«Զատիկի» նախկին սանը դանակահարել է տղային անվտանգության աշխատակցի ներկայությամբ. պատմում  է տնօրենը

«Զատիկի» նախկին սանը դանակահարել է տղային անվտանգության աշխատակցի ներկայությամբ. պատմում  է տնօրենը

Մայիսի մեկին, երեկոյան երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոնում տեղի ունեցած դանակահարության փաստով հետաքննությունն ավարտվել է: Քրեական գործ է հարուցվել  Ք.Օ. 112 հոդվածի, 1 մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին ոստիկանությունից: Դանակահարողը 19-ամյա Կարեն Առաքելյանն էր, որը նույն օրը ինքնախոստովանականով ներկայացել է ոստիկանություն: Հաջորդ օրը մեկ այլ սան գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է հիվանդանոց: Նա, ըստ ոստիկանության հաղորդման, նույնպես տուժել էր միջադեպից: 

«Զատիկի» տնօրեն Սիրանուշ Անտոնյանը, որն այս հաստատությունը ղեկավարում  է անցյալ տարվա հուլիսից, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դանակահարողը «Զատիկի» նախկին սաներից է եղել: Տնօրենի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

- Տիկին Անտոնյան, Դուք պարզեցի՞ք, թե ինչ է տեղի ունեցել: 

- Այդ երեխան, որը իրականացրել է դանակահարությունը, մեր նախկին սաներից է, իրավախախտ է եղել, խնդիրներ է ունեցել օրենքի հետ, գողություններ է իրականացրել, և այլն: Դանակահարությունների փորձեր նախկինում էլ է արել՝ ծնողի է հետևից, ուսից խփել, երեխայի ոտքի է խփել, աշխատակցի է խփել: Բայց բողոք չի եղել, և այդ դեպքերը հետևանք չեն ունեցել: 

- Նա նախկինում դատված չի՞ եղել: 

- Ոչ, գողությունների դեպքերով դեռ քննություն է իրականացվում: Մինչ այդ էլ նա իրավախախտ վարքագծի պատճառով հայտնվել է մեզ մոտ: Նա բարդ երեխա էր, հայրը սպանել է  նրա մորը: Հայրը ՔԿՀ-ում է, իրեն էլ տեղափոխել են մեզ մոտ, քանի որ նա մշտական բնակության վայր չի ունեցել: Այնպես է ստացվել, որ իմ պաշտոնի նշանակվելուց հետո ես օրինականացրել եմ նրա այստեղ մնալը ու որոշել եմ իր հետ աշխատանք տանել, որպեսզի նա շտկվի: Նրա մոտ ահագին դրական փոփոխություններ կային: Երբ նա արդեն չափահաս դարձավ, դուրս գրվեց «Զատիկից»: Մնում էր հորաքրոջ տանը, հետո մորաքրոջ տանը: Նա տուն ուներ մնալու: Ամեն դեպքում մենք փորձել ենք նրա համար աշխատանք գտնել: Նա պետք է գնար բանակ, բայց քանի որ նրա դեմ գործեր էին քննվում, նրան չզորակոչեցին: Իր համար շատ բաներ են արվել: 

- Փաստորեն, այդ տղայի մուտքը արդեն արգելվա՞ծ էր մանկատուն: 

- Այո: Նա գողություն էր արել իմ գալուց մեկ ամիս հետո: Գողացել էր մեքենայի խլացուցիչը: Դրանից հետո պահակային ծառայությունը փոխեցինք անվտանգության ծառայության, դոմոֆոն տեղադրեցինք, դռների վրա պլոմբներ են դրվել, իմ հրամաններով կարգավորվել են բոլորի պարտականությունները: Այդտեղ մինչ այդ նման կանոնակարգումներ չեն եղել: Անվտանգության աշխատակիցների պարտականություններում էլ կետ է մտցվել, որ անպայման օտար անձանց ինքնությունը ճշտեն, նրանց մուտքը  թույլ տան միայն տնօրերի թույլտվությամբ: Նաև որ արտակարգ դրության պայմաններում դրսից անձանց մուտքը արգելված է: Այդ տղայի հետ կապված հատուկ ցուցում էլ է  եղել: Հիմա թե ինքը ինչպես է համոզել անվտանգության աշխատակցին՝ վախացրել է, թե ինչ է արել, համոզել է, որ անվտանգության աշխատակիցը իրեն թույլ է տվել բարձրանալ վերև, և այդ աշխատակցի ներկայությամբ էլ, փաստորեն,ա այդ ցավալի դեպքը եղել է: Հիմա նրա հետ պայմանագիրը խզվում է: Աշխատակիցները՝ դայակներն ու մանկավարժները նկատողություններ են ստացել:  

-Իսկ վեճի պատճառն ի՞նչն է եղել: 

- Հազար ու մի վարկածներ են շրջում, բայց քանի որ քննություն է իրականացվում, ոստիկանությունը, քննչական մարմինները թող որոշեն: 

- Ճի՞շտ է, որ Դուք նախկինում աշխատել եք ոստիկանությունում: 

- Ավելի ճիշտ՝ ոստիկանությաւնը պատկանող երեխաների զարգացման կենտրոնում եմ աշխատել:

- Տիկին Անտոնյան, դեպքի հաջորդ օրը ևս մի երեխա է բացահայտվել վնասվածքներով: Ինչպե՞ս է դա պատահել: 

- Ոչ, այդպես չի եղել: Կասկածներ են եղել, որ կարող է, վնաս է հասցվել այդ երեխային, բայց հետո բժշկական փորձաքննությունը պարզել է, որ ոչ մի խնդիր չի եղել այդ երեխայի հետ: Ուղղակի, նա այնտեղ է եղել, որ իր ինքնազգացողությունը վատացել է, մենք էլ որոշեցինք դիմել շտապօգնություն: 

- Բայց մյուս օ՞րը որոշեցիք: Նա մյուս օրն է, չէ՞, տեղափոխվել: 

- Մյուս օրը մենք նրան շտապօգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց, որովհետև սրտխառնոց ուներ, բայց պարզվեց, որ ոչ մի բան չկար: 

Նկատենք, որ տնօրենի պատասխանը հակասում է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը, որը տարածվել էր մայիսի 7-ին: Այնտեղ ասված է. «Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կրկին մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված պատանու վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տուժածի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա։ Պարզվեց, որ նա վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ. ոստիկանություն ներկայացած երիտասարդն էր ոտքերով խփել ու մարմնական վնասվածք պատճառել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։