Ադրբեջանը փորձում է յուրացնել Գոշավանքը, Պողոս-Պետրոս եկեղեցին եւ Ախթալայի վանքը
Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին եւ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այս մասին նախօրեին ահազանգեց «Թաթոյան հիմնադրամը»:
Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է՝ թուրքական սուլթանության տարածքում, եւ հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։
Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից եւ Թուրքիայից, 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը։
Հայաստանի զավթման ծրագրի կեղծիքների համաձայն՝ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին։ Իբր դա «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը՝ 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերվել եւ բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ․։
Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչեւ 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել։
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար «հարմար» պահի ագրեսիայի հիմքեր եւ չունի խաղաղության մտադրություններ: Ադրբեջանական այս քաղաքականությունն հայատյացություն ու թշնամանք է, որ պետք է վեր հանվի եւ ցույց տրվի աշխարհին: Այս քաղաքականությունն է նաեւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների ընթացքում նրանց վայրագությունների իրական պատճառը:
Կարծիքներ