Ոտքի`Նիկո՞լն է գալիս

Ոտքի`Նիկո՞լն է գալիս

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, ելույթ կունենա: Այցի շրջանակում Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ: Սա հերթական առիթն է խոսքով հերոսանալու, հոխորտալու, Ադրբեջանին դատափետելու, հետո բանավոր պայմանավորվածություններով մեր երկիրը մաս-մաս տալու նույն Ադրբեջանին, ինչպես Սեւ լիճը, Փառուխ, Աղավնո գյուղն ու Բերձոր քաղաքը տվեց:

Այսօր, թարսի պես, կառավարության նիստ է ու այն վարում էր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կառավարության նիստերը սովորաբար վարում է Նիկոլ Փաշինյանն ու արդեն կլինի մեկ տարի, ինչ կառավարության անդամներն ու նիստին մասնակցող այլ պաշտոնյաներ ոտքի են կանգնում` դիմավորելով նիստերի դահլիճ վերջինը մտնող Նիկոլ Փաշինյանին: Իսկ դրանից առաջ պաշտոնյաներին պարտադրեցին իրենց աշխատասենյակներում կախել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: 

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստերի դահլիճ վերջինը մտավ Համբարձում Մաթեւոսյանն ու ոչ ոք ոտքի չկանգնեց: Սա շատ խոսուն ապացույց է Նիկոլ Փաշինյանի շեյխա-սուլթանական պահվածքի մասին: Մարդը բնական ճանապարհով չկարողացավ հասնել հարգանքի` պարտադրում է, որ այսպես «հարգեն» իրեն:

Կառավարության նիստը աշխատանքային գործընթաց է, պատկերավոր ասած, խորհրդակցություն է, կա ընդունված կարգ: Բոլորը հավասար են խոսելու, կարծիք հայտնելու, այլոց կարծիքին հակադրվելու հարցերում: Եթե կարգ է, որ կառավարության նիստը վարողին ոտքի վրա են ընդունում, պետք է ոտքի վրա ընդունեն նաեւ Համբարձում Մաթեւոսյանին: Ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ավելի լավ վարող է, քան Համբարձում Մաթեւոսյանը: Ո՞վ ասաց, որ պետք է բացառություն արվի Նիկոլ Փաշինյանի համար: Որ ի՞նչ: Ինքն արդեն բացառիկ դիրքում է՝ ամեն ինչ ստանում է պետության հաշվին՝ ապրուստ, հսկողություն, կեցավայր, թիվ մեկ բորտ եւ այսպես շարունակ: Եվս մեկ, որեւէ կերպ չպատճառաբանված եւ ոչինչ չտվող բացառություն-արտոնությունն ինչի՞ համար է: Մինչդեռ առաջնորդը, մի բան, որ Հայաստանը չունի արդեն 30 տարի, իրեն բոլորից չի զանազանում, չի տարանջատում, չի ընդգծում իր առավելությունը կառավարության մյուս անդամների նկատմամբ: Օրինակ, Մխիթար Սպարապետը բոլորի երեխաների հետ իր երեխային էլ պատերազմ տարավ` իրականում, ձեւ չարեց: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացին, իր հսկա բանակի նման սնվում էր, նրա հետ սոված ու ծարավ մնում, երբ զորքն անցնում էր անապատով:
Առանձնանալ կարելի է տաղանդով, ընդունակությամբ, աշխատանքի եւ պատասխանատվության ավելի մեծ բեռ ստանձնելով: Երբ մարդիկ քո աշխատասիրությունն ու համեստությունը, ժուժկալությունն ու պետական միջոցների հանդեպ խնայողությունը տեսնեն հենց իրենք քեզ կառանձնացնեն, ոտքի վրա կդիմավորեն ու կհարգեն: 
Պարտադրվածը հարգանք չէ, այլ անուն ունի:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ