Մինչև խոստացված ասուլիսը Սերժ Սարգսյանը նախ որևէ այլ ֆորմատով հանդես կգա․ Հովհաննես Օհանյան

Մինչև խոստացված ասուլիսը Սերժ Սարգսյանը նախ որևէ այլ ֆորմատով հանդես կգա․ Հովհաննես Օհանյան

ՀՀԿ-ն սկսել է մարզային այցելությունների շարք՝ տեղում հանդիպելու իր տարածքային կառույցների հետ, հասկանալու՝ ինչ իրավիճակ է, ինչ ունեն անցած իշխանափոխությունից հետո։ Երեկ, օրինակ, ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ու նախորդ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այցելել էին Չարենցավան, որտեղ ՀՀԿ-ն տարածքային գրասենյակ ունի, ղեկավարը Հովհաննես Օհանյանն է, որը վերջին ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Չարենցավանում առաջադրվել էր որպես ռեյտինգային թեկնածու։ Hraparak.am-ն այս թեմայով զրուցեց Հովհաննես Օհանյանի հետ՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի ակտիվացումը մարզերում և ինչ պլաններ ունի կուսակցությունն, առհասարակ։

-Պարոն Օհանյան, ի՞նչ նպատակով էին ՀՀԿ վերնախավից երեկ այցելել Չարենցավան, ի՞նչ հանդիպում եք ունեցել, ի՞նչ եք քննարկել։

-Ուզում եմ նշել, որ սա առաջին հանդիպումը չէր Չարենցավանում, այս տարի ևս մեկ հանդիպում է եղել, սովորական աշխատանքային, կուսակցական գործընթաց է, իրենք են այցելում, մենք ենք այցելում կենտրոնական գրասենյակ, հավաքների, քննարկում ենք կուսակցական խնդիրներ, հարցեր, մեր տարածքում առկա խնդիրներն ենք բարձրաձայնում։

-Երեկվա հանդիպմանը, օրինակ, ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել։

-Դե,բնական է, այսօր ամենակարևոր հարցերից մեկը համավարակի դեմ պայքարն է, որը երեկ բարձրացրել ենք մեր հանդիպման ժամանակ, որ պետք է որևէ կերպ աջակցություն ցուցաբերենք համավարակից տուժած քաղաքացիներին, չնայած՝ Չարենցավանի մեր շրջանային կառույցը պարբերաբար հայտարարություններով հանդես է եկել, պարբերաբար մեր օգնությունն ու աջակցությունը միշտ առաջարկել ենք։

-Միայն առաջարկե՞լ եք, թե՞ նաև ցուցաբերել եք, ու ի՞նչ օգնության մասին է խոսքը։

-Տարբեր տեսակի՝ մենք սիստեմատիկ զանգահարում ենք քաղաքացիներին, այցելություններ, խորհրդատվություններ ենք կազմակերպում մեր գրասենյակում, տարբեր հարցերով օգնության ձեռք ենք մեկնել այս ընթացքում, այդ թվում՝ նյութական օգնություն։

-ՀՀԿ-ն որոշել է ակտիվանա՞լ այս փուլում, դրա՞ն են միտված այս մարզային այցելությունները։

-Ես նման բան չեմ ասի, որ ՀՀԿ-ն այս փուլում է որոշել ակտիվանալ, ինձ թվում է՝ իշխանափոխությունից հետո չի եղել մի ընթացք, որ ՀՀԿ-ն ակտիվ չի եղել, միշտ էլ ՀՀԿ-ն իր ակտիվությունը ցուցաբերել է՝ թե՛ հանրային խոսքում, թե՛ հասարակական կյանքում, թե՛ հենց զուտ ներկուսակցական կազմակերպչական հարցերում։

-Շա՞տ են նոսրացել կուսակցության շարքերը Ձեր նշած իշխանափոխությունից հետո, այդ թվում՝ Չարենցավանում շա՞տ են եղել կուսակցությունից դուրս եկողները։

-Շատ ու քիչը մի քիչ հարաբերական հասկացություն է, դուրս եկողներ եղել են, բայց դա հիմա չեմ կարող գնահատել շատ, որովհետև դրա հետ մեկտեղ մենք ունեցել ենք և այսօր էլ ունենք համալրումներ։ Ցուցակները, իհարկե, բավականին կրճատվել են, մենք ենք բավականին շատ մարդկանց հեռացրել կուսակցությունից։

-Երբ ասում եք՝ ՀՀԿ-ն միշտ էլ ակտիվ է եղել, Աշոտյանի ու Շարմազանովի՞ ակտիվությունը նկատի ունեք, քանի որ ձեր կուսակցության նախագահը ակտիվություն չի ցուցաբերում, միտինգներ, ակցիաներ չեք անում․․․

-Միտինգներ չենք անում, որովհետև ինձ թվում է՝ այս փուլում միտինգների անհրաժեշտություն երևի դեռ չկա, ես չեմ կարող այդ մասով բան ասել, բայց որ կարիքը լինի, ես վստահ եմ՝ կարող ենք նաև բազմամարդ միտինգներ էլ անել։ Ինչ վերաբերում է նախագահի ակտիվությանը, ես Ձեզ ասեմ, որ կուսակցությունն իր դիրքորոշումները հայտնելիս, բնականաբար, քննարկում է այդ ամենը նախագահի հետ, և կուսակցության դիրքորոշումը, բնականաբար, նաև նախագահի դիրքորոշումն է։ Նույն Աշոտյանի, Շարմազանովի, մյուսների, որ շեշտում եք, բոլորի խոսքի մեջ էլ կուսակցության դիրքորոշումն է արտահայտվում, որի մեջ մտնում է նաև նախագահը։ Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հանրային խոսքի առումով այդքան ակտիվություն չի ցուցաբերում, բայց բոլոր կուսակցական հայտարարությունները, բնականաբար, նաև նախագահի դիրքորոշումն են արտահայտում։ 

-Ի դեպ, ե՞րբ է խոսելու Սերժ Սարգսյանը, վերջին անգամ ԱԺ-ում լրագրողներին խոստացավ, որ շուտով բաց և անկեղծ կխոսի և բոլոր հարցերին կպատասխանի։

-Ինչպես հայտարարել է պարոն նախագահը, հենց ավարտվի արտակարգ իրավիճակը, ինքը կհրավիրի մամուլի ասուլիս։ Կարծում եմ՝ այս արտակարգ իրավիճակի երկարաձգմամբ է պայմանավորված, որ նախագահը դեռ հանրային խոսքով հանդես չի գալիս։ Բայց, մինչև խոստացված մամուլի ասուլիսը, ինձ թվում է՝ շուտով Սերժ Սարգսյանը նախ որևէ այլ ֆորմատով հանդես կգա։

-Իսկ ինչո՞ւ «Սերժի ժամանակ» Սերժ Սարգսյանը չէր խոսում, այդպես բաց ու անկեղծ ֆորմատով հանդես չէր գալիս, չէր շփվում հանրության, լրագրողների հետ, ինչը շատ էր քննադատվում։

-Ինձ թվում է, որ դա բնավորության տեսակ է, մարդու տեսակն է այդպիսին։ Ես էլ, օրինակ, հանրային խոսքի առումով, հաճախ հրապարակային հանդես գալու առումով այդքան ակտիվ չեմ, սեր չունեմ, չնայած որ դա էլ է կարևոր։ Կարծում եմ՝ պետք է մարդու աշխատանքը գնահատել գործով, ոչ թե խոսքով։ Շատերն էլ գեղեցիկ խոսում են, բայց տակը ոչ մի նյութ չկա։ Առաջ էլ, երբ կարիքը լինում էր հանրության առջև խոսելու, Սերժ Սարգսյանը երբեք էլ չի խուսափել դրանից, նա բազմիցս հանրային խոսքով հանդես է եկել, իր տեսակետն արտահայտել է։ Պարզապես նա, ինչպես այսօր մոդայիկ է դարձել, ամենօրյա լայվերի և «օնլայն» շփման կողմնակից չի եղել, բայց նա միշտ էլ արտահայտվել է, իր խոսքը, ըստ անհրաժետության, տեղ հասցրել է։ 

-Որպես մարզային կառույցի ղեկավար՝ ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն այսօր ի՞նչ ռեյտինգ ունի մարզերում։

-Ռեյտինգի մասով կդժվարանամ ասել, միայն կարող եմ ասել, որ այսօր ովքեր համալրում են մեր կուսակցության շարքերը, նրանք իրոք գաղափարակից, նվիրյալ կուսակցականներ են։ Բայց ինձ թվում է, որ ՀՀԿ-ն այսօր բավականին բարձր ռեյտինգ ունի թե՛ մարզերում, և թե՛ մայրաքաղաքում, և թե՛ ընդդիմադիր դաշտում։

-Ժամանակին 70-80 տոկոս «խփող» կուսակցությունը վերջին ընտրություններին 5 տոկոսի շեմն անգամ չհաղթահարեց։ Եթե ասում եք, բարձր ռեյտինգ ունի, ապա վաղը, եթե ընտրություն լինի, ըստ Ձեզ, կկարողանա՞ք անցնել խորհրդարան և քանի՞ տոկոսով։

-Հաշվարկ չունենք, իհարկե, կդժվարանամ հիմա հստակ պատասխանել այդ հարցին, բայց ես հստակ կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտում իր ուրույն, ես կասեի՝ առանցքային տեղը զբաղեցնում է։ Եվ, որ խոսում եք ռեյտինգից, ուզում եմ նկատել, որ երկու տարի առաջ նույն «Իմ քայլը» դաշինքը, որ 70 տոկոսից ավելի ռեյտինգ ուներ, ես վստահ եմ, ինչպես նաև շատերն են վստահ, որ այսօր նրանք էլ այդ ռեյտինգը չունեն։ Եթե այսօր ընտրություն լինի, կարծում եմ, 10-15 տոկոսի շեմը դժվար անցնեն։