Երկու օր է՝ կերթամ-կուգամ, հերթս չի հասնի․ անձնագիր ստանալը տարեցների համար փորձություն է

Երկու օր է՝ կերթամ-կուգամ, հերթս չի հասնի․ անձնագիր ստանալը տարեցների համար փորձություն է

Դեռ ամիսներ առաջ մամուլն ահազանգեց, որ անձնագրային և վիզաների վարչության Երևանի տարածքային ստորաբաժանումներում նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ են առաջացել` համապատասխան սարքերը նորմալ չեն աշխատում, առցանց հերթագրման համակարգն էլ վերացվել է։ Դրա հետևանքով մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել կամ «բախտը փորձում են» մարզային բաժիններում։ Այն, որ խնդիրը մայրաքաղաքում դեռևս առկա է, վկայում են անձնագրային բաժինների հերթերը, սակայն նույն հերթերն ու քաշքշուկները մարզերում են, եւ համայնքաբնակ քաղաքացիների համար նոր անձնագիր ստանալը կամ անձնագրի հետ առնչվող  որևէ գործարք անելը վերածվում է տանջալից մի պրոցեսի։ Շիրակի մարզի բնակիչներն են ահազանգել Hraparak.am-ին՝ ասելով, որ օրեր շարունակ տարեցները անձնագրային բաժանմունքներում հերթի են կանգնում, բայց օրվա ավարտին բացահայտում են, որ իրենց հերթն այդպես էլ չի հասել։ Բանն այն է, որ այժմ սպասարկումն իրականացվում  է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։

«Հերթագրվել, եկել եմ, հերթս մի ամիս հետո հասավ, հըմի երկու օր է՝ կերթամ-կուգամ, կըսեն կոդ պիտի եղնի քեզ եկած, էդ կոդդ ըստեղ լրացրու, չիդեմ՝ ինչ կոդ է, ուր պիտի եկած էղներ։Կըսեն՝ որ էդպես է, սպասի, օրվա վերջ, հերթդ հասավ-հասավ, երկու օր է՝ հերթս չի հասնի »,-նեղսրտած ասաց 74-ամյա գյումրեցի թոշակառու Սարգիս Վանիկյանը։

Թե ինչու տարեց քաղաքացու հերթը երկու օր է չի հասնում, անձնագրային բաժնի աշխատակցուհին բացատրում է․ «Պապին օնլայն գրանցվել է, քանի որ խնդրել է այլ անձ, որ իրեն գրանցի, կամ հետևողական չեն եղել, կամ չգիտեմ՝  հետադարձ կոդը չի ստացել, հիմա առանց դրա իր հերթը պարզելն անհնար է, ստիպված է սպասել այնքան, մինչև հերթագրվածներին ճանապարհենք, հետո իրենով զբաղվենք։Համաձայն եմ, սխալ է, տարեց մարդ է, ժամանակին տարեցների համար հատուկ պատուհան կար,սպասարկում էինք արտահերթ,  հիմա էդ ամենը հանվել է, գիտեք․․․, մեզանից ոչինչ կախված չէ, մարդիկ գալիս են՝ հստակ ժամի գրանցված, եթե իրենց չսպասարկենք ու զբաղվենք տարեցներով, պատկերացրեք՝ ինչ կլինի․․․ » ։ 

Նկատենք, որ Սարգիս Վանիկյանի նման՝ հերթից, գրանցումից ու կոդից անտեղյակ տարեց քաղաքացիների թիվը շատ է։ Մեկն ասում է՝ երկու ժամ է, ինչ սպասում է, մյուսը՝ չի հիշում, թե ժամը քանիսից է անձնագրային բաժանմունք մտել, միայն գիտի, որ անհույս սպասում է։«Անձնագիր ստանալը դարձրին կրակ, Ազատանից եմ հասել Գյումրի, առավոտից եկել եմ, օրն ավարտվում է», -ասաց տիկին Հասմիկը՝ զարմանալով, թե այդ ինչպես էր, որ նախկինում անձնագիր փոխել կամ ստանալը մեկ օր էր տևում, հիմա դարձել է գրեթե անհնար։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարից բարեփոխումներ մեկնարկեցին անձնագրային և վիզաների վարչությունում , նույն տարվա մայիսից էլ առցանց հերթագրման համակարգը ներդրվեց։

Այդ բարեփոխումների արդյունքում Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների ստորաբաժանումները կենտրոնացվել  են մեկ տեղում։ Ամասիայի ստորաբաժանումը միացել է Աշոցքին, Մարալիկը` Արթիկին, Ախուրյանինը՝ Գյումրիի Մուշի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանմանը։