Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները

Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները

Օրեր առաջ տեղի է ունեցել մայիսի 8-ին Գյումրիում ավտոերթի մասնակիցների կողմից տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու գործով առերես հարցաքննություն մեղադրյալներից շատերի եւ տուժողների միջեւ:

Տուժող տարեց տղամարդիկ հերքել են նախկինում տված ցուցմունքները՝ կապված անձին լուսանկարով ճանաչելու եւ այլ գործողությունների հետ:

Մեղադրյալներից երեքի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ առերեսման ժամանակ տարեցներն ասել են, որ այդ անձինք որեւէ գործողություն չեն կատարել․ «Լուսանկարներով ճանաչել էին բոլոր մեղադրյալիներին, սակայն առերեսման ժամանակ պնդեցին, որ նրանք չեն»։

Փաստաբանը նշեց, որ ինչ-որ մի միջադեպ այնուամենյանիվ կա, եւ պարտադիր չէ, որ այդ միջադեպը հանցակազմ պարունակի։

Հարցին, թե մեղադրյալներն ի սկզբանե իրենց մեղքն ընդունե՞լ են, փաստաբանն ասաց, որ ոչ․ «Այդ առումով մենք մանրամասն ցուցմունք չենք տվել, մեր իրավունքներից ենք օգտվել»։

Իսկ թե արդյոք այս նոր ցուցմունքներից ելնելով հնարավո՞ր է, որ մեղադրյալներն ազատ արձակվեն, ասաց,թե Վերաքննիչից հույս չունեն, քանի որ նրանցից մեկի կալանքի դեմ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին․ «Քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվելու դատարան, եւ քանի որ դատարանը նիստ է հրավիրելեու եւ քննելու է խափանման միջոցի հարցը, այդ ժամանակ լիահույս ենք, որ տղաներն ազատ կարձակվեն»։

Գործի հիմքում կան նաեւ ոստիկանների ցուցմունքներ, որոնք նշել են, թե մեղադրյալներին, որոնք տարեցներին ծեծի ենթադրյալ ենթարկողներն են, ճանաչում են։ Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, որ տուժողներն ասում են, որ այս տղաներն իրենց ծեծի չեն ենթարկել, մինչդեռ հակառակը պնդում են ոստիկանության ներկայացուցիչները։

Նշենք, որ այս գործով նախաքննությունը տեւել է 10 օր։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ հաղորդագրության, մայիսի 8-ին Գյումրիում ավտոերթի ժամանակ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Գործով կա 7 մեղադրյալի, նրանցից 5-ն են կալանքի տակ: