«Հրապարակ». Ես խղճում եմ նրանց, ովքեր ինձ սապերնիկ են համարում

Իշխանական կուլիսներում տարբեր սցենարներ են քննարկում՝ Գյումրիում իշխանությունը զավթելու համար, եւ հնարավոր է «Վանաձոր-2» անեն, ընտրություններից հետո ձերբակալելով շատ ձայներ հավաքած թեկնածուին, որն այս պահի դրությամբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող է լինել։ Զրուցել ենք Վարդան Ղուկասյանի հետ, որն առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունով։
- Քննարկվում է սցենար, որ Գյումրիում «Վանաձոր-2» կարող են անել, Ձեզ էլ՝ Մամիկոն Ասլանյանի պես, կալանավորեն, զավթելով իշխանությունը։ Դուք ասել եք, որ ՔՊ-ի հետ կոալիցիան բացառվում է, բայց եթե Ձեզ կալանավորեն, հնարավո՞ր է Ձեր թիմը` հանուն Ձեզ, կատարի իշխանությունների կամքը։
- Թող անեն, թող խայտառակվեն, վարկաբեկվեն, եթե քաղաքապետի ընտրություններն էդքան կարեւոր են իրենց համար, որ պիտի փողոցից ռեպրեսիաներով բռնեն տանեն` գործ կարեն, ուղարկեն գաղութ` թող անեն, թող էս երկիրը դառնա զրոյի մակարդակի, ի՞նչ ասեմ։
- Խոսքն իրենց անելիքների մասին չէ, պարզ է, որ կարող են բռնել տանել, հարցնում էի Ձեր անելիքների մասին` ի՞նչ կանեք այդ պարագայում։
- Իմ անելիքները կլինեն այն, որ ամբողջ աշխարհում կխայտառակեմ իրենց, ես պատահական մարդ չեմ, կխայտառակվեն իրենք ամբողջ աշխարհում։
- Իսկ Ձեր թիմակիցները հնարավո՞ր է հանուն Ձեզ կատարեն իշխանությունների պահանջը։
- Իմ տերն Աստված է, ով հետեւիցս ընկավ, շան օրին կընկնի, ես խղճում եմ նրանց, ովքեր ինձ սապերնիկ են համարում, որովհետեւ իմ տերն Աստված է։
- Գյումրիում նորաձեւ է՝ Մեր Սարիկը, Մեր Ռուբենը: Ձեր կարգախոսն էլ երեւի «Մեր Վարդանն» է.․․
- Ո՞վ ասեց` իրենք մերն են, կարող է մի հինգ հոգու համար լինեն, բայց ոչ մերը։ «Եվ հույս, եւ հավատ, եւ սեր»․ սա է իմ կարգախոսը։ 1996 թվականից ե՛ւ հույս, ե՛ւ հավատ, ե՛ւ սեր, դրա մեջ ընդգրկվում է մերը, հերը, մորքուրը, հորքուրը։
- Դուք գյումրեցիներինը չե՞ք, որ չընտրեցիք «Մեր Վարդանը»․․․
- Որովհետեւ հույսը, հավատը եւ սերը վեր են ամեն ինչից։
- Հետընտրական կոալիցիան ո՞ր ուժերի հետ եք բացառում։
- Կապրենք՝ կտեսնենք։ Մի քիչ համբերեք։ Էս ժողովրդին Աստված է ստեղծել, թողեք՝ հանգիստ իր ընտրությունն անի: Ձայն բազմաց, ձայն Աստծո։ Եթե կեղծիքներով մի բան պիտի անեն, ուրեմն սատանայի մատն է խառը, ու մեղավորները կպատժվեն։
- Եթե ընտրությունները կեղծեն, հետընտրական գործողություններ անելո՞ւ եք։
- Մենք տեղյակ կպահենք ժողովրդին, ժողովուրդը կորոշի` ինչ կանի։ Մենք գիտենք, կտեսնենք՝ ոնց են անելու, ոնց են թվերն ավելացնելու, փակ դռներ ինչքան կան` ինչքան մարդ են գրանցել դրանց վրա, մենք լուրջ աշխատանքներ ենք տանում։
- Տեղեկություն կա, որ փորձելու են կարուսել անել։
- Չէ, կարուսելը չի լինելու, մատները դնելու են սարքին ու բռնվեն։
- Մոտ 2 հազար ընտրող է ավելացել ցուցակներում, դա էական նշանակություն չի՞ ունենա ընտրությունների արդյունքների վրա։
- 2 հազար 700 է, իմ վրա ոչ մի բան էլ չի ազդելու։ Բռնցքամարտիկները որ դուրս են գալիս ռինգ, եթե դատավորները կաշառված են, աչոկները տալիս են նրանց, ով իրենց կաշառել է, բայց որ դիմացինը չիստի նոկաուտ է անում, փողերը ետ են տալիս, ոչ մի բան անել չի ստացվում, մենք գնում ենք նոկաուտի։
Կարծիքներ