Ճշմարտությունն ասված է

Ճշմարտությունն ասված է

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երեւում է, Ադրբեջանի իշխող վարչախմբի համար անսպասելի էր: Ալիեւյան քարոզչամեքենան ամբողջ թափով գործի է դրվել: Տիրաժավորվում է տեսակետ, որ ամեն ինչ կազմակերպել են խորհրդային հատուկ ծառայությունները, որպեսզի նույն տարվա գարնանը կայանալիք ընտրություններում Ադրբեջանի ժողովրդական ճակատը չհաղթի եւ չբարձրացնի ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցը: Ըստ այդմ, «հայկական ջարդերն առիթ էին, որպեսզի Մոսկվան զորք մտցնի Բաքու եւ արյան մեջ խեղդի ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը»: Պետք է արժանին մատուցել ադրբեջանցի այն հազվագյուտ հեղինակներին, որ կարողացել են հաղթահարել ազգայնականությունը եւ Բաքվի հայկական ջարդերի մասին գրել գոնե մոտավոր ճշմարտությունը: Նրանցից մեկը քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն է, որ հեղինակել է «Երկրորդ հանրապետության վախճանը» պատմա-քաղաքագիտական աշխատությունը:

Վկայակոչելով միանգամայն արժանահավատ փաստաթղթեր, Ալիզադեն պատմում է, որ ջարդերի մեկնարկը տրվել է հունվարի 13-ին Լենինի անվան հրապարակում կազմակերպված բազմամարդ հանրահավաքում, որտեղ Ժողճակատի առաջնորդները հայտարարել են կոմունիստական իշխանության հետ համաձայնության գալու եւ Ադրբեջանի ամբողջ տարածքից հայերին բռնատեղահանելու նպատակով Ազգային պաշտպանության խորհուրդ ձեւավորելու մասին: Հանրահավաքին բանաստեղծ Խալիլ Ռզան հնչեցրել է «մահ հայերին» կոչը, որից հետո ամբոխը բաժանվել է խմբերի եւ գրոհել հայերի բնակարաններն ու տները: «Փառք աստծո, նրանք նախօրոք ունեին հայերի հասցեները»- վկայում է Ալիզադեն: Ալիզադեն հռետորական հարց է հնչեցնում. «Այդ ինչպե՞ս եղավ, որ ես, Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի շարքային գիտաշխատողս, Ժողճակատի անդամս, դեռ անցյալ տարվա դեկտեմբերին գիտեի, որ հայերի ջարդ է կազմակերպվում, ահազանգում էի, զգուշացնում, իսկ պետական հաստատությունները, հատուկ ծառայությունները «տեղյակ չէին»: Տեղյակ էին, գիտեին, որ Ժողճակատը հայերի ջարդեր է կազմակերպում» - ինքն իր հարցին պատասխանում է ադրբեջանցի քաղաքագետը: Նա վկայում է, որ ԱԺՃ-ն նախապես ծրագրել էր հարձակվել Բաքվի մերձակա քրեակատարողական ճամբարների վրա, ազատել հազարավոր հանցագործների եւ նրանց դավագրգռել հայերի դեմ: Երբ դա չի հաջողվում, ջարդարարների խմբեր կազմավորում են գործարաններից, բանվորական հանրակացարաններից: Ամեն ինչ ծրագրված էր մինչեւ վերջին մանրուք: Ալիզադեի պատումի ամենաքստմնելի հատվածը, թերեւս, այս է. «Համալսարանի պատմության դասախոսն ականատես է եղել, թե ինչպես է թոռան ձեռքը բռնած մի ծեր կին հարեւան հայի կողոպտված տնից դուրս գալիս՝ ձեռքին էմալաթափ մի շերեփ:
-Այդ անպետք շերեփի համա՞ր ես երեխայի հոգին աղտոտում,- հարցնում է դասախոսը:
Ծեր կինը նրան է նայում զարմանքով, ոչինչ չի ասում եւ թոռան հետ շտապում է դեպի մյուս հարեւան հայի բնակարանը»: Ահա այսպիսի պատկեր, որ փոխանցել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ճշմարտությունն ասված է: Ալիեւյան քարոզչամեքենայի բոլոր ջանքերը զուր են: Եթե ոչ վաղը, ապա ոչ հեռավոր ապագայում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միջազգայնորեն դատապարտվելու է: