Այսօր ձվով են գնում, վաղը կարող են զենքով գնալ

Այսօր ձվով են գնում, վաղը կարող են զենքով գնալ

Հոկտեմբերի 5-ին 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում, որտեղ Անժելա Թովմասյանից բացի, նաեւ Հրայր Թովմասյանի լուսանկարն էր։ Հետագայում պարզվեց, որ հարձակում գործածները «հեղափոխականներ» են՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների մերձավորներ ու ընկերներ։

Մենք հենց դեպքի վայրում փորձեցինք պարզել, թե ինչն է նման վարքագծի պատճառը։ Ձվերով զինված Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը, հայտարարեց, որ առիթը Hayeli.am կայքի «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, եւ կոչ էին անում Թովմասյաններին հեռանալ Ադրբեջան։

Դեպքից րոպեներ անց դատապարտող հայտարարություններ արվեցին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրեց․ «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը՝ մասնագիտական գործունեության կապակցությամբ, վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որեւէ նման դեպքի կրկնություն»։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ տեղի ունեցածն առաջին հերթին պետք է դիտարկել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման դեմ տարվող գործընթացների համատեքստում։ Սեյրանյանը եւս չբացառեց, որ նույնը կարող է տեղի ունենալ այլ լրատվամիջոցների նկատմամբ։ «Ես սա առաջին հերթին համարում եմ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, ՍԴ-ի հարցի քննարկման շրջանակներում սա քաղաքական ակտ է եւ հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է։ Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե «Հայելու առաջ» հաղորդման շուրջ ինչ գործընթացներ են տեղի ունենում, պետք է այս համատեքստում դիտարկել տեղի ունեցածը։ Իրավապահ մարմիններն անմիջապես պետք է արձագանքեն, հակառակ դեպքում այս մեթոդը տարածում է ունենալու։ Խիստ պետք է դատապարտվի եւ քաղաքական ուժերի կողմից, բայց դատապարտելը քիչ է, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս դեպքով»,- ասաց նա։

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ տեղի ունեցածը համարում է հարձակում հասարակության ջանքերով ձեռք բերված ժողովրդավարության վրա։ «Ես էլ եմ Անժելա Թովմասյան. ով ինչ ունի ասելու, թող գա եւ ասի։ Սա հարձակում է ոչ միայն Թովմասյանների ընտանիքի վրա, սա հարձակում է հասարակության ջանքերով այն մակարդակի ժողովրդավարության վրա, որը շատ անգամ՝ ի հեճուկս իշխանությունների, ստեղծվել է: Ժողովրդավարությունը, որը մեզ համար բարձր արժեք է, փորձում են փոխարինել ամբոխավարությունով: Սա քաղաքականություն է, սա ռազմավարություն է, ոչ թե պատահական քայլեր. միացրեք այդ դրվագները, դուք կտեսնեք, որ մեզ տանում են դեպի դեգրադացիա, ինչը նրանց չի հաջողվելու: Չկա դատապարտումը, նշանակում է՝ դա լուռ համաձայնություն է տեղի ունեցողի հետ։ Դա պարզ խուլիգանություն չէ, խուլիգանության հոդվածն ունի երկրորդ մաս, որտեղ խոսվում է հատուկ ցինիզմով կատարվող խուլիգանության մասին: Այդ ինչո՞ւ է միայն մեկ մեղադրանք հնչեցվել, այն է՝ լրագրողական աշխատանքներին խոչընդոտելու»,- ասաց Ալավերդյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում «Հայելի» ակումբի դեմ կատարվածը։ Նա կարծում է, որ եթե իրավական պատշաճ գնահատական չտրվի, ապա վաղը կարող են զենքով էլ գնալ լրատվամիջոցներ։ «Եթե այդ անձինք ձվով են գնում, սպառնում կամ փորձում իրենց վրդովմունքը կամ դժգոհությունն արտահայտել, վաղը նույն ձեւով կարող են զենքով գնալ․ ես որեւէ տարբերություն չեմ տեսնում, թե նա ձվո՞վ է գնացել՝ իր վերաբերմունքն արտահայտել լրատվամիջոցի նկատմամբ, թե՞ զենքով է գնացել։ Եթե մենք սրա նկատմամբ լինենք անտարբեր եւ համարենք, որ սա նորմալ երեւույթ է եւ կարծիք արտահայտելու դրսեւորում, հետեւաբար, նույնկերպ զենքով կարող են գնալ եւ իրենց դժգոհությունն արտահայտել։ Անընդունելի է որեւէ իրավիճակում նման վարքագիծ դրսեւորելը՝ անկախ նրանից, թե կսիրենք այդ լրատվամիջոցը կամ չենք սիրի, կքննադատենք, թե չենք ուզենա հանդուրժել, բայց նման գռեհիկ, անընդունելի եղանակով արտահայտվել որեւէ մեդիայի նկատմամբ՝ ես անընդունելի եմ համարում»,- ասաց Դոյդոյանը։
Միջադեպի վերաբերյալ դատապարտող հայտարարություններով հանդես եկան նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ գրեց․ «Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, եւ յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»։

Նշենք, որ միջադեպի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ տվել բացատրություններ։