Գուցե պայքարել է այնպիսի մեքենայի դեմ, որի դեմ չէր կարող միայնակ լինել

Գուցե պայքարել է այնպիսի մեքենայի դեմ, որի դեմ չէր կարող միայնակ լինել

Ապրիլի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող Պատմության եւ հուշարձանների պահպանության, ինչպես նաեւ Մշակութային արժեքների պահպանության գործակալությունների կանոնադրությունն ու կառուցվածքը չեղյալ են համարվել: Իսկ ԿԳՄՍ նախարարության կանոնադրության մեջ, օրինակ, Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալությունը վերակազմակերպվել է որպես վարչություն։

Նախօրեին, մեզ հետ զրույցում, Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն իր մտահոգություններն էր շարադրել կառուցվածքային այս փոփոխության հետ կապված՝ նշելով, որ դա, ըստ էության, կանաչ լույս կվառի տարբեր ապօրինությունների համար եւ հետագայում կվտանգի հուշարձանների պահպանության հարցը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն առաջարկում է ուսումնասիրել, թե գործակալություն եղած ժամանակ ինչպիսի ապօրինություններ են եղել Հայաստանում։ «Այն ժամանակ, երբ կար գործակալությունը, կարծես թե ապօրինությունների պակաս չունեցանք, եւ դա անզեն աչքով էլ երեւում է»։ Թե ինչու գործակալությունն ու նախարարությունն իրար հետ լեզու չեն գտնում, ապա․ «Ես այն տպավորությունն եմ ստացել, որ պարոն Աբրոյանն իր գործակալությամբ նախարարությունից դուրս մի կառույց է, որը գրեթե համազոր է նախարարությանը, բայց այդպիսի բան չկա, նա ընդամենը նախարարության մի բջիջն է եղել։ Իսկ թե ինչու նա լեզու չի գտել, ես չեմ կարող ասել»։

Թե ինչու է գործակալությունը վերածվում վարչության, ապա դա, ըստ փոխնախարարի, արվում է օրենքով, եւ հիմա որեւէ նախարարություն, գերատեսչություն չի կարող ունենալ գործակալություն։ «Բոլոր գործակալությունները ստանում են այլ կարգավիճակներ։ Հիմա՝ այս պահին, ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են, եւ մենք նախարարության կազմում ունենք 2 գործակալություն, 2 գործակալություններն էլ վերափոխվում են, մեկը դառնում է վարչություն, մյուսը դառնում է վարչության բաժին, բայց որեւէ գործառույթ, որեւէ կանոնադրական կետ չի անտեսվում եւ չի պակասում։ Այստեղ պարզապես ստատուսի հարցն է։ Այդ մասով ես հասկանում եմ պարոն Աբրոյանին, նա գործակալության պետն էր, որն իր ստատուսով ավելի բարձր էր, քան վարչության պետը։ Ենթադրում եմ՝ սա է խնդիրը։ Նոր վարչության կանոնադրությունը հաստատված է, եւ քանի որ վարչապետի որոշմամբ էր վերակառուցումը տեղի ունեցել, ուրեմն կանոնադրությունները ոչ թե վարաչապետը կամ կառավարությունն է հաստատում, այլ տվյալ գերատեսչության ղեկավարը, այսինքն, մեր դեպքում՝ նախարարը։ Իսկ կանոնադրությունը նախարարության կայքում կա մայիսի 18-ից սկսած»։

Այն, որ նախարարությունը հանդես չի գալիս հուշարձանների պահպանության դիրքերից, եւ հուշարձանի շահը ստորադասվում է բիզնես շահին, Թուխիկյանն ասաց․ «Արմեն Աբրոյանը, որպես գործակալության պետ, պատասխանատու էր հուշարձանների համար, եւ ողջ պատասխանատվությունը նա է կրում։ Մենք՝ բոլորս, Երեւանում քայլելով տեսնում ենք, թե ինչեր են կատարվել քաղաքում, եւ այն ժառանգությունը, որ ստացել ենք, հիմա պիտի փորձենք եւ փորձում ենք ինչ-որ ձեւերով շտկել։ Սա շատ հին պատմություն է։ Ու երբ այն ժամանակ ավերվում էր ամեն ինչ, հատկապես՝ քաղաքի կենտրոնը, գործակալությունը կար, եթե գործակալությունն ընդվզել է ինչ-որ բաների դեմ ու արդյունքի չի հասել, չեմ կարող ասել, թե պատճառը որն է՝ արդյոք գործակալությո՞ւնն է թույլ եղել, թե՞ ճնշել են գործակալությանը»։

Ինչ վերաբերում է իր ոչ մասնագետ լինելուն, ապա․ «Այո, ես ճարտարապետ չեմ եւ այդ առումով մասնագետ չեմ, բայց այս ոլորտը ես եմ համակարգում։ Դրա համար կան մասնագիտական խմբեր, այսինքն՝ պարտադիր չէ, որ փոխնախարարը լինի ճարտարապետ։ Դրա համար այն ժամանակ կար գործակալություն, հիմա կլինի վարչություն, որի պատասխանատուն փոխնախարարի ու նախարարի, նաեւ քաղհասարակության հետ պետք է աշխատի հուշարձանների մասով։ Եվ, ընդհանրապես, որեւէ հարց՝ հուշարձաններին, պեղումներին, հնագիտությանը վերաբերող, լուծվում է մասնագիտական խորհուրդների կողմից, մենք ունենք գիտամեթոդական, միջգերատեսչական, փորձագիտական, հնագիտական խորհուրդ, որտեղ հավաքվում են պրոֆեսիոնալներ՝ ճարտարապետներ, պատմաբաններ, ինժեներներ, հնագետներ»։

Անդրադառնալով մեկ կետից ոլորտը կառավարելու Աբրոյանի դիտարկմանը, Թուխիկյանը նշեց․ «Պարոն Աբրոյանը թյուր պատկերացում է ունեցել իր գործունեության վերաբերյալ, որովհետեւ, գործակալության պետ լինելով, նա ենթակա էր նախարարությանը, այսինքն՝ նա նախարարության մի մասնիկն էր։ Նախկինում էլ, հիմա էլ՝ լինի դա գործակալություն, թե վարչություն, դա մեծ կառույցի մի մասն է, որն աշխատում է նույն քաղաքականության շրջանակներում։ Բայց, փաստորեն, ինքն իրեն դասել է որպես նախարարությունից դուրս առանձին մարմին»։   

Այն, որ գործակալության բոլոր ջանքերը, գնալով նախարարություն, մշտապես խափանվում են, փոխնախարարն ասաց․ «Եթե ինքն ի շահ հուշարձանի ինչ-որ բաներ է առաջարկել, որը չի անցել, ուրեմն հրաժարական պետք է տար։ Ես այդպես եմ նայում, որովհետեւ, եթե դու ակնհայտ աղավաղող հանցագործությունը տեսնում ես, եւ ուժդ չի պատում, ընդ որում, այո, ուժդ կարող է չպատել, ինչպես որ Փակ շուկայի կամ Աֆրիկյանների դեպքում եղավ, ուրեմն ինչո՞ւ ես մնում այդտեղ։ Ես այդպես եմ նայում հարցին եւ այդպես կանեմ, եթե գործը դրան հասնի։ Եթե դու պատասխանատու ես, եւ քո պատասխանատվության օրոք արվել են այս-այս բաները եւ բոլորիս աչքի առաջ, Հանրապետության հրապարակի հետեւում կառուցվել են զզվելի շենքեր, ավելի բարձր, քան կառավարության շենքն ու դրա հարակից շենքերը, եւ այնքան տկար ես եղել, որ չես կարողացել կանխել, հիմա բողոքն ինչի՞ համար է․․․ Ես հավատում եմ, որ ինքը պայքարել է, բայց պայքարել է այնպիսի մեքենայի դեմ, որի դեմ չէր կարող միայնակ լինել կամ միայն քաղհասարակության հետ։ Բայց դրանից հետո շարունակես նույն մեքենայի հետ գործարք անել․․․ չգիտեմ»։ Ի՞նչ նկատի ունի, ասելով՝ նույն մեքենայի հետ գործարք անել։ «Օրինակ, ես ասում եմ, որ չի կարելի Փակ շուկան այլանդակել, բայց ոչինչ չի անում, եւ այլանդակվում է, իսկ ես պատասխանատու եմ այդ կառույցի համար ու չեմ կարողանում ճշմարտությունը տեղ հասցնել կամ կասեցնել կառույցի ավերումը։ Հիմա ես ի՞նչ պետք է անեմ այդ ժամանակ՝ շարունակեմ աշխատե՞լ նույն մեքենայի մեջ, որը թույլ է տալիս կամ աչք է փակում դրա վրա, թե՞ դիմում եմ գրում եւ գնում եմ այնտեղ, որտեղ մաքրություն կա»,- խոսքը եզրափակեց Ն․ Թուխիկյանը։