Նոր սկանդալ․ Արգենտինացիները հրահա՞նգ են ստացել խորվաթների դեմ սադրանքների համար

Նոր սկանդալ․ Արգենտինացիները հրահա՞նգ են ստացել խորվաթների դեմ սադրանքների համար

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Դեկտեմբերի 9-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Արգենտինայի հավաքականը ¼ եզրափակչում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ, որը դուրս թողեց պայքարից Բրազիլիայի ընտրանուն։ Վաղը կայանալու է ընթացիկ առաջնության առաջին կիսաեզրափակիչը։ Երևանի ժամանակով 23։00-ին Արգենտինայի հավաքականը կմրցի խորվաթների դեմ։

Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կայանալու է մյուս օրը՝ Ֆրանսիա-Մարոկկո։ Արգենտինա- Նիդելրլանդները հանդիպումը, ինչպես հայտնի է, անցնում էր չափից դուրս լարված պայքարում բոլոր առումներով, պարբերաբար բախումներ ու վիճաբանություններ էին լինում ֆուտբոլիստների միջև, նույնիսկ հարվածներ եղան։ Ինչպես արձանագրել են տեսախցիկները, կրքերը անգամ չեն հանդարտվել խաղից հետո ու վիճաբանությունները շարունակվել են անգամ հանդերձարանի ճանապարհին։ Լրագրողները ֆիքսել են, թե ինչպես է Մեսսին վիրավորել Նիդերլանդների հավաքականի խաղացող Վուտ Վեգհորստին։

Բախումները, հիշեցնենք, սկսվեցին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Պարադեսի ոչ ֆուտբոլային պահվածքից հետո, երբ ֆուտբոլիստը, շատերի պնդմամբ, դիտավորյալ հարվածեց մրցակցի պահեստայինների նստարանին։  Այդ ժամանակ, նշենք, Արգենտինան հաշվի մեջ առավելություն ուներ, ուստի կարծիք կա, թե Պարեդեսը դիտավորյալ սրեց իրավիճակը, որպեսզի ժամանակ ձգի, գործը լրացուցիչ ժամանակի չհասնի։

Ահա և ինչպես գրում են խորվաթական մարզական լրատվամիջոցները, Արգենտինայի հավաքականը հերթական սադրանքն է պատրաստել՝ այս անգամ խորվաթների համար։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստներից մի քանիսը իրենց ակումբային խաղընկերներին տեղեկացրել են, թե հստակ հրահանգ են ստացել սադրանքներ հրահրելու համար։

Sportske Novosti-ի տեղեկություններով՝ վիրավորանքներ հնարավոր է հնչեն խորվաթ ֆուտբոլիստների ընտանիքի անդամներին, որպեսզի չկարողանան կառավարել իրենց։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ Արգենտինայի հավաքականից հրահանգ է ստացել կոնկրետ երեք ֆուտբոլիստ, սակայն անուններ չեն նշվում։