Ազատ են ուսումնական գործընթացը կազմակերպելու մեջ

Ազատ են ուսումնական գործընթացը կազմակերպելու մեջ

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական գործընթացը կազմակերպելու հարցում ազատ է թողել բուհերին եւ դպրոցներին։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով, իրենք չեն որոշում, թե ինչ ձեւով բուհերում կազմակերպվի կրթությունը, թեպետ հաճախ են բուհերն իրենց այդ հարցով դիմում․ «Ինքնավարությունն այդտեղ է երեւում, բուհերն իրենք են որոշում՝ ինչպես անել, բայց համաճարակի հետ կապված՝ պայման ենք դրել, որ կարող են անել ցանկացած ֆորմատի դաս՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր նորմերը, եթե ուսանող եւ դասախոս հարաբերություններում կա երկկողմանի ցանկություն։ Տարբեր բուհեր տարբեր մոտեցում են ընտրել, որեւիցե պարտադրանք չի կարող լինել այդ հարցում, որեւիցե մեկը չի կարող պարտադրել դասախոսին, որ նա գա եւ բուհում դասավանդի, որեւիցե մեկն էլ չի կարող ուսանողին պարտադրել, որ գա բուհ, որովհետեւ համաճարակային վիճակ է։ Բայց, հեռավար թե առկա, գործը պետք է արվի, թող դա բուհը որոշի, ընդ որում՝ բուհի տարբեր ֆակուլտետներում կարող են լինել տարբեր մոտեցումներ»։ 

Ինչ վերաբերում է հանրակրթական հաստատություններին, ապա, համավարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ մոտ երեք տասնյակ դպրոցներում դասերը ժամանակավորապես կազմակերպվում են հեռավար ձեւաչափով` մասնակի կամ ամբողջությամբ: Նախարարությունը յուրաքանչյուր շաբաթ մոնիթորինգ է իրականացնում, եւ ներկայացված թվերն անընդհատ փոխվում են` կախված վարակի տարածման ցուցանիշներից:

Համաձայն առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոնների՝ եթե որեւէ դպրոցում աշակերտների կամ ուսուցիչների շրջանում հայտնաբերվում է 10 տոկոս եւ ավելի վարակվածության ցուցանիշ, ապա տվյալ դպրոցը դիմում է լիազոր մարմնին` դասերը 14 օրով հեռավար կազմակերպելու համար: Լինում են նաեւ դեպքեր, երբ դպրոցը մասամբ, կոնկրետ մեկ կամ մի քանի դասարանով է անցնում հեռավար կրթության` հաշվի առնելով հայտնաբերված դեպքերի լոկալ բնույթը: