Բարեւ ձեզ, սիրելիներս, ունենք այսպիսի իրավիճակ
Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ժողովի հերթական նիստին Փաշինյանը հանդիպման մասնակից քաղաքական ուժերին խնդրել է առաջիկայում սպասվող զարգացումների հետ կապված՝ քաղաքական ու քարոզչական աջակցություն ցուցաբերել իրեն։ Նա մանրամասնել է, որ սահմանազատման գործընթացի եւ ճանապարհների հնարավոր ապաշրջափակման ֆոնին իրեն «պադդերժկա» է հարկավոր, այդ թվում, ինչպես հաղորդում է մամուլը, «նաեւ սոցիալական հարթակներում»:
Շատ հետաքրքիր մանրամասն է՝ այն խոսակցությունների ֆոնին, որ այս ձեւաչափը համարյա թե բռնցքամարտի ռինգ է հիշեցնում։ Այսինքն՝ տեսակետների բախում, վիճաբանություններ, քննադատական հարցադրումներ են հնչում արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից, եւ նրանք փորձում են վարչապետին ներկայացնել հասարակությունում տիրող տարբեր կարծիքներն ու տեսակետները։ Գոնե մեզ հետ զրույցներում այս հարթակի մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները սա են պնդում։ Ինչ վերաբերում է աջակցության խնդրանքներին, նրանցից 2-ը մեզ հետ զրույցում չհաստատեցին այդ տեղեկությունը, իսկ մեկը կիսահաստատեց․ «Վեճ ա եղել՝ տարբեր կարծիքներով, եւ ոչ մի նեցուկ, առավել եւս՝ միաձայն, չկար։ Դե տեսնում եք՝ ովքեր են, մարդիկ, որոնք միանշանակ Մոսկվայի․․․ անուններ չեմ տա, բայց էլի եմ ասում՝ մեծ մասը որեւէ նման բանի համաձայն չէ»։ Ինչպես պնդեց մեր զրուցակիցը, անգամ Լեւոն Շիրինյանը համաձայն չի եղել։ Ընդ որում՝ ծրագրերի մասին է խոսքը, ոչ թե սոցցանցերում աջակցության։ Ապա ամփոփեց՝ ի դեպ, նա նման բան չէր էլ խնդրում, եւ հետո՝ դա իրեն ի՞նչ է տալու։
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հերքեց՝ ոչ մի առաջարկ, ոչ էլ, առավել եւս՝ վեճ այդ հարցի շուրջ։ Ինչպես հայտնի է, «Ալյանս» կուսակցությունից այս հանդիպումներին ներկայանում է Տիգրան Արզաքանցյանը։
Նրա հետ կապվել չհաջողվեց, փոխարենը խոսեցինք «Ալյանսի» նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ, ով չի գնում հանդիպումներին, բայց տվյալ ուժի ղեկավարն է, ուստի վստահաբար տեղյակ է, թե ինչ է կատարվում այնտեղ։
- Մամուլը գրեց, որ վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերից ակնկալել է աջակցություն՝ քաղաքական եւ քարոզչական, այդ թվում նաեւ՝ սոցցանցերում, թերեւս որպեսզի իր ծրագրերը՝ ապաշրջափակում եւ այլն, առաջ տանի։ Ձեր կուսակցության անունից հանդիպումներին մասնակցում է Տիգրան Արզաքանցյանը, նա Ձեզ այդ առաջարկի մասին պատմե՞լ է։
- Երբ առաջին անգամ հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ ունի ցանկություն, որպեսզի խորհրդարան չանցած ընդդիմությունը շարունակի իր ասելիքները, քննադատությունը, առաջարկները եւ լինի լսելի։ Եվ ես հստակ ձեւակերպեցի, որ մենք քննադատել ենք, քննադատում ենք եւ շարունակելու ենք քննադատել։ Եթե իշխանությունը որոշում է դա լսել, իր որոշելու հարցն է։ Մենք կասենք, քանի որ, ցավոք սրտի, խորհրդարանում չենք։ Սա պատահաբար չեմ ասում։ Այնուհետեւ տեսնելով, որ քննադատությունը, իսկ ես այնտեղ եղել եմ, ի հեճուկս ուղղորդված տհասների հայտարարությունների, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու համար, այլ քննադատելու, ի հեճուկս այն ստերի, թե ես ողջունել ու շնորհավորել եմ նրան, տեսնելով, որ այդ իմ քննադատությունը բացարձակապես անիմաստ է ու արդյունավետ չէ, դուրս եմ եկել այդ խորհրդից։ Տիգրան Արզաքանցյանն այդ ընթացքում դարձել է «Ալյանս» կուսակցության անդամ։ Բայց նա այդ խորհրդի կազմում եղել է մինչ դա՝ որպես առանձին հրավիրված անձ, եւ ներկայացրել է բոլոր այն անհամաձայնությունները, որ ունեցել ենք եւ ունենք, եւ, հետեւաբար, «Ալյանս» կուսակցությանը իշխանության կողմից որեւէ ազդեցություն, առավել եւս՝ այդ հարցում, լինել չի կարող, ընդունվել չի կարող, որեւէ հարցում մենք չենք աջակցելու։ Ավելին՝ այս իշխանությունը պետք է հեռանա եւ որքան շուտ հեռանա, այնքան ավելի շուտ կառկախվի մեզ համար անցանկալի տարածաշրջանային զարգացումը, որին չեն խոչընդոտում ոչ միայն այդ խորհրդի կազմում մնացած մյուս ուժերը, առերեւույթ՝ համենայնդեպս, այլեւ «խորհրդարանական ընդդիմություն»՝ նախկինների ընդդիմություն կոչվածը։ Ահա սա է իմ ողջ ասելիքը։
- Բայց դրանից, այնուամենայնիվ, չհասկացա՝ առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ։ Որ «Ալյանսին» չի կարող նման առաջարկ լինել, որ չի կարող համաձայնել, դա պարզ է։ Մյուս ուժերին։
- Մեր կուսակցությանը՝ «Ալյանսին», առաջարկ լինել չի կարող, որովհետեւ մենք չունենք իշխանությանն աջակցելու այդ երկխոսությունը ու չենք էլ ունենալու։
- Բայց պատմե՞ց՝ եղե՞լ է նման առաջարկ։
- Մեզ չի եղել ու չի էլ կարող լինել․ ո՛չ ի դեմս Արզաքանցյանի, ո՛չ կուսակցության։
- Դուք չեք ընդունում, շատ լավ, բայց եղե՞լ է։
- Ես Ձեզ հատուկ եմ տալիս այս պատասխանները նման ձեւակերպումներով, որպեսզի Ձեզ համար պարզ լինի ամբողջ բովանդակությունը։ Առաջարկներն ինչպե՞ս պետք է հնչեն։ Օրինակ․ «բարեւ ձեզ, սիրելիներս, ես ձեզ առաջարկում եմ էսինչ բանը»։ Կամ՝ «բարեւ ձեզ, սիրելիներս, ունենք այսպիսի իրավիճակ, ի՞նչ կասեք սրա մասին, կա՞ արդյոք որեւէ այլ ելք ու հնարավորություն», «բարեւ ձեզ, սիրելիներս, իմ կարծիքով՝ մենք այլ տարբերակ չունենք» եւ այլն։ Հետեւաբար, եթե հնչեցնեմ հստակ ձեւակերպում, ինձ հետո կարող են մեղադրել, որ հենց այդ ձեւակերպումը չի եղել։ Դրա համար ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ Ձեր ասածը, սակայն տալով շատ պարզ եւ համատեքստ ունեցող պատասխան։ Մեզ համար չեն նման առաջարկները, առավել եւս՝ այդ հարցում այս իշխանությանն աջակցելու գործի մեջ։
- Այդ դեպքում չե՞ք կարծում, որ Ձեր մասնակցությունն այդ ձեւաչափին ավելորդ է։
- Ես ասացի, որ չունեմ մասնակցություն, իսկ Տիգրան Արզաքանցյանը, որն այս ընթացքում փոխեց իր կարգավիճակը, համարում է, որ, որպես ալյանսցի, այնտեղ պետք է՝ իր քննադատությունը, իր հակադարձումները հնչեցնելու համար։ Բացառապես այդ պատճառով է ինքն այնտեղ եղել։ Կլինի՞ հետագայում՝ այսուհետ, թե ոչ, դա էլ, ի դեպ, քննարկման հարց է, որովհետեւ կուսակցությունում դա արդեն քննարկվում է։
Կարծիքներ