Խաղաղությունից է խոսում մի մարդ, ում ղեկավարած պետությունն ակտիվ ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի, Լիբիական հակամարտության մեջ ու ներգրավված է Սիրիական ճգնաժամի մեջ։